ՃԱՆԱՊԱՐՀԸ ՔՈ ԸՆԹԱՑՈՂ ԽԱԲԿԱՆՔՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ ԳՄ երեկվա նիստում որոշվել է ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս որոշումն, իհարկե, միանգամայն սպասելի էր, պարզապես երեկ այն հաստատվեց պաշտոնապես:
Դեռ 2014 թվականից Սերժ Սարգսյանը հետեւողականորեն աշխատել է, որպեսզի նախագահի պաշտոնում լիազորությունների ավարտից հետո ապահովի իր անձնական իշխանավարման շարունակականությունը: Հենց այդ նպատակով էլ նա նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը. սկզբում քաղաքական բռնությունների, իսկ 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի օրը համատարած ընտրակեղծիքների արդյունքում պարտադրվեց երկրի մայր օրենքը, համաձայն որի` պետության փաստացի ղեկավարն այսուհետ լինելու է վարչապետը: Հիմա Սերժ Սարգսյանը շարունակելու է երկիրը ղեկավարել երրորդ ժամկետում, բայց այս անգամ արդեն անժամկետ. Սահմանադրությունը վարչապետի պաշտոնում նույն անձին առաջադրելու ժամկետային սահմանափակում չի նախատեսում: Եւ հիմա այս ամենի արդյունքում, ինչպես իր զեկույցում երեկ նկատել է միջազգային իրավապաշտպան «Ֆրիդոմ հաուս» կազմակերպությունը. «Հայաստանը կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն է»: Միայն թե, արձանագրենք. ժողովրդավարական արժեքներ դավանող Եվրոպան աչք է փակում Հայաստանում արմատացող ավտորիտարիզմի հանդեպ` փորձելով չնկատելու տալ իշխանությունների արածը: Թե ինչո՞ւ են եվրոպացիներն աչք փակում Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության վրա` հանդուրժելով այս ամենը, պարզ չէ:
Հ.Գ. Ի դեպ, մինչ ՀՀԿ-ականները կհայտարարեին պետության «առաջին դեմքի» պաշտոնում Սերժ Սարգսյանին առաջադրելու մասին, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում ավելի քան 86 տոկոս քվեով ընտրվել է Իլհամ Ալիեւը:

 

 

 

ՀՀ վերահսկիչ պալատը լրջագույն չարաշահումներ է բացահայտել Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՎՊ բացահայտումները հիմնականում վերաբերվում են հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով ապահովելու գործընթացի հետ: Օրինակ` որեւէ ընթացակարգով հստակեցված չէ, թե որ շահառուն պետք է ստանա գերմանական եւ որը տեղական հումքով պատրաստված միեւնույն պարագան, ինչը ստեղծում է անհավասար պայմաններ, իր մեջ պարունակում կամայական մոտեցման ռիսկեր: Նաեւ լրջագույն անհամապատասխանություններ են բացահայտվել պրոթեզաօրթոպեդիկ պարագաների ներկրման թվերի հետ կապված: Այս նախարարությունում եւ դրա ենթակայության տակ գործող կառույցներում ՎՊ բացահայտումներն առաջինը չէին. ավելի վաղ իրավապահ կառույցներն էին հայտնաբերել կոռուպցիոն դրսեւորումներ, ֆինանսական միջոցների յուրացումներ ու վատնումներ: Եւ չնայած այս ամենին` նախարար Արտեմ Ասատրյանն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել:

 

 

 

Մարդու իրավունքների պաշտպանն օրերս հրապարակեց, միաժամանակ ԱԺ ուղարկեց 2017թ. տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձ կար ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմարկներում տիրող իրավիճակին: Միայն թե, ինչպես պարզել է «Ժողովուրդ» օրաթերթը, ՄԻՊ Արման Թաթոյանը բավական մեղմ է մոտեցել այս թեմային: Պատճառը դժվար չէ ենթադրել. Թաթոյանը նախկինում եղել է արդարադատության փոխնախարար, ու հավանաբար, այդ պատճառով փորձել է անհարմար վիճակից զերծ պահել իր նախկին գործընկերներին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ ՄԻՊ զեկույցի մասին նշել է, թե իրենք հիմա ուսումնասիրություններ են կատարում: «Բարձրացված խնդիրները մասամբ կիսում եմ: Հիմա ուսումնասիրության փուլում է, կարձագանքենք»,- նշել է նա` հավելելով, թե նաեւ կոնկրետ քայլեր են անելու այդ ոլորտում:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Սպայկա» ընկերությունը, պատրաստվում է հիմա էլ մտնել կաթնարտադրության ոլորտ` այնտեղ փորձելով հաստատել մենաշնորհ: Այս ընկերությունը զբաղվում գյուղմթերքի մթերմամբ եւ արտահանմամբ, վերջին տարիներին՝ նաեւ լոլիկի եւ վարունգի մշակմամբ: Ընդ որում, «Սպայկան» գործում է վերահսկողությունից դուրս: Հիմա էլ նրանք դիմել են ՀՀ բնապահպանության նախարարություն` կաթնամթերքի գործարանի եւ 20 եւ 30 հա ջերմոցային համալիրների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ: Ստացվում է, որ ընկերությունը կրկնակի ընդլայնում է ջերմոցային տնտեսության ծավալները, նաեւ նոր արտադրություն հիմնում, եւ դա ի հաշիվ գյուղացիների եւ մյուս տնտեսվարողների:

 

 

 

ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՌԱՋ
Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցների հետեւանքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին. միջազգային բորսայում ռուսական ռուբլին սկսել է մեծ տեմպերով գահավիժել: Սա նշանակում է, որ ֆինանսական շուկայում արդեն մի քանի օր շարունակվող ցնցումների արդյունքում ռուսական տնտեսությանը կրկին դժվարին ժամանակներ են սպասվում: Բնականաբար, այդ ամենն իր բացասական ազդեցությունը կունենա Հայաստանի տնտեսության վրա: Նախ՝ մեր երկրի տնտեսությունը վաղուց ի վեր կորցրել է արտաքին բացասական ազդակներին դիմագրավելու ունակությունը. այսօր պարզապես չունենք իմունիտետ: Բացի այդ` ՀՀ տնտեսությունը առավել քան կախված է ռուսական տնտեսությունից` անմիջապես կլանելով այնտեղ կատարվող բացասական ամեն քայլ: Այդպես էր մինչեւ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցումը (երբ 2014թ. ուկրաինական ճգնաժամի հետեւանքով Արեւմուտքը ՌԴ-ի նկատմամբ կրկին պատժամիջոցներ էր կիրառել), իսկ հիմա, երբ Հայաստանը տնտեսական այդ միավորման անդամ է, իրավիճակն ավելի է սրվել:
Այսքանից հետո թվում էր՝ ՀՀ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի` սպասվող վտանգները չեզոքացնելու համար (ի վերջո, նաեւ հաշվի առնելով նախկինի փորձը): Բայց արի ու տես, որ, ընդհակառակը, իշխանությունները ոչ միայն դասեր չեն քաղել կատարվածից, այլեւ փորձում են հասարակությանը համոզել, թե ոչինչ էլ չի լինի: Ճիշտ եւ ճիշտ 2008-2009թթ համաշխարհային ճգնաժամի օրերի նման, երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը համոզում էր, թե այն կշրջանցի ՀՀ-ն, բայց արդյունքում ունեցանք 14 տոկոս անկում:
Հիմա ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար էմիլ Տարասյանը հայտարարել է, թե մտահոգության հիմքեր չեն տեսնում (նախարար Կարայանի մասին խոսելն անիմաստ է. նա վաղուց անցել է ընդհատակ): Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն էլ ԱԺ-ում փորձել է «դմփոց ռեֆորմների» համատեքստում տնտեսական աճի մասին հեքիաթը պատմել` ասելով, թե 2017թ-ին 7,5% տնտեսական աճ են ապահովել, հետո հավելել է, թե. «Այս տարի 4,5% տնտեսական աճ ենք կանխատեսել։ Եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, կանխատեսում ենք դրանից բարձր թիվ եւ գալու ենք նրան, որ յուրաքանչյուր քաղաքացի իր վրա զգալու է»:
Բայց արի ու տես, որ իշխանություններին դառը հիասթափություն է սպասվում. ՀՀ-ն կանգնած է ֆորսմաժորային վիճակի վտանգի առաջ, եւ պետք են լուրջ քայլեր, այլ ոչ թե շոուներ: Այնինչ` կառավարության ներկայացուցիչների պահվածքը վկայում է այն մասին, որ նրանք պարզապես չեն գիտակցում իրավիճակի լրջությունը կամ չեն ուզում գիտակցել: Այլապես շոուների փոխարեն քայլեր կանեին:




Լրահոս