ԵՐԿՈՒ ԿԱՄ ՏԱՍԸ ՀՈՒԶՎԱԾ ԿԱՐՈՂԱ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, վերջնականապես հաստատվեց եւ հայտարարվեց, որ վարչապետի թեկնածուի պաշտոնում նրանք առաջադրելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Արդեն իսկ հայտնի է, որ նրա վարչապետի թեկնածությանը դեմ է քվեարկելու «Ելք» խմբակցությունը: Իսկ մյուս ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցությունը Սերժ Սարգսյանին կողմ կամ դեմ քվեարկելու հարցը որոշելու է շաբաթվա վերջին՝ խմբակցության նիստի ժամանակ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ընդհանուր առմամբ, կարելի է ասել, դրական գնահատեց Սերժ Սարգսյանի նախագահության 10-ը տարիները:

-Պարո՛ն Բոստանջյան, այսօր (երեկ-խմբ.) վերջնականապես հաստատվեց, որ ՀՀԿ-ի թեկնածուն վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանն է: Դուք ինչպե՞ս եք գնահատում նրա նախագահության 10-ը տարիները:
-Գագիկ Ծառուկյանը վերջերս հանդես եկավ հեղինակավոր հրատարակչությունում եւ ներկայացրեց տնտեսական զարգացման իր նոր մոդելը: Այնտեղ առաջարկվում է մտցնել տնտեսության ձեւավորման խնդիր, որն այս պահին չկա, եւ, բնականաբար, հիմնական ուղղությունն այն է, որ ընդհանրապես անջրպետ հասարակության եւ իշխանության մեջ չպետք է լինի: Դա ենթադրում է քաղաքականության ուժեղացում, փոքր եւ միջին բիզնեսի զարգացում, նաեւ սոցիալական վիճակին նպաստող եւ ներգաղթ ապահովող միջոցառումների իրականացում՛: Այն, ինչ-որ ես ասեցի, այդ առումով մեզ չի հաջողվել նախորդ տարիների ընթացքում հասնենք հաջողության: Սակայն հուսադրող է 7.5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, որը որքան էլ ներառական չէ, այսինքն՝ հասարակությունն իր մաշկի վրա չի զգում, եւ բնական է՝ այդպես էլ պետք է լիներ, պայմանավորված այն հանգամանքով, որ փոքր շրջանառության պայմաններում որքան էլ մեծ տնտեսական աճ մենք այս պահին գրանցենք, կուտակված, խոցելի պահերն այնքան շատ են, որ դրանք անմիջականորեն դրական ազդում են` դրական տեղաշարժերը ֆիքսելու վրա: Այդ մասին կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց նաեւ վարչապետի պաշտոնակատարը:
-Այսինքն` ընդհանուր առմամբ դրակա՞ն եք գնահատում Սերժ Սարգսյանի գործունեությունը:
-Կարող եմ ընդհանուր դրական գնահատել, չեմ կարող բացասական գնահատել, որովհետեւ անվտանգությունն այսպիսի դժվար, հակասական զարգացումների պայմաններում պահպանվել է, ապահովվել է, իսկ տնտեսական առաջընթացի համար գոնե պետք է չուրանանք, որ որոշակի նախադրյալներ ստեղծվել են: Կարեւորն այն է, որ դա շարունակական բնույթ կրի, իսկ ընդհանուր առմամբ, ես մնում եմ այն համոզմանը, որ պարոն Ծառուկյանի կողմից առաջադրված են նոր տնտեսական մոդելի ձեւավորման հրամայականը, իսկ որպես դրա իրականացման ուղղակի ճանապարհ` այն կետերն են, որոնք մենք հռչակեցինք նախընտրական մեր ծրագրում:
-Խոսեցիք անվտանգության ապահովման մասին, ապրիլյան պատերազմն ու 800 հեկտարի կորուստը հակառակի՞ մասին չի վկայում:
-Այդքան մաքսիմալիստ չպետք է լինել եւ չպետք է խոսել այդպիսի դիտակետից, որ երբեւիցե որեւէ հարցում չպետք է ունենալ խոցելիություն կամ դժվարություն: Բայց տեսեք, որ մենք աշխարհաքաղաքական առումով գտնվում ենք սարսափելի, հակասական մի տարածքում: Իհարկե, քառօրյա պատերազմը շատ վատ էր, բայց դա նախանշան, ազդանշան հանդիսացավ, որ մենք ավելի գոտիներս ձգենք, ավելի լրջորեն մոտենանք հարցերին: Իհարկե, հասկանում եմ, որ դա վատ էր, շատ վատ էր, մենք կյանքերից զրկվեցինք, մեր անվտանգությունը խոցեցին որոշակի, բայց բոլոր դեպքերում այս հակասական ու դժվարին իրավիճակում երեւի թե դրանից զերծ մնալն անհնարին մի բան էր:
-Եթե որոշեք, որ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ պետք է քվեարկի Սերժ Սարգսյանին, դա չի՞ նշանակում, որ կորցնում եք Ձեր ընդդիմադիր կեցվածքը:
-Մենք երբ քննարկում կանենք, կոլեգիալության արդյունքում ձեւավորվում է այն վերջնական կարծիքը, որով հանդես ենք գալիս: Այս պահին սրա վերաբերյալ որեւէ քննարկում չենք արել, դրա համար եմ ասում՝ մինչեւ շաբաթվա վերջ բնականաբար պետք է պատրաստ լինենք, իսկ պատրաստ լինելու համար ենթադրվում է բոլորի կողմից գնահատում, իմաստավորում այդ պրոցեսներին:
-Բայց չե՞ք կորցնի ձեր ընդդիմադիր կեցվածքը: Արմեն Սարգսյանին կողմ քվեարկելը եւս քննադատվեց:
-Ո՞ւմ կողմից քննադատվեց: Ենթադրենք` մեկ, երկու կամ տասը հուզվածներ կարողա պատահի` գնահատականներ տա, բայց երկրի խնդիրները լուծելու առումով արդյո՞ք մենք պետք է առաջնորդվենք դրանցով: Եթե ինչ-որ բան որոշվի, դա նշանակում է` բազմաթիվ մարդկանց գնահատականի արդյունքը կլինի, որն ավելի արժեքավոր է, քան ինչ-որ մարդկանց կարծիքները:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՀՀԿ-ԱԿԱՆ ՏԻԿՆՈՋ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ Ազգային ժողովը 95 կողմ ձայներով միաձայն ընդունեց Հայաստանի Հանրապետության` մի կողմից` Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների, մյուս կողմից` համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ուշագրավն այն է, որ մինչ քվեարկությունը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտնեց, թե ԱԺ պատգամավոր, ոչ վաղ անցյալում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը գործուղման մեջ է, եւ բացելով ծրարը` հայտարարեց, որ նա կողմ է քվեարկել նախագծին:
Միայն թե տեղի ունեցածի մեջ բավականին մութ կետեր կան: Բանն այն է, որ ըստ ԱԺ պաշտոնական կայքի` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 12-13-ը կլինի Սանկտ Պետերբուրգում` մասնակցելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 47-րդ լիագումար, տնտեսական եւ ֆինանսների հարցերով, քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ երիտասարդական ՄԽՎ նիստերին: Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը, Ռոմիկ Մանուկյանը եւ Միհրան Հակոբյանը:
Ուստի այստեղ հարց է առաջանում` ինչպե՞ս է Հերմինե Նաղդալյանը մեկնել գործուղման, եթե նա այսօր ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հետ մեկնելու է Պետերբուրգ: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը այսօր երեկոյան կգնա Պետերբուրգ: Ասել է, թե Հերմինե Նաղդալյանը կարող էր առավոտյան մասնակցել համաձայնագրի քվեարկությանը, սակայն նախընտրել է «գործից թռնել»` հայտնելով, թե իբր գործուղման մեջ է: Ասել է, թե ՀՀԿ-ական տիկինը երեկ որոշել էր պարզապես խաբել: Նաղդալյանի սուտը «բռնող» մի փաստ էլ կա. նախօրեին նա եղել է ԱԺ-ում, մասնակցել քվեարկություններին, իսկ երեկ անհետացել: Հետեւաբար նա չէր կարող մինչ այդ մեկ այլ գործուղման մեկնած լիներ: Իհարկե, չի բացառվում, որ ՀՀԿ-ական տիկինը գործուղման մեկնել է պատվիրակությունից առանձին՝ ավելի շուտ ժամի, որպեսզի վայելի պետերբուրգյան գեղեցկությունը: Եթե այդպես է, ապա այդ ամենը որեւէ լավ բան չի ասում Նաղդալյանի մասին, որն աշխատանքը զոհաբերում է իր հաճույքների համար:
Այս իրավիճակում առավել զարմանալի է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պահվածքը, որ նա, մեղմ ասած, կոծկել է Հերմինե Նաղդալյանի ուր լինելը` մասնակից դառնալով կեղծիքի: Համաձայնեք` կատարվածը պատիվ չի բերում Բաբլոյանին եւ հիմք է տալիս ենթադրելու, որ ԱԺ նախագահը ԱԺ նախկին փոխնախագահի ձեռքին խաղալիք է դարձել:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց կապ հաստատել Հերմինե Նաղդալյանի հետ, սակայն վերջինիս հետ կապ հաստատել չհաջողվեց:
Մինչ այդ, հիշեցնենք, ՀՀԿ-ական տիկինը պարբերաբար նման պատմությունների կիզակետում է հայտնվում. տարեսկզբին էլ բացահայտվել էր, որ նա հեռախոսով ռոումինգ ծառայությունից օգտվելով` այնքան շատ էր խոսել, որ կուտակել էր ավելի քանի 3.2 մլն դրամի պարտք, եւ գումարը մարվել էր ՀՀ պետական բյուջեի միջոցներից: Բայց ՀՀԿ-ական տիկինը շտապել էր արդարանալ, թե ինքը չի խոսել, այլ հեռախոսը փչացած է եղել, ու ինքը չի նկատել, թե ինչպես է ինտերնետի 3G ցանցը միացել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ Է
Այսօրվանից ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքը, որի համաձայն` կառավարության նիստերը դռնփակ են անցկացվելու: Հետաքրքիր է՝ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր կօգտվի դռնփակ նիստ անցկացնելու հնարավորությունից, թե դա կանի Սերժ Սարգսյանը, ում համար էլ ըստ էության փոփոխվեց օրենքը:
Իսկ մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկն էլ վերաբերում է «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Այս նախագծով նախատեսվում է վարչապետի որոշմամբ ստեղծել բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որն առաջարկություններ է ներկայացնելու լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ: Նախագծով սահմանվում է, թե որ ծրագրերն են որակվելու որպես բերագործություն եւ որոնք` որպես հարկային արտոնություններ ստացող: Այսինքն` ամեն անձ, ըստ էության, չի կարող հայտարարել, թե ինքը բարեգործություն է կատարել: Հստակեցվում է, որ բարեգործություն չի համարվելու շահառություն ենթադրող, կուսակցություններին եւ առեւտրային կազմակերպություններին դրամական եւ այլ միջոցների հատկացումը, բարեգործություն են համարվելու միայն այն ծրագրերը, որ իրականացվում են այլ պետությունների, դրանց դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների եւ առանձին բարերարների կողմից: Ասել է, թե եւս մեկ լծակ ապագա վարչապետին:

 

 

ՀԱՄԱՐԵԼ ՄԱՍՆԱԿՑԱԾ
Զինգրքույկներում պաշտպանության նախարարության կողմից համապատասխան գրառումներ չկատարելու հարցով դատական հայցերը շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրերս դատարան է դիմել նախկին զինծառայող Աղվան Ադիլխանյանը՝ պահանջելով ստիպել ՊՆ-ին զինվորական գրքույկում կատարի համապատասխան գրառումներ: Ադիլխանյանը, լինելով ժամկետային զինծառայող, մասնակցել է պաշտպանական շրջանի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական գործողությունները հայտնաբերելու եւ կասեցնելու մարտական գործողություններին, սակայն ՊՆ-ն զինվորական գրքույկի 7-րդ էջի 16-րդ կետում գրառել է, որ «Չի մասնակցել մարտական գործողությունների», ուստի դիմելով դատարան` ժամկետային զինծառայողը պահանջում է, որ վրիպակն ուղղեն եւ համապատասխան էջում «Մասնակցել է մարտական գործողություններին» գրառումը պարտավորեցնեն կատարել:




Լրահոս