Հայաստանի իշխանությունները շարունակում են աշխատել հայտնի գործելաոճով. սկզբում մի օրինագիծ են ընդունում շատ հաճախ պահի ազդեցության տակ եւ հետո ամիսներ անց փոշմանում, փոխում իրենց որոշումը: Եվ ուշագրավն այն է, որ հիմնականում իշխանությունները ընդվզում են ընդդիմադիրների կողմից ներկայացված նախագծերի դեմ, սակայն ավելի ուշ ներկայացնում են նույն նախաձեռնությունը՝ իբրեւ դարի անհրաժեշտություն, բայց արդեն իրենց անունից: Երեկ տեղի ունեցածն այդ ամենի վառ ապացույցն է:
ՀՀ կառավարության անդրանիկ դռնփակ նիստում Կարեն Կարապետյանն անդրադարձավ եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման հարցին: «Հարկավոր է անդրադարձ կատարել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցին, քանի որ միկրոմակարդակում այդ հարկատեսակի բեռի նվազեցումն աշխատող յուրաքանչյուր քաղաքացու համար կավելացնի իրական տնօրինվող եկամուտները, իսկ մյուս կողմից՝ գործատուին հնարավորություն կտա նույն աշխատավարձի պայմաններում ներգրավվել առավել որակյալ աշախատողների։ Զուգահեռաբար, անհրաժեշտ է հարկային բեռի թեթեւացման հետ մեկտեղ հարկային վարչարարության գործիքակազմը բարելավել այնպես, որ էապես նվազեցվեն եւ կանխվեն հարկումից խուսափելու դեպքերը, ապահովվի նաեւ բյուջետային կայունությունը», – նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարապետյանը։
Բանն այն է, որ մեծ աղմուկով ընդունված «Հարկային օրենսգրքի» դրույթները, որոնք վերաբերում են եկամտային հարկի դրույքաչափերին, ուժի մեջ են մտել 2018 թվականի հունվարի 1-ից եւ փաստորեն այդ որոշումից ամիսներ անց գործադիրը փոխում է միտքը: Եվ սա այն դեպքում, երբ այդ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ոչ մեկ անգամ բարձրաձայնել են ընդդիմադիր «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները, եւ որոնք, բնականաբար, մերժվել են իշխող Հանրապետական կուսակցության կողմից:
Մասնավորապես 2018 թվականի հունվարի 15-ի նիստում Ազգային ժողովը 33 կողմ, 54 ձեռնպահ եւ 0 դեմ ձայներով մերժեց «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը» ԱԺ օրակարգում ընդգրկելու մասին հարցը, որը հենց վերաբերում էր եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցմանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշել էր, թե իրենք առաջարկում են աշխատավարձի չափից ելնելով եկամտային հարկի նվազեցումներ կատարել: Մասնավորապես մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար 23 տոկոս եկամտային հարկն իջեցնել 21 տոկոսի, 150 հազարից մինչեւ 300 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար հունվարի 1-ից գործող 28 տոկոս եկամտային հարկն իջեցնել 26 տոկոսի:
«Կառավարությունը 2015-ից հետո թոշակ ու աշխատավարձ չի բարձրացրել, եւ միջնաժամկետ ծրագրով էլ նախատեսում է, որ մինչեւ 2020 թվականը ներառյալ եւս չի բարձրացնելու: Եթե մենք ասում ենք, որ թոշակ ու աշխատավարձ չենք բարձրացնում, ապա միակ գործուն միջոցը եկամտային հարկի իջեցումն է, որովհետեւ գնաճի զսպման մեխանիզմները կարող են կրել միայն մասնակի բնույթ: Պետք է ժողովրդին շանս տալ, որ շնչի», – այն ժամանակ նշել էր ԱԺ փոխնախագահը:
