Հայաստանում ամրանների եւ ամրալարերի վաճառքով զբաղվող «Միկմետալ» ընկերությունը մտադիր է նոր հանքավայր շահագործել եւ ընդլայնել արդեն ունեցած հանքը: Տեղեկացնենք, որ «Միկմետալ» ընկերությունը պատկանում է ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահան Հարությունյանի ընտանիքին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Միկմետալ» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարություն հայտ է ներկայացրել` լիթոիդային պեմզաների (Լանջ տեղամաս) հանքավայրերի շահագործման եւ ընդլայնման վերաբերյալ: Ըստ ՀՀ էներգետիկ եւ բնական պաշարների նախարարության` «Միկմետալ» ընկերությունը դեռեւս 2012-ին ստացել է ընդերքօգտագործման թույլտվություն եւ զբաղվում է օգտակար հանածոյի արդյունահանմամբ: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը դարձյալ դիմել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու պահանջով: Մինչ նախարարությունը կերկարաձգի ժամկետը, ընկերությունը նախատեսել է նոր հանքավայր շահագործել նույն տարածքում՝ ընդլայնելով եղածը: Ավելին` հանքավայրի ընդլայնված բացահանքից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ են տեղի ունեցել Ջրաբերի գյուղապետարանի շենքում: Այդ մասին բնապահպանության նախարարությանը ներկայացվել է արձանագրություն:
«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրությունից տեղեկացավ, որ քննարկումներին ներկա են գտնվել ընկերության ներկայացուցիչ Ա. Ավագյանը, Ջրաբերի վարչական տարածքի ղեկավար Գեւորգ Հայրապետյանը, համայնքի ներկայացուցիչ Դանիել Դանիելյանը եւ 3 բնակիչ: Ըստ այդ արձանագրության` հանրային քննարկման ժամանակ Ջրաբերի վարչական ղեկավար Գեւորգ Հայրապետյանը հայտարարել է, որ ունի դրական մոտեցում եւ կարծիք հանքավայրի տեղամասերի նախագծի վերաբերյալ, քանի որ ընկերությունն իր գործունեության ընթացքում խնդիրներ չի առաջացրել համայնքում: Ինչպես նաեւ հանքավայրում աշխատում են գյուղի բնակիչներ, որը ըստ համայնքի վարչական ներկայացուցչի` կարեւոր է:
Իսկ ահա ընկերության ներկայացուցիչը իր հերթին տեղեկացրել է, որ իրենք հանքարդյունաբերության ոլորտում ունեն բազմամյա աշխատանքային փորձ, ապա վստահեցրել է, որ աշխատանքների ընթացքում պահպանվում են տեխնիկական անվտանգության կանոնները եւ այլն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քննարկումների մասնակիցների կողմից որոշվել է հավանություն տալ Կոտայքի մարզի Բյուեղավան համայնքի Ջրաբերի լիթիոդային պեմզաների հանքավայրի ընդլայնված բացահանքից օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի իրականացմանն ու հիմնական գնահատման փուլում ներկայացված հաշվետվությանը:
Բացի այս` ընկերության կողմից բնապահպանության նախարարությանը ներկայացվել է Ջրաբերի լիթոիդային պեմզաների հանքավայրի Լանջ տեղամասի ընդլայնման փորձաքննության նախագիծ: Ի դեպ, նախկինում հանքավայրը շահագործվել է նույն ընկերության կողմից: Հանքավայրը աշխատանքով ապահովելու է 8 մարդու: Ըստ ընկերության` մոտակայքում չկան արդյունաբերական, գյուղատնտեսական ձեռնարկություններ, ստորգետնյա շինություններ, որոնց վրա կարող է ազդել հանքի շահագործումը:
Բայց գյուղի բնակիչների մի մասը պնդում է, որ բացահանքի շահագործումը կվնասի անասնապահությանը եւ հողագործությանը: Ըստ նրանց` քամիներից կմեծանան աղտոտված տարածքները, արդյունքում կխախտվեն սանիտարական նորմերը: Սա խոստովանել է նաեւ ընկերությունը իր փորձաքննության նախագծում եւ պնդել, որ միջոցառումներ են ձեռնարկվում շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու ուղղությամբ: Նշենք, որ Ջրաբերի լիթոիդային պեմզաների հանքավայրի Լանջ տեղամասը գտնվում է Նուռնուս գյուղից ավելի քան 2 կմ հարավ-արեւելք եւ Ջրաբեր գյուղից ավելի քան 1 կմ հյուսիս-արեւմուտք:
Բացի այս` ապրիլի 25-ին Մայակովսկու գյուղապետարանում տեղի է ունենալու «Սթոուն լենդ» ընկերության կողմից Կոտայքի մարզի Բալահովիտի բազալտի հանքավայրի ընդլայնման եւ արդյունահանման աշխատանքների գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ: Ի դեպ, «Հետք» լրատվական կայքում հրապարակված տեղեկության համաձայն` «Սթոուն լենդ»-ի բաժնետերը «Միկմետալ» ընկերությունն է: «Ժողովուրդ» օրաթերթը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից տեղեկացավ, որ նշված ընկերությունը Նորագյուղում, Բալահովիտում պետք է բազալտի արդյունահանմամբ զբաղվի մինչեւ 2032 թվականը:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց նաեւ «Միկմետալ» ընկերության հետ, որտեղից փոխանցեցին, որ անպայման կարձագանքեն խնդրին: Պատրաստ ենք հրապարակել նաեւ երկրորդ կողմի կարծիքը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԱՐԶԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԸ ԿԼՈՒԾԱՐՎԵՆ
ArmLur.am-ը տեղեկացել է, որ «Վարդենիսի հիվանդանոց» ՓԲԸ-ն կլուծարվի: Ընկերությունը լուծարելու մասին որոշման նախագիծը կառավարությանն է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ընկերության լուծարման նպատակն է տարածաշրջանի բնակչության ստացիոնար բժշկական օգնության ու սպասարկման աշխատանքները բարելավելը եւ թափուր հաստիքները համալրելը:
ArmLur.am-ը պարզել է, որ տարածաշրջանի բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման հանձնարարումը այսուհետ կկատարի կայազորային հոսպիտալը: Նշենք, որ «Վարդենիսի հիվանդանոց» ՓԲԸ-ն ու ՀՀ ՊՆ Գեղարքունիքի կայազորային հոսպիտալը գործում են մեկ տարածքում: Ի դեպ, ըստ ՊՆ-ի` Վարդենիսի ազգաբնակչության շրջանում բարդ վիրաբուժական դեպքերի գրեթե 30 տոկոսը սպասարկվում է հոսպիտալի կողմից: Հիվանդանոցի ցածր շահութաբերության պատճառով երկար տարիներ որեւէ այլ շինարարական աշխատանքներ չեն իրականացվել: Նշենք, որ քաղաքային հիվանդանոցի եւ կայազորային հոսպիտալի միացման հեռանկարից խիստ մտահոգվել էին հիվանդանոցի աշխատակիցները: Վերջիններս վստահ էին, որ միացման արդյունքում իրենք գործազուրկ կդառնան:
ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած որոշման նախագծի համաձայն՝ «Սիսիանի հիվանդանոց» ՓԲԸ-ն նույնպես կլուծարվի: Իսկ տարածաշրջանի բնակչության բուժօգնությունն ու սպասարկումը կիրականացնի Զանգեզուրի կայազորային հոսպիտալը: Բանն այն է, որ հիվանդանոցը եւ հոսպիտալն առօրյա գործունեության ընթացքում հաճախ կրկնում են տարածաշրջանի բնակչության ստացիոնար բժշկական օգնության գործառույթները` երբեմն նաեւ խանգարելով մեկմեկու: Ըստ ՊՆ-ի` հիվանդանոցի հաստիքների համալրումը բավականին մեծ խնդիրներ է առաջացնում` կապված հեռու տեղակայման ու ցածր վարձատրության հետ: Ի դեպ, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հիվանդանոցի գույքը կամրացվի պաշտպանության նախարարությանը, որն էլ իր հերթին այն կտրամադրի «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկին։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարության որոշման համաձայն` 2018թ. ապրիլի 30-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2018թ. մայիսի 5` շաբաթ օրը: Նախագծի հիմնավորման համաձայն՝ աշխատանքային օրը տեղափոխելը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին մայիսի 1-ի տոնական օրից առաջ ունենալ հանգստյան օրեր:
ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՓԱՅԼԱՆԻ ԴԵՄ
Անկարայի հանրապետական դատախազությունում քննություն է սկսվել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության 8 անդամի, այդ թվում՝ հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ։ Պատգամավորները մեղադրվում են թուրք ժողովրդին եւ Թուրքիա պետությանը, կառավարությանը, պետության զինվորին կամ անվտանգության ուժերին վիրավորելու, ահաբեկչական կառույցների օգտին քարոզչությամբ զբաղվելու, քաղաքական կուսակցությունների կանոնակարգին դեմ գործելու եւ երկրի նախագահին վիրավորելու համար: Անկարայի դատախազությունը պահանջ է ներկայացրել զրկել 8 քաղաքական գործիչներին՝ Փայլանին, Օսման Բայդեմիրին, Ալիջան Օնլյուին, Ֆելեքնազ Ուջային, Սիբել Յիյիթալփին, Նադիր Յըլդըրըմին, Դիլեք Օջալանին, Միզգին Ըրգաթին, պատգամավորական մանդատից։
Հայտնի է, որ գործի շրջանակում հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեղադրվում է` 2017 թվականին Կանադա կատարած այցի ընթացքում տված հարցազրույցներից մեկում թուրք ժողովրդին եւ Թուրքիա պետությանը, կառավարությանը վիրավորելու համար: Պահանջն ուղարկվել է երկրի արդարադատության նախարարություն՝ ավելի ուշ խորհրդարանին ներկայացնելու համար:
ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Արձանագրվել է սանիտարական անձնագիր չունեցող եւ սահմանված նորմերին չհամապատասխանող տրանսպորտային միջոցով հացի տեղափոխման դեպք: Հացի մատակարարումն արգելվել է։ Պարզվել է, որ նշված փոխադրամիջոցով տեղափոխվում է Երեւանում գործող անհատ ձեռնարկատեր Վալերի Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասի արտադրանքը, որն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ խախտումներով: Արդյունքում կասեցվել է թե՛ հացի արտադրամասի գործունեությունը, թե՛ արտադրված առկա հացի ողջ խմբաքանակի իրացումը:
Տնտեսվարողին տրվել են խախտումները վերացնելու եւ սահմանված նորմերին համապատասխանող տրանսպորտային միջոցով հացի մատակարարում իրականացնելու հանձնարարականններ, սահմանվել է ժամկետ: