ԻՆՁ ՄԻ՛ ՓՆՏՐԻՐ, ՈՍՏԻԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանությունը սկսել է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիաների կազմակերպիչների նկատմամբ: Եթե մինչեւ հիմա «Հանուն Հայաստան պետության» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների հանրահավաքներին եւ երթերին ոստիկանները չէին միջամտում, անգամ բացահայտ չէին հսկում, հիմա որոշել են այլ կերպ վարվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանություններն անհանգստացած են ե՛ւ այս նախաձեռնությունների, ե՛ւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից անհնազանդությանը միտված հայտարարություններից: Սա հատկապես այն բանից հետո, երբ ՔՊ ներկայացուցիչները հայտարարել են խորհրդարանում վարչապետի ընտրության օրը ԱԺ շենքը շրջափակելու մասին: Պատահական չէ, որ երեկ ոստիկանությունը հատուկ գործողությունների է դիմել եւ Մաշտոցի պողոտան բացել այնտեղ վրան խփած ցուցարարներից: Ճիշտ է` նրանց ոչ թե բերման են ենթարկել, այլ տեղափոխել ուրիշ վայր, սակայն ակնհայտ է ոստիկանական միջամտությունը: Բացի այս` իշխանությունները պատրաստվում են ողջ ուժերը կենտրոնացնել այսօր եւ ապրիլի 17-ին կայանալիք հավաքների մասնակիցների նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ոստիկաններին հանձնարարված է հետեւել ակցիայի մասնակիցներին, լուսանկարել, որպեսզի նրանց վրա հետագայում ազդելու միջոց ունենան՝ ապրիլի 17-ին անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու համար:

 

 

ՀՀ պաշտպանության նախարարության եւ այդ գերատեսչությանն ինչ-որ ապրանքներ մատակարարող ընկերությունների միջեւ բախումները շարունակվում են: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը իր նշանակվելու օրվանից պատերազմ է հայտարարել անխտիր բոլորին՝ ընկերությունների ու մատակարարների մեջ տեսնելով բացառապես օրինախախտների: Նկատենք, որ հաճախ ՊՆ-ի կողմից թիրախավորվում են իրապես պրոֆեսիոնալ ընկերություններ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊՆ-ին զինվորականների ներքնաշորեր մատակարարող «Գեւգրուպ» ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ ակնկալելով, որ կվերականգնվի մրցութային հանձնաժողովի կողմից մերժված մրցույթում շահելու իր իրավունքը (ըստ հանձնաժողովի պատճառաբանության` մերժումը եղել է մրցութային հանձնաժողովի քարտուղարի սխալի պատճառով): Ուշագրավն այն է, որ բողոքարկման խորհուրդը եւս մերժել է ՍՊԸ-ի բողոքը՝ առանց հիմնավորման, եւ փաստեր կան, որ մերժման համար եղել է կոնկրետ միջնորդություն: ՍՊԸ-ի տնօրիության հույսը մնացել է դատարանի որոշումը:

 

 

 

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը, կամ որ նույնն է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, մաս չի կազմի իշխող կոալիցիային: Դեռ ամսիներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀԿ-ն քննարկումներից հետո որոշել է կոալիցիոն համագործակցությունը շարունակել միայն ՀՅԴ-ի հետ, իսկ «Ծառուկյան» դաշինքի համար իշխանության ներսում տեղ չկա: Սակայն տեւական ժամանակ այս դաշինքի ներսում, հատկապես իշխանությունների հետ բիզնես կապեր ունեցողները թաքուն հույսեր էին փայփայում, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան կփոխվի, եւ իրենց «ընդդիմադիրի» անհարմար վիճակին վերջ կդրվի: Բայց նրանց հույսերն ի դերեւ ելան, ու սա երկու պատճառով. նախ` ՀՀԿ-ն չի ցանկանում պաշտոններ զիջել, բացի այդ` եթե ԲՀԿ-ն իշխանություն դառնա, խորհրդարանական միակ ընդդիմադիր խմբակցությունը կմնա «Ելք»-ը, որին ստիպված են լինելու ԱԺ պաշտոններ բաշխել՝ այդ թվում եւ փոխնախագահի աթոռը, ինչը ՀՀԿ-ն որեւէ կերպ չի ցանկանում: Ու հիմա չի բացառվում, որ «Ծառուկյան» խմբակցության մի մասը դեմ քվեարկի Սերժ Սարգսյանի թեկնածությանը, իսկ մի մասը կողմ կոճակը սեղմի` իբր միամտաբար:

 

 

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գործերն այնքան էլ լավ չեն: Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նա վաճառել է Աջափնյակ վարչական տարածքում գտնվող «Դոլչե» ՍՊԸ-ն, ընդ որում` այն վաճառել ԱԺ վերջին ընտրություններում թիվ 2-րդ ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով իր մրցակից Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին: Այդ ընտրություններում Արման Սահակյանը ստացել էր 18.5 հազար ձայն, Արտակ Սարգսյանը` 12 հազար քվե: Բայց հետո Արման Սահակյանը հրաժարվեց իր մանդատից` նախընտրելով աշխատանքը գործադիրում: Ենթադրվում է, որ նրա ֆինանսական խնդիրները հենց ընտրությունների պատճառով են ստեղծվել: Նշենք, որ «Դոլչե» ՍՊԸ-ն զբաղվում էր ծննդյան տոնակատարություններ կազմակերպելու գործունեությամբ, այն բավականին ակտիվ կերպով գովազդվում էր երթուղային տաքսիներում: Արման Սահակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքել է ֆինանսական խնդիրների մասին լուրերը, սակայն չի պատասխանել ՍՊԸ վաճառքի մասին հարցերին` նշելով. «Խնդրում եմ` թույլ տվեք գնամ»:

 

 

 

ԴԻՎԵՐՍԻԱ, ԹԵ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՔԱՅԼ
ՀՀԿ ԳՄ անդամներից արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երեկ հայտարարել է, թե իրենց կուսակցությունում վարչապետի մի քանի թեկնածություն է քննարկվել, եւ երբեմն այդ քննարկումները թեժ են եղել: «Նախկինում էլ եմ առիթ ունեցել նշելու, որ յուրաքանչյուր մեծ կուսակցություն չի կարող ունենալ վարչապետի ընդամենը մեկ թեկնածու: Բնականաբար, ՀՀԿ-ն բացառություն չի կարող լինել եւ չի կարող ունենալ վարչապետի մեկ թեկնածու: Սակայն, բնականաբար, հաշվի առնելով առկա մարտահրավերները, մենք որոշակի որոշումներ ենք կայացնում»,- ասել է նա` առանց մանրամասնելու, թե Սերժ Սարգսյանից բացի` ովքե՞ր են եղել ՀՀԿ վարչապետի թեկնածուները: Հարությունյանը միայն նշել է, թե ՀՀԿ ներսում քննարկումները եղել են թեժ: «Ես ձեզ վստահեցնում եմ, որ կուսակցության ներսում այդ քննարկումերը բավականին բաց, երբեմն նաեւ թեժ են եղել։ Դետալների մասին, իհարկե, չեմ խոսելու, որովհետեւ դրանք ներքին կուսակցական գործընթացներ են»:
Հատկանշական է փաստը, որ մինչեւ հիմա ՀՀԿ-ականները պնդում էին, թե Սերժ Սարգսյանն է իրենց միակ ու անփոխարինելի թեկնածուն, թե իրենց մտքի ծայրով անգամ չի անցնում վարչապետի պաշտոնում որեւէ այլ անձի անուն մտածել, ուր մնաց` քննարկել: Ինչպես հիշում եք` նախօրեին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն հայտարարել էր. «Կարծում եմ` պարզ է, թե ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն, որովհետեւ այլ անուն մենք չենք քննարկել, այլ կարծիքներ չեն հնչել, եւ կարծում եմ` որեւէ մեկի մտքով չի էլ անցել: Մենք բոլորս միահամուռ վստահում ենք մեր կուսակցության նախագահին…»:
Բայց հիմա Դավիթ Հարությունյանը հրապարակայնորեն «սխալ է հանել» Շարմազանովին` պնդելով, որ ոչ միայն ՀՀԿ-ականների մտքով անցել է ուրիշ թեկնածուի անուն, այլեւ բարձրաձայն քննարկվել է դա: Եթե Դավիթ Հարությունյանն այս հայտարարությունները չի համաձայնեցրել Սերժ Սարգսյանի հետ, ապա երեկ տեղի ունեցածը կարելի է համարել նույնիսկ դիվերսիա: Ի վերջո, ՀՀԿ-ում գնալով խորանում են անձի պաշտամունքի դրսեւորումները. պատահական չէ, որ երիտասարդ հանրապետականները Սերժ Սարգսյանին անգամ իրենց հայր են անվանել (հիշում եք ՀՀԿ խոսնակի հայտնի ձեւակերպումը` ՀՀԿ-ն մեկ ընտանիք է եւ ունի մեկ հայր` Սերժ Սարգսյան): Ու այդ առումով Դավիթ Հարությունյանի խոսքերը կուսակցական գծից դուրս էին: Չի բացառվում` նաեւ Դ. Հարությունյանը Սերժ Սարգսյանի հրահանգով է գնացել այս քայլին, հատկապես «Ֆրիդոմ հաուզ» իրավապաշտպան միջազգային կազմակերպության վերջին զեկույցից հետո, երբ ՀՀ-ն համարել էին ավտորիտար:




Լրահոս