Իշխանությունը, սակայն, կատաղի դիմադրեց: Մասնավորապես ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն առաջարկի քննարկման ժամանակ իբրեւ մերժման հիմնավորում նշեց. «Եթե այս նախագիծը չլիներ, հարկային օրենսգրքով հունվարի 1-ից հետո մինչեւ 279 հազար աշխատավարձ ստացողների եկամտային հարկը նվազում էր: Դա աշխատավարձ ստացողների մոտ 90 տոկոսն է: Եթե այս նախագիծը դնում ենք շրջանառության մեջ, շահը 300 հազար դրամ աշխատավարձ ստացողի համար կազմում է 3200 դրամ: Այսինքն` սրանով որեւէ աշխատողի եկամուտն ավելացնում ենք ընդամենը 3200 դրամով, օրական 100 դրամով: Հիմա ասեք` այդ 3200 դրամով մենք այդ ընտանիքի՝ գնաճին դիմակայելու կարողություններն ավելացնո՞ւմ ենք: Այսպիսի նախագծերը ոչ թե քաղաքական խնդիր են լուծում, այլ ստեղծում են տպավորություն, որ մենք ուզում ենք ինչ-որ մի բան անել: Մենք ավելի շատ իմիտացիա ենք անում, թե ինչ-որ հարց ենք լուծում: Մենք` ՀՀԿ-ականներս, ձեռնպահ քվեարկեցինք հանձնաժողովում»:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հարկային օրենսգրքով» եկամտային հարկի նոր սանդղակ է սահմանված: Ըստ այդմ, բարձրացել է եկամտային հարկը 150 հազար դրամից մինչեւ 2 մլն դրամ աշխատավարձ ստացողների համար՝ 26 տոկոսից դառնալով 28 տոկոս։ Ընդ որում, 2 մլն դրամից ավելի ստացողների համար եկամտային հարկի դրույքաչափը չի փոխվել, մնացել է 36 տոկոս։
Բացի այդ` դեռ 2017 թվականի վերջին ստորագրելով նույն «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրինագիծը` արդեն 2018 թվականի հունվարի 9-ին Սերժ Սարգսյանն իր մոտ կանչեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանին եւ խիստ դեմքով հանձնարարեց զերծ մնալ հարկային օրենսդրությունը փոփոխելու ոչ հեռանկարային գործելաոճից, եւ սա ասվում է այնպես, կարծես Սարգսյանն ամենեւին էլ տեղյակ չէր, որ այդպիսի բան է արվել:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների ժամանակ այդ փաթեթը բուռն քննադատության ենթարկվեց: Ընդ որում, բավականին փաստարկված: Բայց որեւէ փաստարկ ըստ էության չընդունվեց: Փոխարենը, ամիսներ անց Կարեն Կարապետյանն անմեղ դեմքով հայտարարեց թե անհրաժեշտ է հարկային բեռի թեթեւացման հետ մեկտեղ, հարկային վարչարարության գործիքակազմը բարելավել այնպես, որ էապես նվազեցվեն եւ կանխվեն հարկումից խուսափելու դեպքերը:
Բայց իրականում հասկանալի է, որ այս ամենն իշխող ՀՀԿ-ն անում է ընդամենը քարոզչական շոուի նպատակով` հավանաբար փորձելով Սերժ Սարգսյանի վարչապետությունից առաջ մեղմել հասարակական դժգոհությունները:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՆԲԱԺԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ
Ինչպես հայտնի է՝ խորհրդարանում յուրաքանչյուր պատգամավոր ունի իր առանձին աշխատասենյակը, եւ հազվադեպ դեպքերում է, երբ մեկ աշխատասենյակում երկու պատգամավոր է հանգրվանում: Դա էլ թերեւս միայն մշտական հանձնաժողովների նախագահների եւ փոխնախագահների եւ խմբակցության ղեկավարների ու քարտուղարների դեպքում է լինում, որոնց համար մեկ աշխատասենյակ է հատկացված լինում: Սակայն պարզվում է՝ վեցերորդ գումարման խորհրդարանում մեկ աշխատասենյակ է հատկացվել հակադիր կուսակցությունների ներկայացուցիչների համար: Մասնավորապես իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանի /Ջերմուկի Աշոտ/ եւ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի /Շշի Մելո/ աշխատասենյակը նույն է: Սա թերեւս եզակի երեւույթ է, երբ անգամ տարբեր կուսակցություններին նրանց անդամակցությունը չի խանգարել մեկ աշխատասենյակ ունենալ: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ հիշյալ երկու պատգամավորն էլ խորհրդարան են գալիս միայն քվեարկությունների ժամանակ ու արագ ճողոպրում, նրանց մեկ աշխատասենյակ հատկացնելն էլ կարելի է շռայլություն համարել: Ինչ վերաբերում է երկու գործարար պատգամավորների՝ հակադիր ճամբարներում գտնվելուն, սա էլ հարաբերական է, որովհետեւ ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանին դժվար է պատկերացնել ընդդիմադիրի կերպարում:
ՓՈՐՁԵԼ Է ԹԱՔՑՆԵ՞Լ
ՀՀ վերահսկիչ պալատը տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում պատրաստվում է այս տարի եւս ստուգումներ իրականացնել: Բանն այն է, որ անցած տարում ՎՊ-ն վերահսկողություն է իրականացրել նշված գերատեսչությունում՝ հատկացված բյուջետային միջոցների օգտագործման եւ պետական սեփականության կառավարման վերաբերյալ: Ուսումնասիրությունների շրջանակում ՎՊ-ն նախարարությանը հարցումներ է արել, բայց արի ու տես, որ այնտեղից տեւական ժամանակ պարզապես հրաժարվել են պատասխանել հարցումներին ու չեն տրամադրել անհրաժեշտ տեղեկությունները: Ասել է, թե այս նախարարությունը փորձել է կոծկել իր մոտ չարաշահումները: Եւ միայն ՎՊ երկրորդ հարցմանն են նախարարությունից բարեհաճել պատասխանել, այն էլ, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՎՊ եզրակացությունից, սահմանված ժամկետից ուշացումներով եւ ոչ ամբողջական: Մինչդեռ ՎՊ-ն պետք է դիտարկում իրականացնելուց հետո վերլուծություններ աներ: Բայց քանի որ նախարարությունը ուշացրել է, ՎՊ-ի համար առաջացել է ժամկետային սահմանափակումներ: Արդյունքում այս տարի եւս նախարարությունը կհայտնվի ՎՊ թիրախում: Սա հերթական անգամ ապացուցում է, որ նախարար Վահան Մարտիրոսյանը այդպես էլ մնում է անտեղյակ իր ղեկավար ոլորտին, իսկ խնդիրների դեպքում փորձում է այսպես ճողոպրել:
Ո՞Վ Է ՍՐԱ ՏԵՐԸ
ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը երեկ «Ազատություն» ռ/կ հետ զրույցում ասել է, թե «Երկրին տեր է անհրաժեշտ», եւ հավելել է, թե որպես տեր ուզում է տեսնել Սերժ Սարգսյանին: Նա մանրամասներ է փոխանցել ՀՀԿ ԳՄ վերջին նիստից. «Սերժ Սարգսյանին համոզելու կարիք չի եղել: Համոզելու կարիք կլիներ այն դեպքում, երբ որոշակի քննարկումներ լինեին, եւ այդ քննարկումների ընթացքում որոշակի մտքեր արթնանային: Խնդիրը հետեւյալն էր՝ որ բոլորը մեկ առ մեկ այդ խնդրի մասին խոսեցին դրական առումով»,- ասել է նա` պատմելով, որ ԳՄ բոլոր անդամները երեկ ունեցել են դրական ելույթներ: Ս. Սարգսյանը եղել է լսողի դերում:
ԼՈՒՐՋ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ
Ադրբեջանում անցկացված արտահերթ նախագահական ընտրություններում ձայների 94 տոկոսի հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ գործող նախագահ Իլհամ Ալիեւը ստացել է քվեների առնվազն 86 տոկոսը եւ շարունակելու է ղեկավարել երկիրը։ Ըստ ԵԱՀԿ հաղորդագրության` Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններն անց են կացվել սահմանափակ քաղաքական միջավայրում, գործող այնպիսի օրենքների պայմաններում, որտեղ սահմանափակվում են այն հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք անհրաժեշտ են իրական ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար: Կազմակերպությունն արձանագրել է, որ ընտրությունների օրը նկատվել են պարտադիր ընթացակարգերի լայնածավալ խախտումներ, թափանցիկության բացակայություն, բազմաթիվ լուրջ խախտումներ:
ԹՌՈՒՑԻԿՆԵՐ Է ՆԵՏԵԼ
Երեկ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր քայլարշավի ժամանակ, նկատելով ճանապարհով անցնող Սերժ Սարգսյանի մեքենաների շարասյունը, հարյուրավոր թռուցիկներ է գցել զրահապատ մեքենայի վրա։ «Սերժ Սարգսյանի կամ Կարեն Կարապետյանի կորտեժն էր. Սերժ Սարգսյանի խոսքերով՝ հարյուրավոր թռուցիկներ ճպպացրեցի զրահապատ մեքենայի վրա։ Գրեթե հաստատ Սերժն էր»,- գրված է Նիկոլ Փաշինյանի սոցցանցի էջում: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պայքար է սկսել Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ:
ՄԵԿՆԵԼ Է
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա: Պատվիրակությունը ապրիլի 12-14-ը կմասնակցի Աստանայում անցկացվող ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին: