ՄԻՊ-Ը ԽՆԱՅԵՑ ՆԱԽԿԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանն օրերս հրապարակեց, միաժամանակ ԱԺ ուղարկեց 2017թ. տարեկան զեկույցը: Այնտեղ անդրադարձ կար ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող քրեակատարողական հիմարկներում տիրող իրավիճակին: Բայց ՄԻՊ Արման Թաթոյանը բավական մեղմ է մոտեցել այս թեմային: Պատճառը դժվար չէ ենթադրել. Թաթոյանը նախկինում արդարադատության փոխնախարարն էր: Ու, հավանաբար, փորձել է անհարմար վիճակից զերծ պահել իր նախկին գործընկերներին:

Եվ այսպես` պաշտպանը զեկույցում անդրադարձել է դատապարտյալների եւ կալանավորների խցերի տեղաբաշխման, գերբնակեցման խնդրին` նշելով. «2016 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վեց մասնաշենքերը (1240 լրակազմով) շահագործման հանձնելուց հետո 2018 թվականի հունվարի 8-ի դրությամբ 715 անձ տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Այնուամենայնիվ, 2017 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության որոշ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են գերբնակեցման եւ խցերում անհավասարաչափ բաշխման խնդիրներ:
Այսպես` այցերի ընթացքում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի որոշ խցերում արձանագրվել են գերբնակեցման խնդիրներ: Օրինակ՝ նշված քրեակատարողական հիմնարկի մոտ 30 քմ մակերես ունեցող խցերից մեկում պահվել է ազատությունից զրկված 14 անձ, որոնց համար նախատեսված է եղել ընդամենը 11 մահճակալ: Այս կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումները վերացնելու առաջարկ ներկայացնելու մասին որոշմամբ արձանագրվել է, որ խախտվել է նաեւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին պարբերության 10-րդ կետով նախատեսված ազատությունից զրկված անձանց հանգստի, ներառյալ գիշերային քնի իրավունքը: Գերբնակեցման խնդիր է արձանագրվել նաեւ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի որոշ խցերում, օրինակ՝ 22,5 քմ մակերես ունեցող խցում պահվում է ազատությունից զրկված 6 անձ:
Զեկույցում անդրադարձ կա պատժախցերի պահման պայմանների մասին, որտեղ պաշտպանը տարեկան զեկույցում նշում է, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նախատեսված է 9 պատժախուց: Խցերի մեծ մասի պատուհաններն այցի պահին կոտրված են եղել կամ բացակայել են: Խցերի սանիտարական պայմաններն անբավարար են եղել, եւ առկա է եղել վերանորոգման կարիք: Խցերից 7-ում սանհանգույցներ չեն եղել, իսկ պատժախցերում գտնվող ազատությունից զրկված անձինք օգտվել են բաժանմունքի ընդհանուր օգտագործման համար նախատեսված սանհանգույցից: «Գորիս» քրեակատարողական հիմնարկում նախատեսված է 3 պատժախուց: Այցի պահին պատժախուց տեղափոխված ազատությունից զրկված անձ չի եղել: Պատժախցերի անբավարար պայմաններ են արձանագրվել նաեւ «Աբովյան» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում:
Քրեակատարողական հիմնարկների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են բժշկական փաստաթղթերի եւ հաշվառման մատյանների ոչ պատշաճ վարման դեպքեր: Պատժախցում գտնվող դատապարտյալների հաշվառման մատյանի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված մատյանը վարվում է ոչ պատշաճ, մասնավորապես՝ այցի պահին ֆիքսված չեն եղել պատժախցից վաղաժամ դուրս բերելու օրեր եւ ժամեր, այն լրացված է եղել ջնջումներով եւ բացթողումներով: Պատշաճ չի վարվել նաեւ կալանավորված անձանց եւ դատապարտյալներին բուժական ուղղիչ հիմնարկ կամ առողջապահական մարմինների բուժական հիմնարկ տեղափոխումները հաշվառելու մատյանը: Այն նույնպես վարվել է բացթողումներով, մասնավորապես՝ ամրագրված չեն եղել ազատությունից զրկված անձանց քրեակատարողական հիմնարկ վերադառնալու ամսաթվերը (օրինակ՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ):
Արման Թաթոյանի աչքից չեն վրիպել քրեակատարողական հիմնարկներում արձանագրված ինքնասպանության դեպքերը: Ըստ զեկույցի` 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է մահվան 17 դեպք, որից 2-ը, նախնական քննության տեղեկություններով, ինքնասպանություն են: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ` 2017 թվականին ինքնասպանության դեպքերը նվազել են 5-ով: Չնայած ինքնասպանության դեպքերի թվի նվազմանը՝ իրավասու պետական մարմինների կողմից ինքնասպանության պատճառների ու նպաստող պայմանների վեր հանմանն ու կանխարգելմանն ուղղված աշխատանքները համակարգային առումով բավարար չեն:
Այսպիսով` ուսումնասիրելով 2011 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ՔԿՀ-ներում ինքնասպանությունների հանգամանքները` կարելի է եզրահանգել, որ ուղղիչ հիմնարկների սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումների ծառայողները կա՛մ չեն կարողացել ի հայտ բերել սահմանային վիճակներ ունեցող (ինքնասպանության ռիսկի խմբին դասվող) ազատությունից զրկված անձանց, կա՛մ եթե կարողացել են, ապա պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել, որպեսզի կյանքից զրկելու առարկաները նման անձանց չլինեն հասանելի:
Նկատենք, որ զեկույցում որեւէ խոսք չկա քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների եւ կալանավորների կաշառքի հարցում գործարքի գնալու, քրեակատարողական հիմնարկում արտոնյալ լինելու, մարմնավաճառներ բերելու, թմրանյութ անցկացնելու դեպքերի մասին, ինչի արդյունքում կալանավորվել է «Վանաձոր» ՔԿՀ պետը, պաշտոնանկ արվել Գորիսի ՔԿՀ պետը: Ավելին` որեւէ խոսք չկա այն մասին, թե ինչպես են կալանավորներն ու դատապարտյալները, գտնվելով անազատության մեջ, խարդախությամբ դրսում գտնվող անձանց գույքը հափշտակում, որոնց գործողությունները կանխելու համար ՔԿ վարչությունը մատը մատին չի տալիս:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի մասին զրուցեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, ուսումնասիրե՞լ եք պաշտպանի տարեկան զեկույցը, թե ինչ բացահայտում են արել` ջնջումներով մատյաններ, խցերում լցված կալանավորներ, ինքնասպանության դեպքեր, որոնց մի մասը եղել է հատկապես ՔԿՀ պայմաների պատճառով:
-Ուսումնասիրման փուլում ենք գտնվում եւ շուտով կարձագանքենք:
-Այն, ինչ հասցրել եք ուսումնասիրել, արդեն կարծիք կազմե՞լ եք:
-Իհարկե, կարիծք կա:
-Եվ կիսո՞ւմ եք պաշտպանի բարձրացրած խնդիրները:
-Մասամբ կիսում եմ, իհարկե:
-Կոնկրետ ո՞ր խնդիրը:
-Ուսումնասիրման փուլում է, կարձագանքենք:
-Ինչ-որ քայլեր պատրաստվո՞ւմ եք անել:
-Անընդհատ իրականացնում ենք:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Ապրիլի 9-ից բարձրագույն դատական խորհուրդը անցավ իր լիազորությունների իրականացմանը, եւ ըստ Սահմանադրության` ԲԴԽ-ն եռամսյա ժամկետում դատական համակարգում փոփոխություններ կիրականացնի: Մասնավորապես կփոփոխվեն դատարանների նախագահները, ավելին` փոփոխության կենթարկվեն դատական դեպարտամենտի ղեկավարը, դատական կարգադրիչների ծառայության պետը: «Ժողովուրդ» օրաթերթը դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլանդյանից հետաքրքրվեց իր ճակատագրի մասին:
-Պարո՛ն Փոլանդյան, Ձեր ճակատագրի մասով Ձեզ որեւէ բան ասե՞լ են, թե՞ ոչ, այսինքն` գնալո՞ւ եք, թե՞ մնալու:
-Կոռեկտ չեմ համարում իմ մնալ կամ չմնալու հետ կապված որեւէ հարց մեկնաբանել: Ես շարունակում եմ իրականացնել իմ բնականոն գործունեությունը, աշխատում եմ բարձրագույն դատական խորհրդի նախագահի հետ: Գիտեք, որ դատական օրենսգրքի համապատասխան դրույթները ուժի մեջ մտնելուց հետո` երեքամսյա ժամկետում, ԲԴԽ-ի լիազորությունները ստանձնելուց հետո, պետք է հաստատվի դեպարտամենտի կանոնադրությունը եւ կարգը: Կարծում եմ, որ այդ ամենը հաստատվելուց հետո համապատասխան փոփոխություններ լինելու են, իսկ թե հետագայում ով կշարունակի պաշտոնավարել, դա կորոշի բարձրագույն դատական խորհուրդը: Ես այս պահին շարունակում եմ իմ բնականոն հունով աշխատել:
-Իսկ Դուք անձամբ կցանկանա՞ք մնալ Ձեր պաշտոնին:
-Իմ հետագա ճակատագիրը եկեք չկապենք այս հաստիքով աշխատել-չաշխատելու հետ, քանի որ ես ինձ դիտարկում եմ պետական ծառայող, եւ որտեղ էլ որ լինի` իմ լիազորությունները իմ ամբողջ ներուժով համապատասխան` իրականացնելու եմ: Կապել ինձ որեւէ աթոռից,ես երբեք չեմ արել եւ չեմ էլ պատրաստվում եւ չեմ էլ պատկերացնում, որ որեւէ մեկը պլանավորի, որ, չգիտեմ` օրինակ, ինքը 50 տարի աշխատելու է նույն հաստիքով: Ո՛չ, այդպիսի բան ամենեւին չկա: Բնականաբար հաշվի առնվելու են իմ նախասիրությունները, եւ եթե իմ նախասիրություններին համարժեք չէ, բնականաբար ես չեմ աշխատելու:
-Այսինքն` Ձեզ որեւէ բան դեռ չե՞ն ասել:
-Ես շարունակում եմ իմ բնականոն, նույն տեմպով, ոճով, նույն պատասխանատվությամբ աշխատանքը, եւ այս պահին որեւէ քննարկում չի եղել:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՎՐԱ
Երեկ մի խումբ ուսանողներ Երեւանի պետական համալսարանում իրազեկման ակցիա են իրականացրել ապրիլի 13-ին Ազատության հրապարակում սպասվող հանրահավաքի մասին եւ բաժանել են «Իմ քայլը» շարժման թռուցիկներ: ԵՊՀ անվտանգության պետը հարձակվել է ուսանողների վրա, քաշքշել նրանց եւ խլել թռուցիկները: ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը քաշել է ուսանողուհիներից մեկի ձեռքից եւ գոռացել։ Ուսանողները միջադեպի մասին ահազանգել են ՄԻՊ գրասենյակ: Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարքար է սկսել Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ: Ապրիլի 13-ից նրանք Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ են սկսելու:

 

 

ԱՐԴԱՐԱՆՈՒՄ ԵՆ
Ինչպես եւ սպասվում էր` Վերահսկիչ պալատի բացահայտումներն իսկական վայնասուն են բարձրացրել պետական համակարգում: Այն բանից հետո, երբ հրապարակվեց ՎՊ-ի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում ստուգումների արդյունքում կազմված եզրակացությունը, այս կառույցից շտապեցին արդարանալ, թե իրենք այսպես, թե այնպես պայքարում էին հայտնաբերված խախտումների դեմ: Ըստ ՍԱՊԾ-ի, որը նոր Սահմանադրության ընդունումից հետո դարձել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին. «Արձանագրված մի շարք խնդիրներ եղել են ծառայության ուշադրության կենտրոնում դեռեւս 2017 թվականից, դրանց լուծման ուղղությամբ իրականացվել են ծրագրեր, որոնք վերաբերում են սահմանային վերահսկողության ընթացակարգերի հստակեցմանն ու պարզեցմանը, նմուշառման գործընթացի կատարելագործմանն ու լաբորատոր կարողությունների զարգացմանը: Բացի այդ` 2017 թվականին իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ՝ ձեւավորելով նոր ստորաբաժանումներ, որոնք պատասխանատու են նշված մեխանիզմները ներդնելու եւ կիրառումն ապահովելու համար: Այս ամենի արդյունքում ներկայումս նվազագույնի են հասցվել վերահսկողության գործընթացում հնարավոր ռիսկերը, եւ արդեն բացառված են մի շարք անհամապատասխանություններ»,- նշված է նրանց հաղորդագրության մեջ: Փաստորեն, փոխանակ բնակչությունից ներողություն խնդրեն իրենց արարքների համար, այս մարմինը դեռ արդարանում է ու փորձում տպավորություն ստեղծել, թե ամենեւին էլ իրենք մեղավոր չեն:




Լրահոս