Լուսանկարն արվել է մայրաքաղաքի շքամուտքերից մեկում
Այս տան բնակիչներին, մեղմ ասած, զայրացրել են նմանօրինակ առաջարկները։ Եվ անհեթեթ խոսակցություններից ու անախորժություններից խուսափելու համար նրանք որոշել են այս բովանդակալից տեքստը փակցնել հենց դռան վրա, որպեսզի մոտեցողը կարդա, նոր որոշի իր հետագա քայլերը:
ՀԱՐՑ. Քույրս վերադարձել է Ռուսաստանի Դաշնությունից: Չունի ՀՀ քաղաքացիություն, սակայն ցանկանում է դեռեւս ապրել եւ աշխատել ՀՀ-ում: Խնդրում եմ ասեք` ո՞ւմ կարող է դիմել նա, որպեսզի ձեռք բերի աշխատանքի թույլտվություն։ Ո՞ր մարմինն է տրամադրում աշխատանքի թույլտվության տեղեկանք։ Եվ խնդրում եմ ասեք` որքա՞ն ժամկետով է տրվում այն։
Իրինա Մնոյան (51 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ այդպիսի մարմին որոշված չէ։ Սահմանված ժամկետում զբաղվածության հանրապետական ծառայությունների կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության դեպքում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտարերկրացու եւ դիմել լիազորված մարմին` կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվության տրամադրման համար` ներկայացնելով սահմանված փաստաթղթերը: Օտարերկրացուն աշխատանքի թույլտվությունը տրվելու է գործատուի դիմած կոնկրետ ժամկետով:
ՀՀ միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ օտարերկրացիները ՀՀ-ում չեն կարող զբաղեցնել ընտրովի, քաղաքական /համայնքային, դատական` դատավոր, դատախազ/ պաշտոններ, աշխատել զինված ուժերում:
ՀԱՐՑ. Ես ու ամուսինս մեր համատեղ ամուսնության ընթացքում ձեռք ենք բերել անշարժ գույք, սակայն իմ անունը, որպես համասեփականատիրոջ, գույքի ձեռքբերման փաստաթղթերում եւ գրանցման վկայականում նշված չէ: Խնդրում եմ ասեք` ի՞նչ պետք է անեմ, որպեսզի գրանցման վկայականում, որպես համասեփականատիրոջ, նշվի նաեւ իմ անունը:
Հասմիկ Հարությունյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Հարությունյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ եթե ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած եւ նրանց համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ գրանցվել է ամուսիններից միայն մեկի սեփականության իրավունքը այն հիմքով, որ իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերում որպես իրավատեր նշված է եղել միայն ամուսիններից մեկը, ապա նման գրանցման գործողության ընթացքում, ամուսինների համատեղ դիմումի հիման վրա, այդ գույքի նկատմամբ կարող է գրանցվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը:
Համատեղ դիմումին կից պետք է ներկայացվի ամուսնության վկայականի բնօրինակը կամ սահմանված կարգով վավերացված պատճենը: Ամուսնության վկայականի բնօրինակը ներկայացնելու դեպքում դիմումն ընդունող աշխատակիցը այն պատճենահանում է եւ բնօրինակը վերադարձնում է դիմողներին:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անկախ այն հանգամանքից, թե ամուսիններից ում սեփականության իրավունքն է գրանցված ամուսնության ընթացքում նրանց ձեռքբերած գույքի նկատմամբ, այն համարվում է ամուսինների համատեղ սեփականությունը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջեւ կնքված պայմանագրով: