Գրագետ մարդկանց պահանջները լսվեցին. իսրայելցի քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին Հայաստանում կատարվող քաղաքական կարեւոր իրադարձությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինի հետ:

-Պարո՛ն Էսկին, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները: Դա, ըստ Ձեզ, հեղափոխությո՞ւն է, թե՞ դեռեւս ոչ:

-Որեւէ այլ երկիր իրավունք չունի խառնվել այլ երկրի` այս դեպքում Հայաստանի ներքին գործընթացներին, մանավանդ որ խոսքը գնում է հինավուրց ժողովրդի մասին` հազարամյա ավանդույթներ ունեցող, մեծագույն մշակույթով: Ամեն դեպքում, կարող ենք ասել, որ հայերը քաղաքական բարձր կուլտուրա դրսեւորեցին, գործը չհասավ արյունահեղության, բողոքի ցույցերն անցկացվում էին քաղաքակիրթ աշխարհում ընդունված կանոնների շրջանակում: Եվ սա օրինակ է մյուսներին, թե ինչպես պետք է զսպվածություն դրսեւորել: Խոսքը չի գնում հեղափոխության մասին, սա կոչվում է մասսայական անհնազանդություն, որին իշխանություններն ականջալուր եղան: Եվ Հայաստանի օրինակով շատերը կարող են սովորել` ինչպես պետք է բարձր քաղաքական կուլտուրա դրսեւորել:

-Ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ իշխանություններն ավելի բիրտ մեթոդների ճանապարհով չգնացին:

-Կարծում եմ` իշխանությունը հասկանում էր, որ ցանկացած արյունահեղություն հայկական պետության եւ հայ ժողովրդի շահերից չի բխում: Եվ գրագետ մարդկանց պահանջները լսվեցին: Հետագայում կարելի է քննադատել, վերլուծել, բայց գլխավորն այն է, որ ինչպես ասացի` Հայաստանը, ընդհանուր առմամբ, բարձր քաղաքական կուլտուրա դրսեւորեց:

-Ամեն դեպքում, որոշ երկրներ, հատկապես Ռուսաստանը, ԱՄՆ-ն, կարող էին ինչ-որ բան անել: Ըստ Ձեզ` ինչո՞ւ այդ երկրները որեւէ քայլ չիրականացրին` Ս. Սարգսյանին աջակցելու համար:

-Ե՛վ այնտեղ, ե՛ւ այնտեղ գիտակցում էին, որ դա Հայաստանի ներքին գործն է եւ չպետք է ոչ ոքի վերաբերի: Եվ մենք չենք կանխատեսում արտաքին քաղաքական կուրսում որեւէ փոփոխություն: Դրա մասին խոսք էլ չի գնացել: Խոսքը գնում է Հայաստանի քաղաքացիների դժգոհության մասին` կապված տնտեսության, երկրի զարգացման մեթոդների հետ: Մեկ տարի առաջ Հայաստանում եղած բողոքի ցույցերի ժամանակ մարդիկ դժգոհություն էին հայտնում` կապված Ռուսաստանի քաղաքականության հետ: Բայց այս անգամ դա չկար: Սա զուտ պետության ներքին գործն է:

-Դուք չե՞ք կիսում այն տեսակետը, որ այլ երկրներ ինչ-որ ձեւով աջակցել են Նիկոլ Փաշինյանին` այս ամբողջ գործընթացն իրագործելու հարցում:

-Որեւէ հիմք կամ փաստ չկա` այդպես կարծելու:

-Իսկ այժմ իշխանությունն ի՞նչ պետք է անի` հեռանա՞, թե՞ շարունակի մնալ քաղաքական դաշտում:

