ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 12-ին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանին այլընտրանք վարչապետի թեկնածուներ են եղել, սակայն անուններ չէր հրապարակել: Այս հայտարարության եւ քաղաքական այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ:

-Պարո՛ն Սահակյան, Դուք կարծում եք, որ միայն Ս. Սարգսյա՞նը կարող է լինել վարչապետի պաշտոնում:
-Նրանք, ովքեր հայկական մտածողություն ունեն: Ինչի՞ մենակ Սերժ Սարգսյանը: Այնքան մարդ կարող է լինել… Միայն թե մարդիկ պիտի կարողանան ընտրել` ո՞վ է նա:
-Հիմա բացի իրենից` ո՞վ կարող է լինել:
-Օրինակ` եթե Դուք էլ եք այդ ճանապարհով անցել, այդ բարձր խոհեմությունն ունեք Ձեր ազգի նկատմամբ, Ձեր մեջ էլ դա կարելի է տեսնել: Իսկ այս պահին` որպես վարչապետ, բնականաբար, մենք ընդունել ենք Սերժ Սարգսյանին: Եթե այլ թեկնածուներ կան, խնդրեմ, կարող են մեր մասսաներն այդ ուղղությամբ աշխատանք կատարել եւ ասել` ում են տեսնում:
-Բայց ՀՀԿ-ում վարչապետի մեկ այլ թեկնածու չկա՞ր` բացի Ս. Սարգսյանից:
-Որպես վարչապետ ՀՀԿ-ում եւ, ընդհանրապես, կառավարության անդամ, մենք շատ մարդիկ ունենք նման տիպի: Բայց այս դեպքում որպես վարչապետ եւ պետական ծրագրեր իրականացնելու համար մենք միաձայն որոշել ենք Սերժ Սարգսյանին:
-Արդարադատության նախարար Դ. Հարությունյանը հայտարարել էր, որ բացի Ս. Սարգսյանից, որպես վարչապետի թեկնածու նաեւ այլ անձանց շուրջ է եղել քննարկումը: Էլ ո՞ւմ շուրջ են եղել քննարկումները:
-Նման թեկնածությունների շուրջ քննարկումներ չեն եղել: Եվ, ընդհանրապես, այդ մասին խոսակցություններ չեն եղել: Ես չգիտեմ` Դավիթ Հարությունյանն ասե՞լ է, թե՞ չի ասել:
-Հստակ ասել է հենց այդպես:
-Բնականաբար, նման քննարկումներ չեն եղել: Գոնե ես դրանց տեղյակ կլինեի: Նման խոսակցություն էլ չէր կարող լինել: Մեր ամբողջ կուսակցությունը եւ մենք բոլորս դեռեւս ժամանակին, բացի մեկս մյուսին ասելուց, նաեւ մամուլի հետ զրույցում ասել ենք մեր տեսակետները:
-Փաստ է, որ վերջին 10 տարիների ընթացքում գրեթե 400.000 մարդ է երկրից հեռացել, աղքատությունը պաշտոնական տվյալով, գրեթե 30 տոկոս է եւ չի նվազում, եւ այլ խնդիրներ կան:
-Այդ մասին քննարկումների ժամանակ կասենք, եւ երկրորդը` եթե երկրում որոշակի դեպքեր են տեղի ունեցել. մեկը մեծ է համարում, մեկը` փոքր է համարում, դա կարելի բարդել մի մարդու վրա: Մեր ամբողջ քաղաքական գործընթացը բացահայտել է դա, այնպես չի, որ երկրում ինչ-որ բան պատահել է, եւ մյուսներին դուր չի գալիս դա, կամ գալիս է, ինչ-որ մեկը դրա համար անմիջապես պատասխան է տալիս: Բայց կարող է պատասխան տալ ցանկացած հայ քաղաքացի, ցանկացած իշխանավոր:
-Բայց ո՞վ պետք է, ի վերջո, պատասխան տա. ՀՀԿ-ից ինչ-որ մեկը պե՞տք է պատասխան տա, թե՞ ոչ: Մեղավորն ո՞վ է:
-Միշտ մտածեք, որ քո ազգի ներկայացուցիչներին պատասխանատվության մի կանչեք: Մենք գնում ենք դեպի ամուր պետություն. մեր տեսլականը դա է: Եվ այդպես պատասխան տվող, պատասխան ասող փողոցներում ինչ-որ բաներ խոսող ազգը, կարծում եմ` շատ դժվարությամբ առաջ կգնա:
-Բայց եթե մեղավորները չպատժվեն, կարո՞ղ ենք երկրում զարգացում ապահովել:
-Մեղավորներ չկան, մի՛ փնտրեք մեղավորներ: Մենք դեռեւս նոր-նոր անկախ պետություն ենք ստեղծել, եւ չեմ կարծում` մեղավորներ փնտրելու կարիք ունենք: Մենք առաջին անգամ կարողացել ենք ունենալ պետություն, եւ պիտի մտածենք այդ պետության ամրացման մասին:
-Բայց քիչ առաջ ասում էիք` բոլորն են մեղավոր. քաղաքացիները, իշխանավորները:
-Այո՛, բոլորը: Եթե երկրում թերություններ կան, բոլորն են մեղավոր: Մենք պիտի մտածենք, թե ինչպես անենք, որպեսզի կայուն դարձնենք մեր երկրի գործառույթները:
-Իսկ Ն. Փաշինյանի պայքարն` ընդդեմ Ս. Սարգսյանի վարչապետության, ըստ Ձեզ` արդյունք կտա՞:
-Մեր երկրում ընդդիմություն չկա, կան ընդամենը ընդդիմադիր գործիչներ: Չկա այնպիսի ընդդիմություն, որին երկրպագող ժողովուրդ լինի: Եթե որոշ չափով մարդիկ են հավաքվում, նրանք այն մարդիկ են, որոնք ինչ-որ մի բանից նեղացել են, եւ ոչ թե հավաքվում են մեկի կամ մյուսի համար, այլ այն, ինչն իրենք ունեն իրենց առօրյա կյանքում: Նրանք, ովքեր կարողանում են հոգատար լինել եւ պետության ընդհանուր գործերին տեր լինել ոչ թե իրավունքներով, այլ իրենց մտքով, գաղափարներով, հարկավոր է նրանց մասին խոսել: Թե չէ այսօր ընդդիմություն չկա, որը շատ դժբախտ պատահար է մեր պետության համար: Չկա ընդդիմադիր ուժ, որն իր ետեւից կարողանա տանել մարդկանց:
-Իսկ ո՞վ է մեղավոր այս հարցում: Կարծիք կա, որ հենց իշխանությունն այնպես արեց, որ ընդդիմությունն իր դիրքերը զիջեց:
-Ես կարծում եմ` առաջինը Դուք եք մեղավոր, երկրորդը` Ձեր հարեւանը, մյուսը` իմ բարեկամը, Ձեր ամենամոտիկ ընկերուհին: Ման մի՛ եկեք մեղավորներ: Ընդամենը լցվեք ազգային գաղափարախոսությամբ:
-Եթե կարծում եք` չկա ուժ, որը կարող է առաջնորդել, այսինքն` իմաստ չունի՞ ներկայում տարվող պայքարը: Այդ դեպքում ինչո՞ւ են պայքարում:
-Ես շատ բաներ եմ կարծում, որոնք այսօրվա կատարված իրողությունների հետ ընդհանրապես չի համընկնում: Ես կարծում եմ հետեւյալը. մենք կարողանանք որոշակիորեն մեր դիրքորոշումները ներկայացնել հանրությանը:
-Իսկ ինչո՞ւ չպետք է Կ. Կարապետյանը շարունակեր աշխատել վարչապետի պաշտոնում:
-Կ. Կարապետյանը մեզանում համարվում է լավագույն վարչապետներից մեկը: Այն վարչապետը, որին մենք ընտրել ենք: Նա տնտեսական փոխհարաբերություններում կարողանում է դիրքորոշումներ ցույց տալ: Իսկ երկրի քաղաքական ամբիոնը, դա կարծում եմ` բավական լուրջ փորձարարական, կուսակցական, քաղաքական հարցերին մասնակցած մարդիկ կկարողանան առաջ տանել: Ես կարծում եմ, որ Կ. Կարապետյանը մեզ համար կարեւորագույն քաղաքական գործիչ է եւ պիտի կարողանա առաջիկայում իր դիրքորոշումներն արտահայտել:

 

 

 

ԲԱՐՈՅԱԿԱՆ ՉԷ, ՈՐ ԿԱՐԾԻՔՍ ՀԱՅՏՆԵՄ

Սերժ Սարգսյանի վարչապետության շուրջ տարատեսակ կարծիքները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ԱԺ-ում ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից պարզել, թե արդյո՞ք իրենք կողմ են իշխող կուսակցության ներկայացրած թեկնածուին, թե, այնուամենայնիվ, դեմ կքվեարկեն:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, որը ժամանակին ՀՀԿ անդամ էր՝ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը, ավելին՝ նա Սերժ Սարգսյանին Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում էր շնորհել, սակայն քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո դադարեցրեց նաեւ անդամակցությունն այդ կուսակցությանը:
-Պարո՛ն Ղուկասյան, Դուք Գյումրու քաղաքապետ եղած ժամանակ Սերժ Սարգսյանին պատվավոր քաղաքացու կոչում էիք տվել: Հիմա Ձեր անձնական կարծիքը ո՞րն է` Սարգսյանը պե՞տք է լինի վարչապետ, թե՞ ոչ:
-Չեմ կարող ասել:
-Գալուստ Սահակյանն ասել է, որ երկրին տեր է անհրաժեշտ, եւ կարծում է, որ այդ տերը Սերժ Սարգսյանը պետք է լինի: Դուք ի՞նչ եք կարծում` ո՞վ պետք է տերը լինի:
-Գալուստ Սահակյանն ասել է, լավ է արել: Ինչ խնդիր. ամեն մարդ իր կարծիքն ունի: Ես հիմա ոչ մի բան չեմ կարող ասել, մինչեւ թիմը չորոշի:
-Բայց Դուք ի՞նչ եք կարծում` երկրին հիմա տեր պե՞տք է, եւ ո՞վ պետք է լինի այդ տերը:
-Ես հիմա ոչ մի բան չեմ կարող ասել: Դա բարոյական չէ, որ որեւէ մեկի նկատմամբ կարծիքս հայտնեմ: Դա բարոյական չեմ համարում: Սպասեք, նայենք` թիմն ինչ է որոշում, ըստ այդմ ամեն մարդ իր խոսքը կունենա, կասի:
-Այն, որ երկրում արտագաղթ կա, տարբեր խնդիրներ կան, ի՞նչ եք կարծում` ի՞նչ ձեւով կարելի է լուծել այդ խնդիրները:
-Երկրում յուրաքանչյուր խնդիր կարելի է լուծել` գրպանները կարելով: Համար առաջինը գտնում եմ դա` բարոյականությունը պահել, պահպանելով…երկիրը շատ սիրելով: Գիտեք` երկնքից արեգակ պետք չի իջեցնել, ուղղակի մի քիչ այնպես անել, որ ժողովուրդն ապրի: Իսկ դա շատ հանգիստ կարելի է անել. ընդհանուրի շահերը ամեն ինչից բարձր լինի:
-Իսկ ովքե՞ր բարոյականությունը չեն պահում, իրենց հետ ինչպե՞ս է պետք վարվել:
-Դուք ինձնից լավ գիտեք` ովքեր են..:
Այս ասելով` Վարդան Ղուկասյանն անջատեց հեռախոսը:

Նյութերը՝ ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ԵՐՇԻԿԱԳՈՐԾԸ
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը անցած տարի ակտիվորեն զբաղվել է անշարժ գույքի առուվաճառքով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կարապետյանը անցած տարում 254 մլն 562 հազար դրամով անհատական բնակելի տուն է վաճառել, 135 մլն դրամով` բնակարան: Փոխարենը 28 մլն 293 հազար դրամով գնել է շինություն, 48 մլն դրամով` հողամաս: ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի դրամական միջոցները անցած տարեվերջին կազմել են 338 մլն դրամ, 718 հազար դոլար եւ 218 հազար եվրո: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է ամսական մոտ 500 հազար դրամի չափով աշխատավարձը, տրված փոխառության դիմաց ստացած 16.2 մլն դրամն ու 24 հազար դոլարը, ստացած փոխառությունները, վարկերը` 73.2 մլն դրամի չափով: Ի դեպ, տեղեկացնենք, որ նա մինչեւ այս պաշտոնը զբաղեցնելը «Նատֆուդ» մսամթերքի ընկերության տնօրենն էր: Եւ պետական համակարգում է հայտնվել վարչապետի` Կարեն Կարապետյանի շնորհիվ. նրանք ազգականներ են:

 

 

ԳԱՌՆՈՒԿՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում դեռ տեղադրված չեն մի շարք կարեւույն պաշտոններ զբաղեցնող անձանց` 2017թ տարեկան հայտարարագրերը: Ներկայացված չեն վարչապետ Կարեն Կարապետյանի, մի շարք պատգամավորների, օրինակ՝ Հերմինե Նաղդալյանի, Արտակ Սարգսյանի, Գեւորգ Կոստանյանի եւ շատ այլ գործիչների հայտարարագրեր: Վարչապետի խոսնակ Արամ Արարատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդում էր, թե Կարապետյանի հայտարարագիրն ուղարկվել է, եւ տեղյակ չէ, թե ինչու չի դրվել: Ստացվում է՝ այս հանձնաժողովի անդամները, որ միլիոնավոր դրամների աշխատավարձ են ստանում, մատնված են բացարձակ պարապուրդի` զլանալով անգամ ստացված հայտարարագրերը կայքում տեղադրել: Չնայած հանձնաժողովի անդամ Արտակ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում արդարացավ, թե հայտարարագրերը կայքում հրապարակված չեն «…որովհետեւ օրական 200-300 հատ ենք հասցնում հրապարակել»:
Ի դեպ, նշենք, որ երեկ հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, թե մինչեւ մարտի 30-ը՝ 2017թ. տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը, ակնկալում էր ստանալ 3 հազար 233 պաշտոնատար անձանց հայտարարագրեր: Սակայն ապրիլի 10-ի դրությամբ հայտարարագիր է ներկայացրել նրանցից 3 հազար 27-ը: Ասել է, թե այս պահին արդեն կա 206 օրինախախտ պաշտոնյա, որոնք չեն ցանկանում հրապարակայնացնել իրենց գույքն ու եկամուտները: Հիմա Էթիկայի հանձնաժողովը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ստուգել հայտարարագրված տվյալների արժանահավատությունն ու ամբողջականությունը: Չնայած դժվար է հավատալ, որ Էթիկայի հանձնաժողովը կհամարձակվի հատկապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց ունեցվածքի մասին բացահայտումներ անել. նրանք կշարունակեն նախկինի նման լռել եւ աչք փակել:




Լրահոս