Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Հանուն Հայաստան պետության ճակատի» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների հանրահավաքը: Երեկ Ազատության հրապարակը մարդաշատ էր, ինչը նախաձեռնողներն արդեն իսկ հաղթանակ համարեցին:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որ մի քանի օր առաջ քայլերթ էր սկսել Գյումրիից, թիմակիցների հետ անցնելով մի շարք քաղաքներով, եկել էր Երեւան, ծավալուն ելույթ ունեցավ: Նա նշեց, թե սպասվող ծրագրերը տարբեր են, որոնց թվում` նստացույցեր, հանրահավաքներ, փողոցներ փակել: Եվ առաջին փորձն էլ հենց երեկ իրականացրին: Մասնավորապես հանրահավաքից հետո նրանք շրջափակեցին Ֆրանսիայի հրապարակը /Օպերայի հարեւանությամբ/՝ դադարեցնելով հարակից փողոցների երթեւեկությունը: Եվ որքան էլ զարմանալի է՝ ոստիկանները բացահայտ, անմիջականորեն չէին հետեւում ո՛չ հանրահավաքին, ո՛չ էլ շրջափակմանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ոստիկանները հանգրվանել էին հրապարակի հարեւանությամբ, նաեւ ԱԺ-ի, կառավարության, ներկա ու նախկին նախագահական նստավայրերի մոտ:
Բողոքի ակցիայի մասնակիցները պատրաստվում են այսօր էլ շրջափակել Մելիք Ադամյան փողոցում տեղակայված Հանրապետական կուսակցության գլխավոր գրասենյակը՝ տապալելու խորհրդի նիստը, որի ընթացքում իշխող կուսակցությունը պատրաստվում է Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում: Սկզբում լուրեր էին շրջանառվում, թե ՀՀԿ գրասենյակի մոտ ոստիկանությունը խստացնելու է հսկողությունը, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք մտադիր են ՀՀԿ խորհրդի նիստն անցկացնել Ծաղկաձոր քաղաքում՝ հավանաբար, խափանելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերի ծրագիրը եւ խուսափելու բախումներից /ի վերջո, իշխանությունները ԵՄ-ի հետ համաձայնագիր են ստորագրել, մեծ գումարների ակնկալիք ունեն, դրա համար էլ փորձելու են զերծ մնալ անախորժություններից` ձեւացնելով իրենց «ժողովրդավար» եւ «հանդուրժող»:
Նշենք, որ երեկ փողոցը փակված լինելու հետեւանքով շրջափակման մեջ էին հայտնվել բազմաթիվ մարդիկ, այդ թվում ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Վերջինս տեսնելով, որ մեքենան չի կարող անցնել, իջել եւ ոտքով էր շրջում, այն էլ հանրահավաքի մասնակիցների մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղել նախկին պատգամավորին:
-Պարո՛ն Աղաբաբյան, ինչպես տեսնում եք՝ ժողովուրդը պայքարում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին:
-Ինձ համար ամեն ինչ պարզ է: Ինչքան հիշում եմ` 2 մլն-ից ոչ պակաս ենք, եւ ճիշտ է` բողոքի ակցիային բոլորը դուրս չեն գա, բնականաբար քիչ պետք է լինեին, եւ սենց լիներ:
-Այսինքն` սա բավարար չէ՞, որպեսզի Սերժ Սարգսյանը հետ կանգնի վարչապետ դառնալու իր որոշումից:
-Եթե ինքը չի ցանկանում հետ կանգնել, ոնց հետ կկանգնի իր որոշումից:
-Բայց նա նշում է, թե այժմ էլ չի հավակնում վարչապետի պաշտոնին, բայց կուսակիցներն են խնդրում, որ դառնա: Այսինքն՝ նա չի՞ դրժում իր խոստումը:
-Դե, բնական է, որ այդպես պետք է լինի: Ամեն ինչ էլ կարելի է խոստանալ, ինքը կուսակցության նախագահ է, եւ կուսակցությունը երբ պահանջի, նա չի կարող մերժել: Կուսակցությունն ինքը այն կազմակերպություններից է, որը ձգտում է իշխանության իր ծրագրերն իրականացնելու: Արդեն երկար ժամանակ է՝ Հանրապետականը իշխանության գլխում է, եւ ինքը ղեկավարում է երկիրը: Բնականաբար, չի կարող կուսակցության որոշումը կուսակցականը չանի: Եթե կուսակցությունը որոշել է, Սերժը ոնց կարող է չանի:
-Սակայն համակարծի՞ք չեք, որ մեկ անձը երկու անգամից ավել չպետք է ղեկավար լինի:
-Դե, դա հենց իրեն խոսքն էր: Բայց մի բան էլ ասեմ, որ նման դեպքեր աշխարհում կան, երբ երրորդ անգամ էլ են ընտրվել ղեկավար:
-Բայց ոչ Սահմանադրություն փոխելով:
-Ոչ թե Սահմանադրություն փոխելով, այլ ժողովրդի խնդրանքով: Օրինակ` Դե Գոլը երրորդ անգամ եկել է իշխանության եւ շարունակել: Բնական է՝ նման բաներ կլինեն: Ամբողջ խնդիրը նրանում է, որ վարչապետն ուրիշ պաշտոն է, նախագահը՝ ուրիշ, առավել եւս նոր Սահմանադրությամբ: Հիմա իր համար շատ-շատ դժվար է լինելու, քանի որ այդ խոստումները կոնկրետ ինքը պետք է անի: Պատկերացնում եք՝ իսկ եթե ինքը մտնում է այդ ծանրաբեռնվածության տակ, ապա առաջիկա ամիսներին կերեւա՝ ինքն իր խոստումները ինչ մակարդակով, ինչ չափերով է անելու:
-ՀՀԿ-ականներն ասում են, թե նա անփոխարինելի է, ամենաարժանին է: Դուք ո՞ւմ եք տեսնում որպես վարչապետ:
-ՀՀԿ-ի առաջին նախագահը եղել է Աշոտ Նավասարդյանը, հետո` Անդրանիկ Մարգարյանը, հիմա Սերժ Սարգսյանն է: Բնականաբար, կուսակցությունն ո՞ւմ պետք է ընտրի: Այս ամեն ինչը շատ բնական է, եւ, ի վերջո, պատասխանատվության ժամանակն է եկել: Վարչապետ դառնալուց հետո այդ պատասխանատվությունը կուսակցությունը եւ իրա նախագահը վերցնո՞ւմ են իրենց վրա, թե՞ ոչ: Հիմա ավելի մեծ պատասխանատվություն պետք է ունենա:
-Դուք Կարեն Կարապետյանի աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում:
-Շատ կարճ է տեւել, բայց բոլոր դեպքերում չեմ գնահատի նախորդին կամ նրա նախորդին: Անդրանիկ Մարգարյանից հետո երկու վարչապետ է եկել, ինձ նրանցից ոչ մեկի աշխատանքը չի գոհացրել:
-ԱՎԾ-ի տվյալներով` առաջընթաց կա, Կարապետյանն էլ նշում էր, թե պատրաստ է շարունակել վարչապետ աշխատել: Այս նոր Սահմանադրությամբ իրեն չէի՞ք տեսնում վարչապետ:
-Եթե կուսակցությունը չպահանջեր, նա մնար վարչապետ, իսկ կուսակցության նախագահը կուսակցության նախագահ, դա պատասխանատվությունից հրաժարվելն է: Իսկ մարդը երբ ասում է՝ ես գալիս եմ վարչապետ, դա պատասխանատվություն վերցնել է: Եվ կարճ ժամանակամիջոցում դա շոշափելի կլինի կամ չի լինի: Եթե ՀՀԿ-ն նման պահանջ է դրել, դա անքննելի է: Ինքը ի՞նչ կարող է անել, եթե ասում են` դու պետք է լինես եւ վերջ: Եթե կուսակցության մեջ որոշումները չեն կայացվում, ապա հեղինակազրկվում է:
-Իսկ նման ակցիաները Ձեզ համար սպասելի՞ էին:
-Նման ակցիա աշխարհում ամեն տեղ էլ կա: Չի կարող ամբողջ ժողովուրդը լավ ապրել: Բա վատ ապրողը որ չհելնի փողոց, բա ի՞նչ անի:
-Ասում են՝ դժգոհողներն ավելի շատ են, բայց հիասթափություն կա:
-Դա դառը ճշմարտություն է:
-Դրանում միայն ընդդիմությու՞նն է մեղավոր:
-Եթե երկրի վիճակը լավ չէ, եւ ընդդիմություն չկա, բա ո՞վ է մեղավոր:
-Իշխանությունն իր մեղքը չունի՞:
-Այսօր մենք այն վիճակում ենք, որ տեսնում եք` պայքարը շարունակվում է փողոցում, այսինքն` կա պրոբլեմ, բայց այդ թերություններն այն աստիճանի չեն, որ ամբողջ ժողովուրդը հելնի եւ ասի՝ զարկ ցարի գահին:
-Ձեր՝ այստեղ լինելը պատահակա՞ն էր:
-Ես պարզապես «Օպերա» ակումբ էի գնում, մեքենաս կանգնեց այնտեղ, չթողեցին անցնեմ, բայց, իհարկե, հետաքրքիր է, բայց այս սուլոցները ոչ մի բան չեն տա: Սա մեր կուլտուրան չէ, նայեք՝ ինտիլիգենցիա չկա: Եթե ինտիլիգենցիա չկա շարժման մեջ, ոնց կարող է այդ շարժումը հաջողություն ունենա: Եթե փողոց ես դուրս գալիս, պետք է պահանջներ ներկայացնես, բայց այդ շվոցներն ի՞նչ են: Իշխանությունը, ինձ թվում է, բռնություն չի անի, եթե չբռնեն քանդել, փշրել:
-Իրենք վաղը (այսօր-խմբ.) ցանկանում են ՀՀԿ կենտրոնական գրասենյակը շրջափակել:
-Թող շրջափակեն, ով է բան ասում: Ոստիկանությունը պետք է ընդամենը հասարակական կարգը պահպանի: Իհարկե, եթե սկսեն քարերով հարվածել կամ խուլիգանություն անել, բա ոստիկանությունն ի՞նչ անի:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՔՐԳՈՐԾ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԴԵՄ
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանությունից տեղեկացավ, որ կաշառակերության հոդվածով քրեական գործ է հարուցվել Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի ղեկավար Կոմիտաս Էլլարյանի նկատմամբ: Գյուղապետը մեղադրվում է գյուղացիներից մեկից 350 հազար դրամ կաշառք վերցնելու մեջ: Կաշառքը տրվել է գյուղտեխնիկայի աճուրդ կազմակերպելու, գյուղացուն էժան գնով տրակտոր վաճառելու համար: Քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասով (Կաշառք ստանալը, որ կատարվել է խոշոր չափերով): Այդ հոդվածը որպես պատիժ նախատեսում է 4-10 տարի ժամկետով ազատազրկում` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Կոմիտաս Էլլարյանը Սարիգյուղ համայնքը ղեկավարում է 2004 թվականից:
ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻՐ
Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհուրդը հերթական մրցույթն է հայտարարել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի թափուր պաշտոնի համար: Այն կկայանա մայիսի 18-ին: Այդ պաշտոնի համար նախորդ մրցույթը կայացել է 2018 թվականի մարտի 16-ին, սակայն մրցույթում հաղթողներ չեն եղել: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը վերջին 3 տարում թվով 5 պետ ու պետի պաշտոնակատար է ունեցել: 2016 թվականի հունվարի 25-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի որոշմամբ Լեւոն Վանցյանը նշանակվել է մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, 2016 թվականի հունիսի 13-ին նա նշանակվել է այդ վարչության պետ: 2017 թվականի հուլիսի 25-ին Հ. Աբովյանը որոշել է Լ. Վանցյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: Որպես մարզպետի որոշման հիմք նշված է Վանցյանի անձնական դիմումը: 2017 թվականի օգոստոսի 1-ին մարզպետը որոշել է մինչեւ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից մարզպետարանի նշված վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելը վարչության պետի պարտականությունները դնել այդ վարչության գլխավոր մասնագետ Սամվել Քամալյանի վրա: Վերջինս այդ պարտականությունները կատարել է մինչեւ 2018 թվականի փետրվարի սկիզբը, այդ ժամանակից մինչ օրս այդ կարեւոր պաշտոնը թափուր է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