-Ես իրավունք չունեմ որեւէ խորհուրդ տալու: Միայն մի բան կարող եմ ասել. մարդիկ բարձր քաղաքական գիտակցությամբ հանդես եկան: Իշխանությունն ընդառաջ գնաց նրանց պահանջին: Մնացածը Հայաստանի գործն է: Իսկ մեր գործը Հայաստանին ընկերության ձեռք մեկնելն է, շեշտել Իսրայել պետության ցանկությունն ու պատրաստակամությունը` լավացնելու երկկողմ հարաբերությունները: Այս մասին մենք կարող ենք խոսել:

-Այս պարագայում Իսրայելը, ԱՄՆ-ն պատրա՞ստ են համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ:

-Կարծում եմ` Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի, Իսրայելի հետաքրքրության մակարդակը կբարձրանա` պայմանավորված Իրանի հետ հնարավոր կոնֆլիկտով: Օրինակ` Ադրբեջանը մեծ օգուտ քաղեց այն հանգամանքից, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը հետաքրքրություն ունեին այդ ռեգիոնում: Կարծում եմ` Հայաստանն էլ դրանից կարող է իր համար օգուտ քաղել:

-Իսկ ղարաբաղյան խնդրի վրա Հայաստանում կատարվող վերջին իրադարձությունները կարո՞ղ են ինչ-որ ձեւով ազդեցություն ունենալ:

-Ես կարծում եմ` այս պայմաններում ամենակարեւոր հանգամանքը աշխարհի հայությանը Հայաստան բերելն է: Վերջին 30 տարում Հայաստանը կորցրել է բնակչության կեսին: Համեմատական կարգով ասեմ, որ Իսրայելը վերջին 70 տարում բնակչությունն ավելացրել է գրեթե 12 անգամ: Հայաստանը պետք է զբաղվի սեփական պետության ամրացմամբ, սփյուռքի ներգրավմամբ: Դա է առաջնահերթ խնդիրը, եւ եթե դա հաջողվի անել, ապա Ղարաբաղի խնդիրն ինքն իրեն կկարգավորվի: Պետք է ներգրավել սփյուռքին, որպեսզի Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հայերը տեղափոխվեն ապրելու Հայաստանում: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, սովորեցնել մարդկանց հայոց լեզուն, պետք է հետեւողական նման քաղաքականություն վարել: Սակայն դեռեւս հակառակ միտումն է: Եվ եթե այսպես շարունակվի, պարզ է, որ Հայաստանը կկորցնի ոչ միայն Ղարաբաղը, այլեւ ամեն ինչ:

Եթե առաջիկա 10 տարիներին 3 մլն հայ վերադառնա Հայաստան, Ղարաբաղի խնդրի շուրջ ոչ ոք այլեւս լուրջ չի խոսի: Սա կլուծի նաեւ տնտեսական խնդիրները: Բայց, ցավոք, Հայաստանում այն կառավարությունները, որ եղել են, ոչ միայն չեն կարողացել ներգրավել ներդրողների, այլ հակառակը` հետ էին մղում: Ես գիտեմ կոնկրետ դեպքեր, երբ մարդիկ եկել են Երեւան, սկսել աշխատել, իսկ հետո բոլորը հեռացել են: Սա պետք է փոխել: Կա հսկայական պոտենցիալ. Հայաստանը Բանգլադեշ չէ. դա պետք է հասկանալ: Հայաստանի դեպքում կան հսկայական ինտելեկտուալ հնարավորություններ, այս ժողովուրդն առանձնահատուկ շնորհ ունի: Բայց, ցավոք, դրանով ոչ ոք չի զբաղվում: Իսրայելն, օրինակ, դրանով զբաղվում է: Իսրայելում դա մեծ պետական ծրագիր է: Հայաստանում նման բան չկա: Ամեն դեպքում, ես Իսրայելի անունից կարող եմ ասել, որ մենք ուզում ենք Ձեզ հետ ընկերություն անել: Իսկ ինչպես եք Դուք դասավորում Ձեր ներքին կյանքը, մենք չենք ուզում խառնվել:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս