2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո եղան նաեւ պաշտոնանկություններ պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպայական կազմում: Միայն թե Սերժ Սարգսյանի այդ քայլն ընդամենը «գոլորշի բաց թողնելու» նպատակ էր հետապնդում՝ հանրային դժգոհությունները ժամանակավորապես մեղմելու համար: Պատերազմից երկու տարի անց նրանց աննկատ փորձում են «մաքուր» հանել եւ չպատժել, ոմանց էլ՝ աշխատանքով ապահովել:
Եվ այսպես` քառօրյա պատերազմից հետո ՊՆ-ում լրջագույն բացթողումներ հայտնաբերվեցին: Հետեւեց մանր ու միջին ձկների նկատմամբ որսը: Նախ` ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվեց զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը /որն ավելի ուշ, շնորհիվ Ս. Սարգսյանի հետ մտերմության, նշանակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ/, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, իսկ ահա զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից ազատվեց գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը:
Բացի այս` մայիսի 31-ի երեկոյան ձերբակալվեց գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, որը քառօրյա պատերազմից հետո ազատվել էր պաշտպանության նախարարության սպառազինության վարչության պետի պաշտոնից: Ձերբակալվածների թվում է նույն վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը: Գեներալ-մայոր Չիլինգարյանը եւ գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է` իշխանությունը չարաշահելու մեջ, որ առաջացրել է ծանր հետեւանքներ:
Ձերբակալված երրորդ պաշտոնյան պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական եւ հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանն է, ով կասկածվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:
Բայց արի ու տես, որ այս ամենից որոշ ժամանակ անձ ՊՆ պաշտոնյաները ջրից չոր են դուրս եկել, ու միայն պաշտպանության նախարարության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանն է հայտնվել մեղադրյալի աթոռին: Վերջինիս մասով քրեական գործը ուղարկվել է դատարան, սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նրան արդարացրել է:
Ի դեպ, Արմեն Մարգարյանի քրեական գործով ինֆորմացիան դատական տեղեկատվական համակարգում փակ է պահվում: Հավանաբար սա ոչ թե այն պատճառով, որ գործում առկա են ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, այլ որպեսզի հասարակությունը չիմանա, թե ինչ եղան ապրիլյան իրադարձություններից հետո ձերբակալված գնդապետների ճակատագրերը:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Մարգարյանի նկատմամբ կայացրել է արդարացման վճիռ:
Բայց մեղադրող դատախազն այդ դատավճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Այստեղ բավարարել են դատախազի բողոքը եւ բեկանել գործը՝ լրացուցիչ քննության ուղարկելով առաջին ատյանի դատարան:
Միայն թե վերաքննիչի որոշման հետ էլ համաձայն չի եղել ամբաստանյալ գնդապետը: Նրա պաշտպանները ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը իրենց հերթին են բողոքարկել, եւ հիմա գործը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում:
Ինչ որոշում կկայացանի դատարանը, դժվար է ասել, սակայն փաստ է մեկ բան, որ առաջին ատյանի դատարանը ՊՆ նախկին պաշտոնյային արդարացնելու որոշումն ինքնագլուխ չի կայացրել, այլ միայն Բաղրամյան 26-ի հետ ճշգրտումներից հետո: Ասել է, թե այս ամենի պատասխանատուն նաեւ Սերժ Սարգսայանն է, որը դեռ մի քանի օր առաջ ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարն էր:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԱՄԱԿԸ ՀԵՏ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր ահազանգել «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Գագիկ Կարապետյանի մայրը՝ Սուսաննա Սարոյանը` բարձրաձայնելով, որ իր որդուն խոշտանգման են ենթարկում:
Մեզ հետ զրույցում Տիկին Սարոյանը հայտնեց, որ 2016 թվականի նոյեմբերի 29-ին որդուն` Գագիկ Կարապետյանին, կալանավորել են գողության համար, սակայն որեւէ ապացուց չունեն, որ որդին գողություն է կատարել. «Իրավապահները մի ոսկյա կուլոն են գտել, որ պատկանել է ոմն Հովհաննես Կիլիկյանին, եւ այդ կուլոնի համար ձերբակալել են որդուս` Գագիկ Կարապետյանին: Ձեզ ուզում եմ վստահեցնել, որ որեւէ ապացույց չունեն եւ անհիմն կերպով գողության համար որդուս ցանկանում են ազատազրկման դատապարտել: Կան բազմաթիվ ապացույցներ, բազմաթիվ հիմնավորումներ, որ նա գողություն չի կատարել, սակայն մեր բողոքները տեղ չեն հասնում: Ավելին` Ձեզ հայտնեմ, որ որդուս դեմ հետապնդումները սկսեցին այն բանից հետո, երբ նա Ստեփանավան քաղաքում տեղի ունեցած մի վիճաբանության ժամանակ թույլ չէր տվել, որ իրավապահները իր ընկերոջ նկատմամբ որեւէ անօրինական քայլ իրականացնեն, ու այդ ամենից հետո նրա նկատմամբ սկսվեցին հետապնդումները, եւ հիմա գողության համար տարել, փակել են»:
Ըստ կալանավորի մոր՝ այս իրավիճակում առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ որդու նամակների դեմ է արգելանք դրվել. «Բազմաթիվ անգամ տղաս քրեակատարողական հիմնարկից իրավապահ մարմիններին նամակ է գրել իր դեմ ապօրինի քրեական գործի մասին, սակայն նամակներին այդպես էլ չեն արձագանքել, ուստի այս անգամ որոշեցինք իրավիճակի մասով բաց նամակ ուղղել լրատվամիջոցներին: Գագիկը կալանավայրից բաց նամակ է գրել ու ներկայացրել է վարչություն, որ ուղարկեն լրատվամիջոցներին, սակայն նամակը հետ են վերադարձրել` նշելով, որ քրեակատարողական հիմնարկը չի կարող իր նամակը ուղարկել լրատվամիջոցներին, ուստի կալանավորը իր միջոցներով պետք է այն ուղարկի: Ոնց ուղարկի նամակը, եթե անձը կալանքի տակ է արդեն մեկ տարի եւ գումար չունի, այսպիսի արգելք են ստեղծել: Մենք ինչպե՞ս վարվենք»:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԿԱՆ Է ՊԱՅԹԵԼ
Նախօրեին Տավուշում արտակարգ դեպք է գրանցվել։ «Աջ նախաբազկի տրավմատիկ ամպուտացիա», «ձախ կրունկի ջնջխված վեր» եւ «ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշումներով «Այգեձորի առողջության կենտրոն» է տեղափոխել 3 քաղաքացի։ Պարզվել է, որ վերջիններս Այգեձոր գյուղի վարչական տարածքին պատկանող պաշտպանական նշանակության հենակետերից մեկին հարակից տարածքում սինդրիկ հավաքելիս են եղել, որի ժամանակ էլ տեղադրված ականը պայթել է, ինչի հետեւանքնով նշված անձինք վնասվածքներ են ստացել։ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրգործ՝ Տավուշի մարզի բնակիչների ականապայթյունային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԷՀԱՆՑԱՆՔՆԵՐԸ
ՔԿՀ-ից մոտ հարյուր դրվագով խարդախություններ կատարելու մեջ մեղադրվող դատապարտյալ Սպարտակ Դանիելյանն անարգել շարունակում է հանցագործությունների շարանն անգամ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխվելուց հետո: Ժամանակին նրան այս ՔԿՀ բերեցին` իբր խիստ պայմաններում պահելու համար, որպեսզի բացառվեն հեռախոսով կալանավայրից նորանոր հանցագործությունները: Բայց արի ու տես, որ Սպարտակն անկասելի է. անկասելի է՝ ՔԿՀ աշխատակիցների եւ անձամբ այս ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի թողտվության արդյունքում: Տեսակետ կա՝ Սպարտակը հանցագործության գործիք հեռախոսներ ունենալու համար գումար է «մուծվում» ՔԿՀ ղեկավարությանը, դրա համար էլ կարողանում է անարգել խարդախություններ անել: Նշենք, որ երեկ ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ 7 դրվագով խարդախության կասկածանքով ձերբակալվել է Սպարտակ Դանիելյանի հետ առնչություններ ունեցող Անդրանիկ Ղազարյանը. նրանք հափշտակել են բազմաթիվ թանկարժեք իրեր:
ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
ՀՀ ԿԱ ԱԱԾ վերջերս կանխել էր առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք: Ավելի վաղ ԻԻՀ քաղաքացին, թմրամիջոցը նետելով հայ-իրանական սահմանագծով, փոխանցել էր ՀՀ 2 քաղաքացիների, ովքեր, ստանալով այն, փորձել էին իրենց ավտոմեքենայով տեղափոխել, սակայն բռնվել էին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Թմրամիջոցների մաքսանենգության եւ ապօրինի շրջանառության հատկանիշներով հարուցված քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավված ՀՀ քաղաքացիներ Գ.Հ-ի եւ Է.Հ-ի մոտ հայտնաբերվել էր նաեւ 14.800 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով 148 հատ 100 դոլարանոց թղթադրամներ, որոնք փորձագետի եզրակացության համաձայն` կեղծված են, չեն համապատասխանում ԱՄՆ ստանդարտ թողարկման 100 դոլար անվանական արժեքով թղթադրամի կատարման եղանակին եւ պաշտպանական հատկանիշներին։ Հարուցվել է նոր քր.գործ։ Նախաքննությունը շարունակվում է։
ՉԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն էստոնական կողմին որեւէ բացատրություն չի ներկայացրել Տալլինի քաղաքային խորհրդարանի նախագահի խորհրդականի եւ Էստոնիայի կենտրոնամետ կուսակցության երիտասարդական թեւի նախագահ Կարինե Օգանեսյանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Հիշեցնենք, որ Էստոնիայի քաղաքացի Կարինե Օգանեսյանը ձերբակալվել էր Բաքվի օդանավակայանում, ըստ երեւույթին՝ իր ազգության պատճառով, ինչից հետո արտաքսվել էր Էստոնիա: Այս միջադեպը տեղի էր ունեցել մարտի վերջին, երբ Օգանեսյանն էստոնական պատվիրակության կազմում պետք է մասնակցեր Ադրբեջանում կայանալիք մանկավարժական միջազգային գիտակրթական համաժողովին: Ադրբեջանի ԱԳՆ-ն դեռ չի պարզաբանել Էստոնիային, թե ինչու նրանք թույլ չեն տվել երկրի քաղաքացուն մասնակցել միջոցառմանը։
ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Շամիրամում 4 եզդիների սպանության գործով դատական նիստը կրկին հետաձգվել է հանրային պաշտպանի միջնորդությամբ: Նշենք, որ արդեն տեւական ժամանակ Կրոմվել Գրիգորյանը տարբեր պատճառաբանություններով դատական նիստերին չի ներկայանում, ինչի կապակցությամբ դատավոր Սուրեն Մնոյանը որոշել է գործում ներգրավել հանրային պաշտպան Ինգա Աղաջանյանին: Վերջինս գործի նյութերին ծանոթանալու նպատակով 10 աշխատանքային օր է խնդրել, դատավորն էլ բավարարել է միջնորդությունը։ Նշենք, որ Թելման Քալաշյանը հրաժարվեց հանրային պաշտպանի ծառայություններից՝ պնդելով, որ իրենք արդեն ունեն գործում ներգրավված պաշտպան։ Ի դեպ, երեկ, ի տարբերություն նախորդ նիստերին, տուժողների քիչ թվով հարազատներ էին եկել դատարան: Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 27-ին: