«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը գեղանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանն է: Նա անդրադարձել է մեր երկրում տիրող քաղաքական իրավիճակին՝ նոր նախագահի պաշտոնավարումից մինչեւ «Իմ քայլը» արշավը:
-Պարո՛ն Շահումյան, օրեր առաջ տեղի ունեցավ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Ի՞նչ տպավորություններ ունեք նոր նախագահից եւ ի՞նչ հույսեր եք կապում նրա հետ:
-Եթե Արմեն Սարգսյանը իր ազատ, բարեկեցիկ կյանքը թողել է Մեծ Բրիտանիայում եւ եկել է այստեղ, ուրեմն պետք է փորձի մի բան անել, չէ՞, մի ծրագրային մղում պետք է ունենա, հույս ունենանք: Եվ բացի այդ՝ կարեւորը ոչ թե անհատների, այլ համակարգի խնդիրն է: Մեր երկրում նախ պետք է համակարգը զարգանա: Հիմա Միացյալ Նահանգներում ում ուզում ես՝ տար, դիր նախագահի պաշտոնում, այդ երկիրն իր համակարգն ունի, դրանով է ապրում, Ամերիկան դրանից չի փոխվում: Ուզում ես՝ անգրագետ նախագահ դիր, ուզում ես՝ անբարոյական, Ամերիկան էլի կգործի իր համակարգով: Աստված տա՝ մեզ մոտ էլ այդ համակարգը ձեւավորվի, որը կնպաստի մեր երկրի զարգացմանը: Այսօր մեր երկրում գիտությանը, արվեստին ո՞վ է ուշադրություն դարձնում, բայց չէ՞ որ դրանց զարգանալու արդյունքում է երկիր զարգանում: Մենք պետք է հասկանանք դա եւ աշխատենք այդ ուղղությամբ:
-Ի՞նչ եք կարծում՝ Սերժ Սարգսյանի վարչապետ լինել-չլինելուց երկրում ինչ-որ լուրջ տեղաշարժեր կլինե՞ն:
-Կարծում եմ՝ ոչ, դրանից բան չի փոխվի. մեր երկրին համակարգային զարգացում է պետք: Պարտադիր չէ՝ նախագահը կամ վարչապետը լինեն աշխարհի ամենախելոք ու գիտակ մարդիկ, փոխարենը պետք է ուժեղ լինի ապարատը: Իսկ եթե մասնագետների կարծիքի հետ հաշվի նստեն, այդ ապարատը կուժեղանա, անշուշտ, մեր երկիրը առաջխաղացում կունենա: Թե չէ՝ ով ուզում է՝ վարչապետ լինի, ոչինչ էլ չի փոխվի:
-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն մի քանի օր է՝ մեկնարկել է «Իմ քայլը» արշավը, որը միտված է Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի կանխմանը։ Ի՞նչ կարծիք ունեք պայքարի այս տարբերակի վերաբերյալ:
-Կարծում եմ՝ դա ուշացած քայլ է, մեր իրականությունը թատերական ներկայացման է վերածվել: Ընտրությունների ժամանակ թող ընդդիմադիր ուժերը այնքան համոզիչ լինեին, որ կարողանային շահել ժողովրդի վստահությունը: Քաղաքական լուրջ քայլեր չեն կատարվում ո՛չ իշխանությունների, ո՛չ էլ ընդդիմության կողմից: Այս երկուսը կարծես իրար «ինադու» են գործում՝ իրար հակառակվելու կամ իրարից տարբերվելու համար: Ամեն դեպքում, ես կուզեմ, որ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քայլարշավը լինի դեմոկրատիայի մղող քայլ, եւ մեր պետությունը զարգացում ապրի:
-Նկատի ունեք, որ ժողովրդի վստահությունը կորել է ոչ միայն իշխանությունների, այլեւ ընդդիմադիր ուժե՞րի նկատմամբ:
-Վերջին քսան-քսանհինգ տարվա ընթացքում այդ վստահությունն իսկապես կորել է: Ընդդիմադիր ուժը մի օրվա մեջ չի գալիս, համապատասխան միջավայր է պետք զարգացնել, այնինչ` ինտելեկտուալ միջավայրը ոչնչացված է, հետեւաբար քաղաքական առողջ միջավայրն ու տնտեսությունը՝ եւս: Մենք հիմա մեր մտավոր ուժը հանել-շպրտել ենք դուրս, մարդիկ գնացել են արտերկիր, ընտանիք են պահում: Այսօր ինտելեկտուալ միջավայրի մարդը կոպեկներ է աշխատում եւ հազիվ կարողանում է գոյությունը քարշ տալ, ուսումնական համակարգն էլ արժանի փոխարինողներ չի ստեղծում եւ այլն, եւ այլն: Սրա մասին պետք է մտածենք, թե չէ հուսալ, որ մի փրկիչ պետք է հայտնվի, Քրիստոսի նման եւ փրկի մեզ, ճիշտ չի լինի:
-Ժողովուրդը ի՞նչ պետք է անի ստեղծված իրավիճակում:
-Գիտեք՝ ես էլ, լինելով այդ ժողովրդի մի մասնիկը, եկել եմ այն եզրակացության, որ հազար ու մի բացթողում կա, որոնց մասին կարելի է խոսել, բայց դրանք խոսքով չեն շտկվում, պետք է միջավայր ստեղծվի՝ ամեն բան կարգի բերելու համար: Եվ ժողովրդի ամեն մասնիկ պետք է աշխատի այդ միջավայրի ձեւավորման ուղղությամբ:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ՍՈՆԵ ՍԻԼՎԵՐԸ
Տեւական ժամանակ է՝ երգչուհի Սոնե Սիլվերը էկրաններին չի երեւում, նա նոր երգ կամ տեսահոլովակ չի թողարկել: Երկրպագուներն անհանգստացած են եւ հարցնում են՝ ո՞ւր է կորել Սոնեն եւ ինչո՞վ է այժմ զբաղված: Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ երկու նոր երգ ունի, մեկը՝ հաուս, մյուսը՝ չիլլ-աութ ոճերում. «Մտածում եմ՝ դրանք տեսահոլովակի՞, թե՞ պարզապես սինգլ տարբերակով թողարկեմ: Երեւի ծուլանում եմ, ես եմ մեղավորը, որ ուշացնում եմ այդ պրոցեսը եւ զգում եմ, որ ստեղծագործական դադարս երկար տեւեց: Հուսամ՝ մինչեւ ամառ գործը գլուխ կբերեմ»:
Սոնեն նաեւ նշեց, որ ունի մեկ մեծ նորություն, որի վերաբերյալ փակագծերը դեռ չբացեց. «Խոսքը օտարազգի հայտնի արտիստի հետ դուետի մասին է, դեռ բանակցությունների փուլում ենք, ուստի ոչ մի հստակ բան չեմ կարող ասել»:
Մենք հետաքրքրվեցինք՝ եղե՞լ է արդյոք մի պահ, որ Սոնեն հոգնի երգելուց, ցանկանա լքել ոլորտը. «Կարծում եմ՝ իմ կյանքում այդպիսի պահ չի լինի, որովհետեւ ես խեղդվում եմ առանց երգելու: Բացի մասնագիտություն լինելը՝ երգելը նաեւ իմ հոգեւոր սննդի աղբյուրն է, ես չեմ պատկերացնում ինձ առանց դրա»,-պատասխանեց մեր զրուցակիցը:
Սոնեն այն երգչուհիներից է, որոնք կարողանում են համատեղել կարիերան եւ անձնական կյանքը. «Ինձ հաջողվում է ամեն բան բալանսի բերել: Ամեն դեպքում, ես նախընտրում եմ ավելի քիչ տրվել կարիերային եւ ավելի շատ նվիրվել ընտանիքին՝ միեւնույն ժամանակ չթողնելով, որ կարիերայիս ճանապարհին խոչընդոտներ առաջանան»,-շեշտեց նա:
Երգչուհին խոստովանեց, որ ամուսնանալուց հետո իր կյանքը կտրուկ փոփոխությունների չի ենթարկվել. «Երբ այլեւս մենակ չես, ավելանում է պատասխանատվության զգացումը, դու չես ապրում միայն քեզ համար, այսպես ասած՝ «էգոիստի» կարգավիճակում, դու ապրում ես նաեւ ամուսնուդ համար: Բայց փառք Աստծո, ես որեւէ կերպ չեմ ստիպել ինքս ինձ փոխվել: Դրանում, իհարկե, մեծ է նաեւ ամուսնուս ներդրումը, նա ինձ երբեւէ սահմանների մեջ չի դրել»:
Մենք հարցրինք՝ Սոնեն կենդանի համերգներով առաջիկայում հանդես կգա՞, թե՞ ոչ. «Հիմնականում տոն օրերին ելույթ եմ ունենում կոորպորատիվ երեկոների ժամանակ: Ինչ վերաբերում է մենահամերգին, ապա այն կազմակերպելը մեր օրերում բարդ բան չէ, բայց դրա ժամանակը պետք է հասունանա, արտիստն ինքը պետք է ունենա դրա կարիքը»,-եզրափակեց երգչուհին:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՐՁԱԿՎՈՂՆ Է
Ֆրանսիական «Նիսի» հարձակվող Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան խոսել է անգլիական եւ իտալական ակումբների հետ բանակցությունների մասին: «Մարիոն վերջին շրջանում աշխարհի 10 լավագույն հարձակվողներից մեկն է: Նա ընդհանրապես լավագույն իտալացի հարձակվողն է: Նրա պայմանագիրը «Նիսի» հետ ավարտվում է այս ամռանը, ուստի մենք Մարիոյի համար նոր ակումբ ենք ման գալիս: Ես բանակցություններ եմ վարում անգլիական եւ իտալական ակումբների հետ: Արդեն խոսել եմ «Յուվենթուսի», «Ռոմայի», «Նապոլիի», «Ինտերի» ներկայացուցիչների հետ: Բալոտելիին իր թիմում է ուզում տեսնել նաեւ ամերիկական «Դի Սի Յունայթեդ» թիմի գլխավոր մարզիչ Բեն Օլսենը»,- ասել է իտալացի գործակալը: Հիշեցնենք, որ Բալոտելին ֆրանսիական թիմում է 2016 թվականից:
ԿՄԵՆԱՄԱՐՏԻ
Ամերիկահայ Վանես Մարտիրոսյանը կմենամարտի պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ղազախ Գենադի Գոլովկինի հետ։ Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մարտիրոսյանն ու Գոլովկինը կարող են հանդիպել մայիսի 5-ին։ Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2016թ. մայիսին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով առաջին միջին քաշային կարգում IBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Էրիսլանդի Լարային։
ԴԻՄԵԼ Է ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ
Կատալոնական «Բարսելոնա»-ի նկատմամբ չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում տարած հաղթանակից հետո իտալական «Ռոմա»-ն դիմել է երկրպագուներին: Հիշեցնենք` «Ռոմա»-ին հաջողվեց դուրս գալ կիսաեզրափակիչ: «Ցանկանում ենք շնորհակալություն ասել նրանց, ովքեր ստադիոնում էին եւ տանը, ովքեր կռվում էին դաշտում, ովքեր արտասվում էին, ովքեր չէին դադարում ծիծաղել, ովքեր ասում էին, որ հավատում էին, ովքեր չէին հավատում եւ մտածում են, որ դա պարզապես երազ է»,- ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը կկայանա ապրիլի 13-ին: