Մինչ Հայաստանի իշխանությունները խոսում են ժողովրդավարության հարցում առաջընթացի մասին եւ պնդում, որ երկիրն առաջ է շարժվում, միջազգային իրավապաշտպան կառույցները փաստացի բոլորովին այլ պատկեր են ներկայացնում: ԱՄՆ-ում հիմնադրված եւ աշխարհում հայտնի «Ֆրիդոմ հաուս» ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է հերթական զեկույցը` անցումային երկրների վերաբերյալ նախորդ տարվա ուսումնասիրությունների կապակցությամբ: Այս անգամ էլ Հայաստանի դեպքում ոչ մի լավատեսական դրսեւորում չկա: Ավելին` կարող ենք նշել, որ զեկույցում պարզապես խայտառակ գնահատականներ են տրվել մեր երկրի տարբեր ոլորտների վերաբերյալ` հղում անելով ՀՀ իշխանություններին, անգամ անձնավորելով գնահատականները: Զեկույցում, մասնավորապես, շեշտադրված է, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանը զիջել է դիրքերը ժողովրդավարության ոլորտում եւ եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առջեւ:
Հատկանշական է, որ այս զեկույցում հատուկ անդրադարձ կա Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման հարցին: Ընդ որում, այս կապակցությամբ բավական կտրուկ գնահատականներ են տրված: «Ֆրիդոմ հաուս»-ը, համեմատելով Սարգսյանի իշխանավարության 10 տարիները, փաստել է, որ այդ ընթացքում ժողովրդավարության ցուցիչը նվազել է: «Հայաստանը կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն է»,-ասված է զեկույցում: Բացի այդ` շեշտվել է` առաջընթաց չի արձանագրվել ո՛չ թափանցիկ ընտրությունների, ո՛չ արդարադատության, ո՛չ մամուլի ազատության եւ ո՛չ էլ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Սրանից զատ, ի հեճուկս իշխանության պնդումների, թե կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար է տարվում, կազմակերպությունն ընդգծել է, որ նախորդ տարվա համեմատ էլ ավելի է վատացել պայքարը կոռուպցիայի դեմ` նկատի ունենալով իշխանության վերին օղակների ունեցած բիզնես շահերն ու հակակոռուպցիոն մեխանիզմների արդյունավետությունը: Զեկույցի ուշագրավ կետերի եւ դրա հնարավոր հետեւանքների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:
-Պարո՛ն Սաքունց, «Ֆրիդոմ հաուս»-ի զեկույցում հատուկ անդրադարձ կա Ս. Սարգսյանի իշխանավարության հնարավոր երկարաձգմանը: Արդյո՞ք սա պատահական էր:
-Հանձին կառավարման խորհրդարանական համակարգի անցման` Հայաստանում իշխանության գերկենտրոնացում տեղի ունեցավ վարչապետի ձեռքում, որը զբաղեցնելու է Ս. Սարգսյանը երրորդ անգամ: Այսինքն` իբր կիսանախագահական, բայց իրականում գերնախագահական կառավարման ինստիտուտը փոխարինվեց բովանդակությամբ նույն գերկենտրոնացված իշխանությամբ` խորհրդարանական փաթեթավորմամբ: Եվ, բնականաբար, սա ոչ թե կիսակոնսոլիդացված, այլ ամբողջությամբ կոնսոլիդացված ավտորիտարիզմ է, որի մասին վստահաբար պնդում եմ, որ «Ֆրիդոմ հաուս»-ի հաջորդ զեկույցում կարձանագրվի:
-Հատկանշական է, որ հերթական անգամ ընտրությունների վերաբերյալ ասված է, թե այդ գործընթացը նվազագույն չափով չի համապատասխանում ընտրության վրա հիմնված ժողովրդավարության չափանիշներին:
-Եվ դա բնական է, քանի որ որքան էլ տեխնիկական միջոցներ ներդրվեցին, իշխանությունը չի կարող կոծկել այն խնդիրները, որ կան ընտրական գործընթացում: Կաշառքի, ճնշման եւ այլ դեպքեր, «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից արված ձայնագրություններ, այս խնդիրների հիման վրա է այդ կառույցը եզրակացություն անում:
-Այս գնահատականների արդյունքում ի՞նչ հետեւանքներ կարող են լինել Հայաստանի համար:
-Որքան էլ զեկույցը ներքին կյանքում անուշադրության մատնելու փորձեր արվեն, բայց միջազգային դաշտում դա հաշվի է առնվում: Եվ դրան մենք ականատես ենք լինում: Ի վերջո, կարող ենք համեմատել դեպի Հայաստան միջազգային այցելությունները դեպի Վրաստան այցելությունների հետ: Բացի այդ, ցավոք, ամենամեծ խնդիրն այն է, որ Հայաստանն ամբողջությամբ կախվածության մեջ է Ռուսաստանից, որի ավտորիտար կառավարման ոճն ամբողջությամբ արտատպվում է Հայաստանի գործող իշխանությունների կողմից: Եվ դա մեծ ազդեցություն է ունենալու ներդրումների առումով, որքան էլ Ս. Սարգսյանը կամ նրա «մունետիկները» միջազգային տարբեր հանդիպումներում փորձեն տպավորություն ստեղծել, որ ՀՀ-ն նպաստավոր է ներդրումների համար, նրանք նայում են ոչ թե խոսքերին, այլ իրավիճակին, գնահատականներին: Այնպես որ իշխանությունը կարող է իրեն չհասկացողի տեղ դնել, բայց դա շատ մեծ ազդեցություն է ունենալու: Միջազգային մեկուսացման արդյունքում թե քաղաքացիներն ինչ իրավիճակում կհայտնվեն, դա իշխանություններին չի հետաքրքրում, բայց չի նշանակում, որ դա չի հետաքրքրում նաեւ միջազգային դաշտին: Եվ իրենք նայում են, որ եթե իշխանությունն իր քաղաքացիների նկատմամբ հարգալից, պատասխանատու չէ, ապա չի կարող հարգալից ու պատասխանատու լինել այլ երկրի քաղաքացու նկատմամբ, որը ծրագրում է, ենթադրենք, բիզնես գործունեություն ծավալել ՀՀ-ում:
-Կարո՞ղ ենք եզրակացնել, որ իշխանությունների վրա, այսպես ասած, թանկ է նստելու այս գործելաոճը:
-Կարծում եմ` իշխանությունների վրա թանկ են նստելու միջազգային պատժամիջոցները, որոնք հետեւելու են նման գնահատականներին: Ժողովրդավարական պետությունները` հանձինս ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի, այլեւս ավանսով չեն ուզում գործ ունենալ նման երկրների հետ, ինչպիսին ՀՀ-ն է: Եվ իշխանությունների` իրենց պարտավորությունները չկատարելուն հետեւում են լուրջ պատժամիջոցներ:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
«ՍՊԱՅԿԱ»-Ն ԿԱԹՆԱՄԹԵՐՔ ԷԼ ԿԱՐՏԱԴՐԻ
Գյուղմթերքի մթերմամբ ու արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը ընդլայնում է իր գործունեության ոլորտները: Սկզբում նշված ընկերությունը զբաղվում էր միայն մթերմամբ ու արտահանմամբ: Ապա սկսեց զբաղվել նաեւ լոլիկի, վարունգի մշակմամբ: Հիմա էլ ընկերությունը նախատեսում է զբաղվել կաթնամթերքի արտադրությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սպայկա» ընկերությունը դիմել է ՀՀ բնապահպանության նախարարություն` կաթնամթերքի գործարանի եւ 20 եւ 30 հա ջերմոցային համալիրների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ: Ավելին` այս նախագծի վերաբերյալ անգամ տեղի են ունեցել հանրային քննարկումներ: Ի դեպ, նշենք, որ կաթնամթերքի գործարանը նախատեսվում է հիմնել Շենգավիթ, Արտաշատի խճուղի 37/2 եւ 49/2 հասցեում, իսկ 49/2 եւ 51/2 հասցեում` ջերմոցային համալիրը: Ստացվում է, որ ընկերությունը կրկնակի ընդլայնում է ջերմոցային տնտեսության ծավալները:
Սակայն այս ամենի արդյունքում այն գյուղացիական տնտեսությունները, որոնք համագործակցում էին «Սպայկա» ընկերության հետ (նրանք, որոնցից ընկերությունը լոլիկ ու վարունգ է մթերել եւ արտահանել), իրացման խնդրի առաջ են կանգնելու: Արդյունքում չեն կարողանալու իրենց ապրանքը վաճառել, քանի որ արտահանող ընկերությունն արտադրելու է եւ, բնականաբար, իրենն էլ կարտահանի: Բացի այս, առկա է եւս մեկ խնդիր. «Սպայկա» ընկերության ջերմոցային տնտեսությունները այս ոլորտում գերիշխող դիրք են զբաղեցնում: Հիմա նույն վտանգն է հասունանում կաթնամթերքի շուկայում: Ստացվում է, որ մեր երկրի կառավարությունը նպաստում է բնական մենաշնորհի ստեղծմանն ու մեծացմանը: Մինչդեռ արդյունքում մանր եւ միջին ջերմոցային տնտեսությունները կարող են փակվել: Քանի որ իրենք չեն կարողանա իրացնել իրենց արտադրանքը, ուր մնաց ընդլայնեն իրենց բիզնեսը կամ արտադրանքը արտահանեն Հայաստանից դուրս:
Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի` «Սպայկա» ընկերությունը հիմնադրել է Դավիթ Ղամբարյանն իր եղբոր հետ: Սակայն Դ. Ղամբարյանին կալանավորել են 2008 թ. մարտի 1-ին: Մեր տեղեկություններով` նա «նստել» է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Ազատ արձակվելուց հետո նրա ընկերությունում համասեփականատեր է դարձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը: Սակայն մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` մոտ 5 տարի առաջ ընկերությունը գնել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը` Ղամբարյան եղբայրների հետ բաժնետեր դառնալով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՈՒՐ Է ԳՈՒՄԱՐԸ
2015թ. հոկտեմբերի 30-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Դիլիջանում կատարեց եկեղեցու հողօրհնեքի արարողություն` այդպես տալով եկեղեցու կառուցման ծրագրի մեկնարկը: Այն պետք է կառուցվեր Սուրբ Էջմիածնի, Դիլիջանի քաղաքապետարանի, Հայաստանի զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով, Ռուբեն Վարդանյանի եւ Գագիկ Ադիբեկյանի բարերարությամբ: Երկուսուկես տարի է անցել, սակայն եկեղեցու շինարարությունը չի սկսվել, թեեւ Դիլիջանում ստեղծվել է եկեղեցու կառուցմանն օժանդակող հիմնադրամ՝ նպատակ ունենալով այդ գործի համար ներգրավել լրացուցիչ ֆինանսներ:
Դիլիջանի քահանա Տեր Շավարշ Սիմոնյանն ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, թե շինարարության մեկնարկի ուշացման պատճառը եկեղեցու նախագծում նախատեսված փոփոխություններն են եղել: Երկուսուկես տարին ավելի քան բավարար էր նախագծում փոփոխություններ կատարելու համար: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ 18.667 բնակիչ ունեցող Դիլիջանում եկեղեցի չկա, 2010 թվականից Տեր Շավարշ քահանան հոգեւոր արարողություններ է կատարում «Թուֆենկյան» թանգարանային համալիրի մաս կազմող սենյակներից մեկում: Այդ սենյակի համար Հայ առաքելական եկեղեցին «Թուֆենկյան» ընկերությանը ամսական վճարում է 90 հազար դրամ: Փոքր սենյակը չի տեղավորում հոգեւոր արարողություններին մասնակցել ցանկացողներին: Դիլիջան քաղաքից ամենամոտ եկեղեցին գտնվում է շուրջ 15 կմ հեռավորությամբ, Հաղարծին վանական համալիրում: Դիլիջանի քաղաքապետարանի «Դիլիջան» պաշտոնաթերթը տարիներ առաջ տեղեկացրել է, որ ամերիկահայ, Ֆրեզնո քաղաքում բնակված (այժմ լուսահոգի) Ջոն Սթիվենսը (Հովհաննես Ստեփանյան) Դիլիջանում եկեղեցի կառուցելու համար 2006թ. նվիրաբերել է 1 միլիոն ամերիկյան դոլար: Հավաստի տեղեկություններով` Ջոն Սթիվենսը, որը ջերմ հարաբերություններ ուներ նախկինում Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Տավուշի փոխառաջնորդ Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանի հետ, Տավուշի մարզի Դիլիջան եւ Բերդ քաղաքներում եկեղեցիներ կառուցելու համար նվիրաբերել է 2 միլիոն 250 հազար ԱՄՆ դոլար: Բերդում եկեղեցու հիմնարկեքը կատարվեց 2012թ. մայիսի 20-ին, օծումը` 2014-ի սեպտեմբերի 14-ին: Գարեգին Բ Կաթողիկոսը, տպավորված Հովհաննես Ստեփանյանի մեծահոգությամբ, ով մահացավ` չտեսնելով նորակառույց եկեղեցին, Բերդի Սուրբ Գեւորգ եկեղեցու տեղում կառուցված եկեղեցին վերանվանեց բարերարի բարեխոս Սրբի` Սուրբ Հովհաննես առաքյալի անունով:
Բերդի եկեղեցու նախահաշվային արժեքը կազմել է 430 միլիոն դրամ: Շինարարության հիմնական մասն իրականացվել է սփյուռքահայ Հովհաննես Ստեփանյանի նվիրաբերած գումարով: Շինարարական աշխատանքներին մասնակցել է նաեւ Բերդ համայնքը եւ հանգանակության արդյունքում ձեռք է բերել եկեղեցու 55 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ զանգը: Ո՞ւր գնաց Դիլիջանում եւ Բերդում եկեղեցիներ կառուցելու համար բարերարի նվիրաբերած 2 միլիոն 250 հազար դոլարի զգալի մասը: Դիլիջան այցելող զբոսաշրջիկները զարմանում են, որ աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետական կրոն հռչակած Հայաստանի` 18 հազար բնակիչ ունեցող քաղաքում ոչ մի եկեղեցի չկա:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