ՀՈՒՅՍԸ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Սերժ Սարգսյանը Հայաստանում լուծում է իր իշխանավարության շարունակության հարցը, հարեւան Ադրբեջանում նույնպիսի զբաղվածություն ունի Իլհամ Ալիեւը: Երկու պետություններում էլ սկզբունքային տեսանկյունից ընթանում է նույն գործընթացը, պարզապես տարբեր են ձեւերը: Այս իրավիճակում զարմանալի էլ չէ միջազգային հանրության անտարբերությունը Հայաստանի ու Ադրբեջանի ավտորիտարացման գործընթացների նկատմամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, թե արտաքին կենտրոնների համար որքան կարեւոր է պահպանել հավասարակշռությունը այս երկու պետությունների միջեւ:

Իլհամ Ալիեւը Ադրբեջանի նախագահ ընտրվեց արդեն չորրորդ անգամ: Այս ընտրություններում Ալիեւը ստացավ շուրջ 86 տոկոս ձայն՝ մրցակցության մեջ հաղթելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: 15 տարի կառավարելուց հետո Ալիեւը ստացավ նոր 7-ամյա ժամկետի հնարավորություն: Հաշվի առնելով Ադրբեջանում հաստատված դրությունը՝ կարելի է չկասկածել, որ նա նվազագույնը երկու-երեք 7-ամյա ժամկետներ դեռ կարող է սպառել, եթե, իհարկե, զոհ չգնա իր ընտանիքի պալատական դավադրություններին: Խնդիրն այն է, որ Ալիեւը իր ընտանիքի ներկայացուցիչներին է նշանակել պետական բարձրագույն պաշտոններում՝ Ադրբեջանը վերածելով ընտանեկան կազմակերպության: Իսկ ահա ընդդիմության դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում զրոյական է: Թեեւ Ալիեւն ուներ 7 մրցակիցներ, սակայն թե՛ նրանց լուսանցքային, թե՛ ռեսուրսներից զրկված լինելը միտված է միայն այլընտրանքայնության պատրանք ստեղծելուն: Ընդդիմադիր հիմնական կազմակերպությունները բոյկոտել էին ընտրությունները՝ նկատի ունենալով, որ անհնար կլինի ընտրությունների միջոցով որեւէ բան փոխել: Ընդդիմությունը քվեարկությունից հետո հայտարարեց, որ գործընթացին ընտրողների մասնակցությունը 15 տոկոսից չի անցել, սակայն Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարել է 75 տոկոս մասնակցության մասին: Ադրբեջանում նույնպես լայն տարածում ունի կրկնաքվեարկությունների պարսավելի պրակտիկան: Ընդդիմադիր շրջանակներից հնչող բողոքներն ու ընտրախախտումների մասին ահազանգերը չափազանց ծանոթ կարող են լինել հայ հանրության համար, որը ամեն ընտրությանը լսում է այդ մասին՝ ծեծուջարդ, բռնարարքներ, լցոնումներ, ընտրողների կուտակումներ, կրկնաքվեարկություններ եւ այլն: Այսպիսով` գոնե ընտրական գործընթացի կազմակերպման ու անցկացման հարցում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չի կարելի խոսել հավասարակշռության խախտման մասին:
Այդուհանդերձ, հետաքրքիր է, որ Ադրբեջանում հերթական ընտրությունները պետք է տեղի ունենային աշնանը, մինչդեռ Ալիեւը որոշեց դրանք արտահերթ կազմակերպել՝ իշխանության ամրապնդման հարցը օրակարգից շուտափույթ հանելու համար: Այնպիսի տպավորություն է, որ Ալիեւը փորձում է ապահովագրվել թիկունքի հարվածներից՝ ամրապնդելու համար իր դիրքերը: Որքան էլ ընտրությունները կեղծված են, իշխանության զավթումը ապօրինի, ընտրական այդօրինակ գործընթացը թույլ կտա Ալիեւին ավելի վստահ զգալ իրեն թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին հարաբերություններում: Ավելին՝ Ալիեւը միաժամանակ հաջողությամբ խուսափեց աշնանը ընտրական գործընթացի մեջ ներքաշվելուց: Թվում է` Ալիեւը ավելի կարեւոր գործ ունի աշնանը, քան ընտրությունները կարող են լինել: Զարմանալի զուգադիպությամբ գարնանը անցումային շրջանում է հայտնվել նաեւ Հայաստանը, որտեղ փաստացի իր երրորդ ժամկետին, բայց այս անգամ` անժամկետ, գնում է նաեւ Սերժ Սարգսյանը: Սակայն եթե Ալիեւի իշխանավարության շարունակականությունն ավելի դյուրին ստացվեց, ապա Սերժ Սարգսյանի դեպքում որոշակի ձեւական արարողակարգային հարցեր, այդուհանդերձ, դեռ պահպանվում էին: Գարուն-ամառ ժամանակահատվածն օգտագործելով իշխանության ներսում վարչապետի կարգավիճակով ամրանալու համար՝ Սերժ Սարգսյանը նույնպես աշնանը ազատված կլինի իշխանության հարցի որոշման գլխացավանքից:
Իրերի դրությունը, արդ, հուշում է, որ ներկայումս կիսապատերազմական դրության մեջ գտնվող Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկա աշնանը Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվելու համար հարմար պահ կունենան: Անցած տարիներին ԼՂ-ի բանակցային գործընթացն արագացել է այն ժամանակ, երբ երկու երկրներում էլ ընտրություններն արդեն անցյալում էին, եւ իշխանություններն ազատ էին ներքին ճնշումներից: Հաշվի առնելով վերջին շրջանի հարաբերական խաղաղությունը սահմանին, ինչպես նաեւ արտաքին կենտրոնների պասիվությունը ԼՂ հարցում՝ կարելի է պնդել, որ առաջիկա աշնանը գործընթացը շեշտակի թափ է հավաքելու: Այս կարծիքի հաստատմանն է գալիս նաեւ Սերժ Սարգսյանի փաստացի երրորդ ժամկետի հանդեպ արտաքին ուժային կենտրոնների համախմբված անտարբերությունը եւ ինչ-որ տեղ անգամ ջատագովությունը: Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ ԵՄ-ն, թե՛ առավել եւս Ռուսաստանը ոչ միայն չդժգոհեցին Սարգսյանի երրորդ ժամկետի առթիվ, այլեւ անգամ աջակցեցին նրան: Երկու ամիս առաջ Փարիզում Սերժ Սարգսյանի ստացած ընդունելությունը ոչ այլ ինչ էր, քան արեւմտյան «դաբրո» նրա վարչապետությանը: Իսկ Սերժ Սարգսյանի հանդեպ արտաքին նման գուրգուրանքը կարող է միմիայն կախված լինել նրանից, թե ինչ է խոստացել Սարգսյանը Արեւմուտքին Ղարաբաղյան ճակատում, քանի որ մնացած հարցերում այլեւս խոստանալու բան էլ չի մնացել: 2008թ. նա խոստանում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում պատմաբանների հանձնաժողովի գնով, 2013թ. ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքում: Իսկ երրորդ ժամկետին համաձայնելու համար թերեւս արտաքին կենտրոնները ավելի մեծ ախորժակ պետք է ունենային:
Բայց հիմա Սարգսյանի վերջին հույսը գերտերությունների միջեւ մրցակցությունն է, որի արդյունքում նա կկարողանա խուսափել խոստումներն իրագործելուց: Նույն կերպ է մտածում նաեւ Իլհամ Ալիեւը: Եւ արդեն տեւական ժամանակ է` նրանք այսպես խուսանավում են խնդրի լուծման գնալուց:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԴՈՒՌ  ՓԱԿՈՂՆԵՐԸ
Երեկ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Իմ քայլը» նախաձեռնության քայլարշավի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ԵՊՀ, որի դուռը փակ էր: Երկար բանակցություններից հետո անվտանգության աշխատակիցը թույլ չտվեց Նիկոլ Փաշինյանին ու շարժման անդամներին մտնել շենք։ Տեղեկացնենք, որ ԵՊՀ անվտանգությունը ապահովում է «Ալֆա-դելտա» ընկերությունը, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի որդուն` պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԵՊՀ-ն ընթացիկ տարվա համար պահնորդական ծառայության համար պայմանագիր կնքել է հենց այս` «Ալֆա-դելտա» ընկերության հետ, որի համար վճարել է ավելի քան 85 մլն դրամ: Մինչդեռ նախկինում ԵՊՀ-ում պահնորդական ծառայություն իրականացնում էր «Լեգիոն» ընկերությունը: Փաստորեն, Արման Սահակյանը որոշել է այս ոլորտում մենաշնորհ հաստատել:

 

 

ԽԻՍՏ  ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ անվտանգության աշխատակիցները սկսել են առանձնակի խստությամբ ստուգել խորհրդարանի բակ մտնող պատգամավորական մեքենաները: Ինչպես հայտնի է` ԱԺ բակ մեքենաներով կարող են մուտք գործել ԱԺ նախագահը, փոխնախագահները, Աժ հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները եւ անձինք, որոնց օրենքով սահմանված կարգով ԱԺ աշխատակազմը թույլտվություն է տվել: Եւ ահա, մեր տեղեկություններով, ԱԺ մուտք գործող բոլոր մեքենաները կանգնեցնում են, ստուգում մեքենայի նստատեղերը, բեռնախցիկը, անգամ՝ հատուկ հայելիների միջոցով ստուգում են ԱԺ փոխնախագահների, հանձնաժողովի նախագահների եւ խմբակցությունների ղեկավարների մեքենաների տակը եւ համոզվելով, որ որեւէ տարօրինակ բան չկա, նոր թույլ են տալիս մուտք գործել: Զարմանալի զուգադիպությամբ` նման խիստ ռեժիմով ստուգումները սկսվեցին այն բանից հետո, երբ ապրիլի 11-ին ԱԺ «Ելք» խմբակցության անդամներ Լենա Նազարյանը եւ Արարատ Միրզոյանը ճայթուկ էին տեղափոխել ԱԺ դահլիճ եւ ակցիա իրականացրել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ստուգումների ռեժիմը խստացվել է` նպատակահարմարությունից ելնելով:

 

 

ՓԵՍԱՅԻ ՀԵՏ
Կարեն Կարապետյանը, որ վերջին օրերն է անցկացնում վարչապետի պաշտոնում, պաշտոնական հանդիպում է ունեցել իր փեսայի` Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպման առիթն արեւային էներգետիկայի զարգացման մասին հարցեր քննարկելն էր: Ինչպես երեւում է` մեր երկրում պաշտոնյա փեսաների հետ հանդիպումները մեծ տարածում ունեն, եւ աներները փեսաների հետ նախընտրում են հանդիպել ոչ միայն ընտանեկան միջավայրում, այլ նաեւ աշխատանքի ընթացքում:

 

 

ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Երեկ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է հանդիպման կազմակերպման նպատակը, Խորհրդի կողմից արդեն իսկ ձեռնարկված եւ պլանավորվող միջոցառումները՝ Խորհրդի սահմանադրական առաքելության լույսի ներքո: Նա ներկայացրել է նախօրոք կատարված ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքները՝ Հայաստանի դատական իշխանության առջեւ ծառացած եւ հրատապ լուծում պահանջող խնդիրների, դրանց հնարավոր լուծումների ուղղությունները սահմանելու վերաբերյալ: Իր խոսքում Գ. Հարությունյանը կարեւորել է դատարանների՝ արդարադատության իրականացման հիմնական առաքելությունը՝ շեշտադրելով այն հայեցակարգը, որ դատավորը պետք է գիտակցի իր դերը՝ որպես իրավունքի պաշտպանության երաշխավորի: Իր ամփոփիչ խոսքում վերջինս նշել է. «Հաջողության հասնելու մեր հիմնական բաղադրիչը միասնական գործելն է, եւ մեր ջանքերը պետք է միտված լինեն դատավորի հեղինակության հանրային ընկալման դերի բարձրացմանը»։

 

 

ՕՐԵՆՔԻ  ՄԵՋ
«Ելք» դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանն անդրադարձել է նույն դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործողություններին: Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն ու ՔՊ-ն հակասություններ ունեն պայքարի մեթոդների հարցում: «Ես գտնում եմ, որ իմ գործընկերները կվարվեն օրենքի սահմաններում: Համոզված եմ, որ Փաշինյանը օրենքներին տիրապետում է: Նա փորձառու հանրային եւ քաղաքական գործունեություն վարող քաղաքական գործիչ է եւ տիրապետում է բոլոր մանրամասներին»,- ասել է Թանդիլյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում: Նա նաեւ նշել է. «Վարչապետի առաջադրումը նաեւ մեր մասնակցային եւ հակակշիռ ստեղծելու այդ առաքելության վարքագծից է ելնում: Այդ առումով դա քննարկվել է դաշինքի ֆորմատով միայն: Եվ երբ որ «Քաղաքացիական պայմանագիրը» իր որոշումն է կայացրել` գնալու այդ ճանապարհով, այդ քննարկումը այլեւս արդիական չէ»:
 

ԵԱՀԿ-Ի  ԱՐՁԱԳԱՆՔԸ
ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: «Թեեւ մենք ափսոսում ենք, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը 2017թ. փակվեց, այնուամենայնիվ, ուրախ ենք նշել, որ եւ՛ Հայաստանի, եւ՛ ԵԱՀԿ կողմից մեծ հետաքրքրություն կա շարունակելու համագործակցությունը,- իր ուղերձում նշել է նա եւ հավելել,- ԵԱՀԿ-ն շարունակում է հանձնառու մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին, այդ թվում՝ Մինսկի համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի եւ նրա թիմի գործունեության միջոցով»:




Լրահոս