«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ն իշխանությունից հեռանալուց առաջ վերջին վատությունն է անում հայ ժողովրդին` փորձելով վարկաբեկել համաժողովրդական շարժումը: Թվում էր` ապրիլի 23-ին վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականով Հայաստանում թավշյա հեղափոխությունն այլեւս իրողություն էր, ու դրան պետք է հետեւեր իշխանության սահուն փոխանցումը: Սակայն նախօրեի գիշերը ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը հրաժարվեց իշխանության սահուն փոխանցման նպատակով Նիկոլ Փաշինյանի հետ ծրագրված հանդիպումից` հասկացնելով, որ ՀՀԿ-ն մտադիր չէ լքել իշխանությունը եւ լծակներն օգտագործելու է ԱԺ ընտրություններում:
Սրա արդյունքում երեկ ողջ Հայաստանում բողոքի ցույցերը նոր թափ ստացան. հասարակությունն այլեւս ոտքի կանգնեց անվերապահորեն մերժելու ՀՀԿ-ին` պահանջելով այդ կուսակցության անվերապահ կապիտուլյացիան:
Միայն թե իշխանությունների վախճանը վերակենդանացրեց քաղաքական դիակներին. կուսակցությունները, որոնց անունը մարդիկ վաղուց էին մոռացել կամ օգտագործում էին որպես վիրավորական պիտակ, ՀՀԿ պարտությունը տեսնելով` երեկվանից հայտարարեցին համաժողովրդական շարժմանը միանալու մասին:
Միացել են ԲՀԿ պատգամավորները, որոնք ընդամենը օրեր առաջ կողմ էին քվեարկել Սերժ Սարգսյանին կամ վախից փախել էին ԱԺ-ից: Կոալիցիայից դուրս գալու մասին հայտարարեց ՀՅԴ-ն: Բայց որ ամենանողկալին է` համաժողովրդական շարժմանը ողջունել կամ դրան միանալու մասին հայտարարել է Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը, մինչդեռ այս կուսակցությունը մշտապես հայտնի է ճամբարափոխությամբ, մարդ-կուսակցություններ` Լյուդմիլա Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Վարդան Օսկանյանը, Էդմոն Մարուքյանը: Շարժմանն անուղղակի ռեւերանսներ են արել տարբեր ՀՀԿ-ականներ, որոնք ոչ վաղ անցյալում ընտրություն էին կեղծում: Ցանկը կարելի է երկար, շատ երկար շարունակել: Հիմա համաժողովրդական շարժումը վարկաբեկելու ավելի լավ տարբերակ դժվար էր մտածել:
Ու հիմա, նկատենք, Նիկոլ Փաշինյանի առաջին գործը պետք է լինի երիտասարդների պայքարի արդյունքում հաջողված շարժումը նման տարրերից զերծ պահելը, այլապես նոր իշխանությունը կարելի է համարել վարկաբեկված:
Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: