Ըստ Սահմանադրության, վարչապետն ընտրվում է ձայների մեծամասնությամբ: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում վարչապետ ընտրվելու համար բավարար է 53 ձայնը: Այժմ ՀՀԿ-ն ունի 58 պատգանավոր և լիովին կարող է իր վարչապետին առաջադրել և ընտրել:
Միևնույն ժամանակ «Ելք» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանին կարող են սատարել «Ծառուկյան» խմբակցությունն ու ՀՅԴ-ն: Վերջինս արդեն հայտարարել է կոալիցիայից դուրս գալու մասին և ասել, որ վարչապետ պետք է ընտրվի ժողովրդի թեկնածուն: Չնայած «Ծառուկյան» խմբակցությունը դեռ չի շտապում հայտարարել, որ կքվեարկի նրա օգտին, սակայն այդպիսի սցենարը չի բացառվում: Եվ այդ բոլոր ձայները համադրելով ստացվում է, որ Փաշինյանը կունենա 47 ձայն, այսինքն՝ 6 ձայն է պակասելու վարչապետ ընտրվելու համար:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը ArmLur.am-ի հետ զրույցում բացառեց, որ իրենց խմբակցությունից կլինեն մարդիկ, ովքեր կողմ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով, թե միասնական քվեարկելու են իրենց թեկնածուին: Սակայն այդպիսի սցենարն էլ բնավ անսպասելի չէ. առնետավազքը շուտով կսկսվի: