ԿԱՆԱՉ-ԴԵՂԻՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ԱԺ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը երեկ իսկական հրավառություն էին կազմակերպել նիստերի դահլիճում: ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով` Արարատ Միրզոյանը տեղեկացրեց ապրիլի 13-ին կայանալիք իրենց ակցիայի մասին, որից հետո դահլիճում իր մոտ եղած գունավոր ճայթուկով իսկական հրավառություն կազմակերպեց, որին միացավ նաեւ իր գործընկեր Լենա Նազարյանը:

Ինչպես հայտնի է` մարտի 31-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները սկսել են «Իմ քայլը» շարժումը եւ Գյումրի քաղաքից այս օրերին ոտքով շրջել են մի քանի քաղաքներում, իսկ ապրիլի 13-ին էլ Երեւանի Ազատության հրապարակում պետք է անցկացնեն իրենց հիմնական հանրահավաքը, որից հետո` մինչեւ ապրիլի 17-ը, դրանք շուրջօրյա են լինելու: Երեկ խորհրդարանում տեղի ունեցածը հենց այդ շարժման բաղկացուցիչ մասն էր:
«Ակցիայի իմաստը հետեւյալն էր` մարդկանց կոչ անելու գալ Ազատության հրապարակ, որ շատ իրատեսական հնարավորություն կա պրծնելու այն ամեն ինչից, որ մենք ապրում ենք, մասնավորապես ՀՀԿ-ի արատավոր իշխանությունից եւ Սերժ Սարգսյանից: Այս ուղերձը հասարակությանն էր ուղղված», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Նա սակայն չմանրամասնեց` հետագայում հնարավո՞ր է` նման ակցիաներ կրկին տեղի ունենան, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները բազմաթիվ քայլեր եւ սցենարներ են մշակել, որոնց միջոցով պետք է շարունակեն իրենց ակցիան: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանություններին մոտ ժամանակներս իսկապես բազմաթիվ անակնկալներ են սպասվում, եւ երեկ տեղի ունեցածը միակը չէր: Երեկ ՀՀԿ-ականներն իսկապես զարմացել էին ընդդիմադիր պատգամավորների պահվածքից, նման ձեւ էին արձագանքել նաեւ «Ելք» խմբակցության մյուս անդամները: Նրանցից ոչ ոք չէր սպասում, որ իրենց գործընկերները կարող էին նման բան անել: Ավելին` սա զարմացրել ու դուր չէր եկել նաեւ «Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին, որոնք ինչպես հայտնի է` ՔՊ-ի հետ գտնվելով մեկ դաշինքում` լուրջ տարաձայնություններ ունեն Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի՝ նրանց մեթոդների հարցում:
Չնայած երեկ խորհրդարանում ակցիայի ժամանակ քիչ թվով պատգամավորներ էին նստած, սակայն ներկաներն էլ խուճապի մեջ էին, եւ անգամ մի քանիսը դուրս եկան դահլիճից, սակայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այդպես էլ չհամաձայնեց ընդմիջում հայտարարել եւ նշեց, թե ընդդիմադիր խմբակցության շոուն չստացվեց: ՔՊ-ական պատգամավորների արարքը ավելի ուշ քննադատեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը` մտավախություն հնչեցնելով, որ կարող էր խորհրդարանում հրդեհ բռնկվել: Որքան էլ ՀՀԿ-ականները երեկ հանգիստ էին թվում, սակայն իրականում իշխանությունները բավական անհանգստացած են հատկապես ապրիլի 13-ից հետո սպասվող զարգացումների առնչությամբ: Ինչպես հայտնի է` ապրիլի 17-ին ՔՊ-ականները ծրագրում են փակել ԱԺ մուտքերը, որպեսզի պատգամավորները չկարողանան ներս մտնել: Ծրագրում են նաեւ շրջափակել պատգամավորների տները, եւ չնայած որ իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե սպասվող զարգացումներին արդեն ոստիկանության միջամտություն է պահանջվում, սակայն նրանց անհանգստությունն ակնհայտ է: Իսկ ՔՊ-ականների երեկվա ակցիայից հետո խուճապն ավելացել է:
Երեկվա ակցիան լուրջ խնդիրների պատճառ է դարձել նաեւ ԱԺ-ն հսկող անվտանգության աշխատակիցների համար: Բոլորի համար զարմանալի էր, թե ինչպես են պատգամավորներն իրենց հետ կարողացել այդպիսի իր անցկացնել խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` անվտանգության աշխատակիցներին հրահանգված է այսուհետ ավելի ուշադիր լինել հատկապես ՔՊ-ական պատգամավորների նկատմամբ, որպեսզի կարողանան բացառել նման դեպքերի կրկնությունը: Հավանական է, որ առանձնահատուկ զննության ենթարկվեն հատկապես կին պատգամավորների պայուսակները, տղամարդկանց գրպանները:
Նկատենք, որ եթե ՀՀԿ-ականների արձագանքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների պահվածքի վերաբերյալ սպասելի էր, սակայն առնվազն տարօրինակ է «Ելք» խմբակցության մյուս անդամների արձագանքը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե նրանց պահվածքը գործընկերային չէր, եւ պետք է իրենց էլ զգուշացրած լինեին: Եվ հետաքրքիր է, որ գործընկերության մասին հիշում է մի ուժ, ով ամենավճռական պահերից մեկի ժամանակ մենակ է թողել իր գործընկերներին: Նույն կուսակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը եւս, չնայած հարցազրույցներ տալուց խուսափում է, սակայն մասնավոր զրույցներում չի զլանում եւ մի լավ ցեխ է շպրտում իր գործընկերների վրա` մոռանալով նախկին մտերմության մասին: Դե, իսկ «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանն այնքան էր նեղվել կատարվածից, որ սկզբում թաշկինակով փակել էր բերանը, հետո չդիմանալով` դահլիճից դուրս եկավ, եւ երբ «Ազատություն» ռ/կ լրագրողը ցանկացել էր Գորգիսյանին հարց տալ, պատգամավորը հրել էր նրան` մի կողմ տանելով ձայնագրիչը, իսկ իր արարքը պարզաբանել էր, թե «լավ եմ անում»:
Երեկվա դեպքի ֆոնին թերեւս ավելորդ չէ հիշեցնել Երեւանի ավագանու նիստում «Երկիր Ծիրանի» կուսակցության` կոյուղաջրերով ակցիան, որը շատ քննադատվեց ՀՀԿ-ականների եւ ավագանու «Ելք» խմբակցության անդամների կողմից, սակայն Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ միակն էր, որ չէր քննադատել նրանց` ասելով, թե ՀՀԿ-ի դեմ ամեն ինչ պետք է օգտագործվի: Պարոն Տարոն Մարգարյանը, հրահանգելով «դեմներն առեք», սադրեց ողջ միջադեպը, բայց երեկ ԱԺ-ում ՀՀԿ-ականները զուսպ էին, ու ամեն ինչ ավարտվեց կանաչ-դեղին ծխի գեղեցիկ քուլաների արձակմամբ:
Հ.Գ. Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պայքարելու իբր յուրօրինակ մեթոդ են ընտրել: Բայց Փաշինյանի ու իր թիմի քայլերը հիշեցնում են Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները. Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի իշխանությունների դեմ պայքար էր նախաձեռնել, եւ նա Լեհաստանի հետ Ուկրաինայի սահմանից քայլարշավով եկավ Կիեւ: Իհարկե, նրան չհաջողվեց մեծ հանրահավաքներ անցկացնել, Պորոշենկոյին իշխանությունից «գցել». ընդհակառակը, հրապարակվեց Սահակաշվիլու նամակը, որտեղ նա Պորոշենկոյին փորձել էր սիրաշահել /հետաքրքիր է՝ Հայաստանում արդյո՞ք նման բան կլինի/:
Բացի այդ, Ուկրաինայի խորհրդարանում էլ նման «հրավառություն» էր կազմակերպել ռազմական նախկին օդաչու Նադեժդա Սավչենկոն, որին ռուսները գերեվարել էին ղրիմյան ճգնաժամի ժամանակ: Նա գրեթե ազգային հերոս էր Ուկրաինայում, հետո երբ ետ վերադարձավ, դարձավ պատգամավոր, բայց հիմա հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից: Սավչենկոյին այժմ մեղադրում են Ուկրաինայում ահաբեկչական հարձակումներ ձեռնարկելու մեջ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԿԱՐՄՐԱԹՈՒՇ ՄԻԼԻՈՆԱՏԵՐԸ
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանին հաջողվում է տարեցտարի հարստանալ: Նալբանդյանը ներկայացրել է տարեկան հայտարարագիրը, որտեղից պարզ է դառնում, որ նրա դրամական միջոցները անցած տարեվերջին կազմել են 15 մլն 600 հազար դրամ եւ 70 հազար 700 եվրո: Մինչդեռ կարմրաթուշ Նալբանդյանը 2016 թվականին ունեցել է 12 մլն 140 հազար դրամ, 66 հազար 800 եվրո: Իսկ 2015 թվականին ԱԳ նախարարը հայտարարագրել էր, որ ունի 9 մլն 620 հազար դրամի, 63 հազար եվրոյի չափ դրամական միջոց: Նշենք, որ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր ամսական աշխատավարձը, որ կազմում է մոտ 1 մլն դրամ: Թե ինչպես է հաջողվում Նալբանդյանին նման արագությամբ հարստանալ, դեռեւս հայտնի չէ: Չնայած սրան` արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը շարունակում է ձախողումներ գրանցել:

 

 

ԿԱՐԱԳԸ ՉԻ ԷԺԱՆԱՆՈՒՄ
Կարագի գները միջազգային շուկայում շարունակում են բարձր մնալ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում ապրիլի 3-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 5.4 դոլարով: Իսկ Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը շարունակում է բարձր մնալ. երեկվա դրությամբ նոր զելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 4450-4500 դրամով, իսկ «Անքոր» տեսակի կարագը` 4500-4600 դրամով: Պարզվում է, որ մեր հանրապետությունում կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 9 դոլարը, միջազգային շուկայում սահմանված գնից մոտ 4 դոլարով ավելի: Ի դեպ, տեղեկացնենք, որ կարագի բարձր գների արդյունքում վերջին մի քանի ամիսներին զգալի նվազել են կարագի սպառման ծավալները: Մարդկանց մի հատված սկսել է կարագը փոխարինել ձեթով կամ բուսական յուղով:

 

 

ՆԱԵՎ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
Լրացել է «Ամիրխանյաններ» ՍՊԸ-ի ղեկավար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի ինքնասպանության երեք տարին, սակայն վերջինիս մահը դեռեւս մնում է առեղծված: Նրա անվան շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում: Ավելին` գործարարին պատկանող ընկերությունից բնակարան գնած անձինք շարունակում են դատական հայցեր ներկայացնել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատարան էին դիմել ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի դուստրը` Նաիրա Սարգսյանը, ինչպես նաեւ Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը: Երեկ էլ տեղեկացանք, որ ինքնասպան եղած գործարարի ընկերության դեմ դատական հայց է ներկայացրել նաեւ «Գրանդ Քենդի» հայ-կանադական ՍՊԸ-ի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Վարդանյանը՝ Հրանտ Վարդանյանի որդին:

 

 

ՀՅԴ-ԻՆ ՉԵՆ «ԿՊՆԻ»
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը չի կարծում, թե նոր ձեւավորվելիք կառավարության կազմում ՀՅԴ-ի պորտֆելների փոփոխություններ կլինեն: Ա. Մինասյանն ընդգծել է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագրով բավականին շատ անելիքներ ունեն: «Չեմ կարծում, որ առնվազն մեր մասով կարող է փոփոխություն լինել, մանավանդ, որ կոալիցիոն համաձայնագրով եւ նախատեսված ծրագրով ունենք բավական մեծ անելիքներ»,-նշել է նա: Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀԿ-ն պատրաստվում է վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ Արծվիկ Մինասյանն ասել է, որ ցանկացած երկրում հաղթած ուժի առաջնորդը ստանձնում է պատասխանատվությունը:

 

 

ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին առաջարկում է աշխատանքային խումբ ստեղծել` Ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու համար: Նա ընդգծել է, որ ԱԺ-ի վերջին ընտրությունների ժամանակ ռեյտինգային ընտրակարգի ներդրման արդյունքում տեղի ունեցան ընտրություններ ոչ թե կուսակցությունների գաղափարների միջեւ, այլ տեղի է ունեցել ռեսուրսների պայքար: «Նույնիսկ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն պաշտպանեց տարածքային ցուցակները հանելու եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու մեր առաջարկը: Հիմա ես դիմում եմ քաղաքական ուժերին՝ եկեք, ստեղծենք աշխատանքային խումբ եւ քննարկենք Ընտրական օրենսգիրքը բարելավելու հարցը՝ ներառելով նաեւ տարածքային ցուցակները հանելու մեր առաջարկը»,- նշել է պատգամավորը: Դիմելով իշխող կուսակցությանը՝ Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել այս հարցում չհամառել եւ ընդառաջ գնալ իր առաջարկին:




Լրահոս