Մինչ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը պատրաստվում է մեծ շուքով նշել իր 20-ամյակը, ՀՀ վերահսկիչ պալատը բարձրաձայնում է այդ կառույցում ահռելի չարաշահումների եւ խախտումների մասին:
Նախ նշենք, որ ԴԱՀԿ-ի անցած տարվա հատկացումը կազմել է ավելի քան 1 մլրդ 351 մլն 386 հազար դրամ, իսկ ծախսը` 1 մլրդ 329 մլն 65 հազար դրամ: Ստացվում է, որ կառույցի ծախսերը հատկացումից ավելի քան 22.3 մլն դրամով են նվազ: ԴԱՀԿ-ի կարիքների համար ձեռք բերման ծախսերը միայն անցած տարվա համար կազմել են մոտ 53.5 մլն դրամ, իսկ 2016 թվականին` 64 մլն 229 հազար դրամ: Իսկ ահա ծառայության «Ծախսերը գրասենյակային նյութեր եւ հագուստ հոդվածով» 2017 թվականին կազմել է 41 մլն 146 հազար դրամ, 2016 թվականին` 53 մլն 423 հազար դրամ: ՀՀ արդարադատության նախարարի` 2012 թվականի հրամանի համաձայն` ԴԱՀԿ-ի յուրաքանչյուր ծառայողին երկու տարվա ընթացքում տրամադրվում է մեկ սվիտեր: «Ժողովուրդ» օրաթերթը ՎՊ հաշվետվությունից տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ն 2016 թվականին «Արս-Ֆայն» եւ 2017 թվականին «Էլաամոդա» ընկերություններից ձեռք է բերել 200 եւ 150 հատ սվիտեր, յուրաքանչյուրը 17 հազար 500 դրամ արժեքով: Սակայն ՎՊ ստուգմամբ պարզվել է, որ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ ծառայության պահեստում սվիտերների մնացորդը կազմել է 580 հատ: Փաստորեն հաստիքացուցակի 427 աշխատողները ապահովված են եղել սվիտերներով հաջորդ երկու տարվա համար: Բայց չնայած սրան` ԴԱՀԿ-ն 2016 եւ 2017 թվականներին գնել է 6 մլն 125 հազար դրամի 350 հատ սվիտեր:
Բացի այս` ԴԱՀԿ-ն «Զեթ Թեքնոլոջի» ընկերությունից ձեռք է բերել ցանցային համակարգչային ծրագրային փաթեթների մշակման ծառայություններ, որոնց գնային առաջարկը եւ պայմանագրի արժեքը կազմել է 3.5 մլն դրամ, այդ թվում` 583 հազար 300 դրամ ավելացված արժեքի հարկ: Ընկերությունը ԱԱՀ վճարող չի համարվում եւ վճարման է ներկայացրել 2017 թվականի դեկտեմբերի 20-ի հաշիվ ապրանքագիր` 3.5 մլն դրամ, առանց ԱԱՀ, որը վճարվել է: Փաստորեն ծառայությունը «Զեթ Թեքնոլոջի» ընկերությանը վճարել է հավելյալ 583 հազար 300 դրամ ԱԱՀ-ի գումար, որը համարվում է պարտք պետբյուջեին: Իսկ ահա 2016 թվականին «Սոֆթ Թայմ» ընկերությունից ԴԱՀԿ-ն ձեռք է բերել 570 հատ «Kaspersky» համակարգչային ծրագրային արտոնագրեր` 8 մլն 236 հազար 500 դրամ արժեքով: Բայց ՎՊ ստուգմամբ պարզվել է, որ ԴԱՀԿ-ն այդ տարի ունեցել է 521 հատ համակարգիչ, որից 11-ն անսարք են եղել եւ չեն շահագործվել: Փաստորեն ԴԱՀԿ-ն պահանջից ավելի գնել է 867 հազար դրամի 60 հատ «Kaspersky» համակարգչային ծրագրային արտոնագրեր:
Սա դեռ ամենը չէ. պարզվում է` ԴԱՀԿ-ն որոշ ապրանքատեսակներ գնել է շուկայականից թանկ գնով: Օրինակ` 2016 թվականին ծառայությունը «Փեն բոքս» -ից գնել է 4000 տուփ A4 ֆորմատի թուղթ, մեկ տուփը` 1480 դրամով: Իսկ «Արիկո-Գոռ»-ից նույն տարվա դեկտեմբերի ընթացքում գնել է 6550 տուփ A4 ֆորմատի թուղթ, մեկ տուփը` 1638 դրամով: Սակայն ՎՊ-ն պարզել է, որ «Արիկո-Գոռ»-ից գնումների ընթացքում ծառայությունը խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի պահանջը` միեւնույն տեխնիկական բնութագիր ունեցող ապրանքը բաժանել է 1 մլն դրամը չգերազանցող չափաբաժինների եւ կատարել է ուղղակի գնումներ: Արդյունքում ծառայությունը «Արիկո-Գոռ»-ից թղթի մեկ տուփը գնել է 158 դրամով թանկ` ծախսելով ավելի 1 մլն 34 հազար 900 դրամ:
Իսկ ահա հարկադիր աճուրդի էլեկտրոնային համակարգի դեպքում խախտումները այլ պատկեր ունեն: Այն, ըստ ՎՊ-ի, կատարյալ չէ եւ չի ապահովում հրապարակայնությունը. աճուրդի դրված լոտերը ոչ միշտ են տեսանելի հնարավոր մասնակիցների համար: Նաեւ աճուրդները չեն կայանում մասնակիցների բացակայության պատճառով, եւ աճուրդի արդյունքում մասնագիտացված կազմակերպությունների կողմից գնահատված գույքը վաճառվում է տասնապատիկ էժան: Օրինակ` ֆիզիկական անձի կողմից մաքսանենգ ճանապարհով ներմուծված 188.8 կգ. տարբեր տեսակի կոշիկները պետական բյուջեի օգտին բռնագանձվել եւ գնահատվել են 1 մլն 396 հազար 800 դրամ: Աճուրդով կոշիկները վաճառվել են 52 հազար 600 դրամով կամ գնահատված արժեքից 26.5 անգամ պակաս:
Մեկ այլ օրինակ` ֆիզիկական անձի պարտքը պետական բյուջեի նկատմամբ կազմել է 3 մլն 863 հազար 100 դրամ: Բռնագանձվել են գյուղնշանակության 7600 քմ հողատարաքծներ` 6 մլն 85 հազար դրամ գնահատված արժեքով կամ մեկ քմ-ի միջին գիինը 800 դրամ: Բայց աճուրդով հողատարածքները վաճառվել են 427 հազար 900 դրամով, մեկ քմ-ն` 56.3 դրամ կամ գնահատված արժեքից 14.2 անգամ պակաս: Ինչը խիստ կասկածներ է հարուցում, որ նման գնով հողատարածք հնարավորություն ունեն գնելու միայն ԴԱՀԿ աշխատակիցները: Չի բացառվում, որ նման էժան գնով հողատարածքներ գնվել են հենց ԴԱՀԿ աշխատողների կամ նրանց ծանոթ-բարեկամների կողմից: Ըստ ՎՊ-ի` ծառայության վարչական շենքի վերանորոգումների համար 2017 թվականի կնքված չորս պայմանագրերով կապալառուներին հավելյալ վճարվել է 5 մլն 182 հազար 100 դրամ:
Ներկայացվածը ՎՊ ստուգումների արդյունքում բացահայտվածի չնչին մասն է: Իրականում այս կառույցում խնդիրները շատ ավելի շատ են:
Ու չնայած պետական միջոցների վատնումներին, ԴԱՀԿ-ն մայիսի 5-ին մեծ շուքով պատրաստվում է տոնել հարկադիր կատարողի օրը: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ն մայիսի 5-ին տոնելու է կառույցի 20-ամյակը: Այդ նպատակով պետական միջոցներից ծախսելու է 51 մլն 949 հազար դրամ: Հիշեցնենք, որ ԴԱՀԿ-ի 16-ամյակին, երբ ղեկավարը ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանն էր, հարկադիր կատարողի օրվա համար երգ գրվեց: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԴԱՀԿ-ն մայիսի 4-ին պատվիրակություններ է ընդունելու, եւ վերոնշյալ գումարի մեջ ներառված է նաեւ 200 անձի համար հյուրանոցային ծառայությունը, ֆուրշետի մատուցումը: Բացի այս` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնում տոնական համերգ է լինելու, ԴԱՀԿ ապահովող ծառայության մասին ֆիլմի ցուցադրություն, որից հետո 400 անձի համար հյուրասիրություն: Հետաքրքի՞ր է` անհամեստության սինդրոմով տառապող ԴԱՀԿ-եցիները իրենց ֆիլմում կխոսե՞ն ՎՊ-ի կողմից բացահայտված չարաշահումների մասին:
Հ.Գ. Հիշեցնենք, որ 2008-2016թթ. ԴԱՀԿ-ն ղեկավարել է այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը: Իր անվան հետ կապվող օֆշորային սկանդալից հետո նա հրաժարական ներկայացրեց, որից հետո ԴԱՀԿ պետ նշանակվեց Արմեն Հարությունյանը: ՎՊ բացահայտած չարաշահումները տեղի են ունեցել ԴԱՀԿ երկու ղեկավարների օրոք էլ: Մեկ փաստ եւս. ՎՊ-ն ԴԱՀԿ-ում բացահայտված փաստերն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանց հետագա ընթացք տալու համար:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՓՈՂ ԵՆ ՈՒԶՈՒՄ
Սպիտակի խնամքի տունը հիմնադրվել է 2 տարի առաջ` որպես այլընտրանք նյարդահոգեբանական տուն-ինտերնատների: Փորձնական ծրագիրն առաջին անգամ է ներդրվել Հայաստանում, որի նպատակը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց սոցիալիզացումն է: Այստեղ ապրում են Վարդենիսի, Սեւանի եւ այլ հոգեբուժական հաստատություններից տեղափոխված մարդիկ, ովքեր ընտրվել են համապատասխան հանձնաժողովի կողմից եւ հիմնականում խնամքի կարիք ունեն:
Բնակիչների մի մասը նախկինում բարձրագույն կրթություն են ստացել, աշխատանքային փորձ ունեն, բայց տարբեր պատճառներով հայտնվել են նշված վայրերում` ճանաչվելով անգործունակ:
Տեղի բնակիչներից ոմանք ստեղծագործում են, զբաղվում նկարչությամբ, ձեռագործությամբ, կավագործությամբ` իրենց կողմից պատրաստված աշխատանքների մի մասը նաեւ վաճառվում է: Դրանից բացի` կենտրոնի հողամասում կարտոֆիլ են մշակում, փոխանակում այլ մթերքներով:
Ինչպես իրենք են ասում` այստեղ պայմաններ են ստեղծվում հասարակական, ինքնուրույն կյանքով ապրելու, հարազատների հետ շփվելու, հյուրեր ընդունելու եւ ժամանցի համար, ուստի մեկուսացված չեն զգում` ի տարբերություն մյուս փակ հաստատությունների: «Վարդենիսում դուրս չէինք գալիս, չէիք շփվում արտաքին աշխարհի հետ, իսկ էստեղ արտ-թերապիայի դասեր ենք անում, տարբեր միջոցառումների մասնակցում: Ամեն տեղ գնում ենք` թատրոն, համերգ, առօրյան հետաքրքիր է: Մեզ ազատ ենք զգում, ոնց որ հանգստյան տուն լինի»- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Գայանե Ասատրյանը:
Տնօրենի խոսքով` ի սկզբանե ծրագրում ընդգրկված է եղել 7 անձ, այժմ նրանց թիվը հասնում է 13-ի: Ըստ նրա` մի բնակիչ արդեն վերադարձել է տուն, մի քանիսը եւս կարող են հետագա կյանքը շարունակել հաստատությունից դուրս: Բնակիչներից մյուսը, ով արտերկրում սարքաշինական ոլորտում է աշխատել, 30 տարվա աշխատանքային փորձ ունի: Այժմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը զբաղվում է նրա գործունակության վերականգնմամբ: Առաջիկայում դատահոգեբուժական փորձաքննություն պիտի անցնի. ակնկալիքներ ու նոր պլաններ ունի:
Բավական Պետրոսյանի գնահատմամբ` ծրագիրը հաջողված է, բայց ծառայության շարունակականությունն ապահովելու համար ֆինանսավորում է պետք: 2017-ի սեպտեմբերից ֆինանսավորում չունեն: Սննդի եւ այլ հարցերում, մինչ այս պահը, տեղական իշխանություններն են օգնել, բայց դա կայուն եւ բավարար չի համարվում: «Պետությունը տեսնելով, որ սա հաջողված փորձ է, համաձայնել է մասնակի ֆինանսավորել, մյուս կեսի համար տարբեր կազմակերպությունների եմ դիմել, բայց հարցը դեռ օդում կախված է»: Ասում է` բնակիչները պատրաստ չեն երբեւէ հետ վերադառնալ. «Եթե մյուս մասը չգտնվի, չգիտեմ` ինչ է լինելու»:
ՄԱՐՋԱՆ ՉՈԲԱՆՅԱՆ
Վանաձոր
ՋՐԻ ՍԱԿԱՎՈՒԹՅՈՒՆ ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը հայտնել է, որ Շիրակի մարզում իրավիճակը պայթյունավտանգ է. ոռոգման ջրի սակավություն կա. «Արփա լիճն ընդամենը 40 մլն խմ է լցվել։ Եթե այդ 5 ՀԷԿ-ը պետք է դադարեցնեն իրենց աշխատանքը, այդ մասին ես դեռ փետրվար ամսին եմ վարչապետի խորհրդականին զեկուցել, բայց սայլը տեղից չշարժվեց։ Այդ 5 ՀԷԿ-ով ջուրը հոսում է Արփի լճից դեպի Ախուրյանի ջրամբար, իսկ Ախուրյանի ջրամբարի ջրի 50 տոկոսը թուրքերն են տանում»։ Ըստ Հ. Բերբերյանի. «Ներկա պահի դրությամբ ջրամբարներում ունենք շուրջ 460 միլիոն խորանարդ մետր ջուր, եւ վերջին տասն օրվա ընթացքում օրական միջինը՝ ընթացքում հինգ միլիոն խորանարդ մետր աճ ենք ունենում, եւ նախորդ տարվա դրությամբ տարբերությունը կազմել է 27 միլիոն խորանարդ մետրի չափով՝ երեք տոկոս»: Նրա դիտարկմամբ՝ վիճակը մեղմելու շատ ձեւեր կան. «Բայց Սեւանա լճի ջուրը ո՞նց պետք է հասցնենք Շիրակի դաշտ։ Սեւանի ջուրը Շիրակ կհասնի՞։ Միայն Արփաչայի ջուրն է, որ ոռոգում է Շիրակի դաշտը։ Ընդհանրապես, կառավարությունը դեռ 5 տարի առաջ այդ ՀԷԿ -երի հարցը պետք է լուծեր»,- նշել է Բերբերյանը։ Ագրարագյուղացիական միավորման նախագահն այս տարի եւս երաշտի վտանգ է տեսնում. «Կառավարությունն այսօր երաշխավորում է, որ ջրի պակաս չի լինելու, իսկ մենք համոզված ենք, որ լինելու է։ Ինչ վերաբերում է 40 խորքային հորերին, ապա ամեն խորքային հոր տարվա կտրվածքով կարող է ոռոգել 30-35 հա տարածք, ոչ ավելին»,- ասել է նա։
Մենք ունենք ջրամբարներ եւ խնդիր չենք ունենա, եթե դրանք լիքը լինեն։ Ո՞վ պետք է պատասխան տա, երբ գյուղացին վարուցանք անի, եւ բերքը չորանա։