Դատավորները դիտմամբ հիվանդանում են, որ նիստերի չգան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական համակարգում դատավորները սկսել են հերթով համատարած «հիվանդանալ»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատավորներից ոմանք բժշկական տեղեկանք են ներկայացնում առ այն, որ առողջական խնդիրների պատճառով չեն կարող գալ դատարան:

«Իմ քայլը» նախաձեռնության կողմից օրեր շարունակ Երեւան քաղաքում իրականացվող բողոքի ակցիան, որի նպատակն է իշխանությունը անցնցում փոխանցել ժողովրդին, նոր թափ ստացավ, երբ նախաձեռնությանը միացան պաշտոնատար անձինք: Մասնավորապես հրաժարականի դիմում էր ներկայացրել սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ապրիլի 22-ին հրապարակավ իր հրաժարականի մասին հայտնեց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչության պետ Արման Աղաքարյանը` նշելով. «Ողջույն հպարտ ու արժանապատիվ, ազատատենչ ու հաղթանակած իմ հայ ժողովուրդ: Ես այս պահին համարվում եմ պետական ծառայող, բայց այս պահից հայտնում եմ իմ անհնազանդությունը բռնապետական, բռնատիրական, սուլթանական, չեբուրաշկիստական իշխանությանը»:

Այս իրավիճակից կարծես թե անմասն չի մնացել դատական համակարգը, բայց առայժմ ոչ բացահայտ: Արդեն երկու շաբաթ է, ինչ դատական համակարգը սառած սպասում է դեպքերի զարգացմանը, իսկ դատական նիստերը չեն կայանում: Գրել էինք, որ քրեակատարողական հիմնարկներից կալանավորներին դուրս չեն թողնում, ուստի արդեն երկու շաբաթ է, ինչ կոնկրետ քրեական գործերով դատավարությունները չեն կայանում: Նաեւ կալանավորների կամ դատապարտյալների մասնակցությամբ քննչական գործողություններ չեն արվում: Միաժամանակ քաղաքացիական գործերով եւս դատական նիստեր չեն կայանում: Մեզ հայտնի դարձավ, որ քաղաքացիական գործերով կողմեր եւս չեն ներկայանում դատարան: Դատական համակարգում չեն բացառում, որ միգուցե դատարան չեն ներկայացել, քանի որ ստեղծված իրավիճակի մասով ծանուցում չեն ստացել, իսկ ահա մյուս վարկածն էլ այն է, որ միուցե քաղաքացիական գործերով քաղաքացիները ստացել են դատարանի ծանուցումները, բայց իրավիճակից ելնելով` չեն կարող գալ, հասնել դատարան:

Ու մինչ դատական համակարգում փորձում են հասկանալ, թե ինչու քաղաքացիական գործերով հայցվոր եւ տուժող կողմը չի ներկայանում դատարան, համակարգում նոր իրավիճակ է գլուխ բարձրացնում:

Բանն այն է, որ այս օրերին իրար հետեւից դատավորներն սկսել են դատարան չգալ եւ դատարան են ներկայացնում տեղեկանք բժշկից, թե առողջական խնդիրների պատճառով չեն կարող ներկայանալ դատարան:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` բժշկից տեղեկանք ներկայացրած դատավորները են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Գրիգորյանը, Վարդան Գրիգորյանը, Արմեն Վարդապետյանը, Մարիե Մելքոնյանը: Ըստ դատական համակարգում տարածված խոսակցությունների` դատավորների՝ հատկապես այս շրջանում իբր առողջական խնդիրներն առաջ քաշելը ձեւական են համարում եւ ըստ համակարգում տարածված խոսակցությունների` վերջինիս դատարան չգալու պատճառները կապված են քաղաքական զարգացումների հետ :

Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատական համակարգում սպասում են` հասկանան, թե ինչպես կզարգանան պրոցեսները, որից հետո նոր իրենք կկարողանան խոսել այդ դատավորների հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակից հետո զրուցեց դատավորների հետ: Մեզ հետ զրույցում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը` լսելով հարցը, թե արդյո՞ք քաղաքական զարգացումների հետ է կապված դատարան չներկայանալը, եւ պատճառաբանում եք, թե հիվանդ եք, դատավորը նշեց. «Ոչ, առողջական խնդիրներ կան»:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյան:

-Պարո՛ն Գրիգորյան, առողջական խնդիրներ ունե՞ք, որ դատարան չեք ներկայանում, թե՞ քաղաքական զարգացումների հետ է կապված Ձեր այս քայլը, Դուք էլ այսպես եք որոշել հրաժարական տալ:

-Չէ, ես ստացիոնալ բուժման մեջ եմ եղել:

-Չե՞ք կարծում, որ զուգադիպությունը մեծ է:

-Չէ, զարգացումների հետ կապ չունի, եւ երկուշաբթի օրվանից գնում եմ: Ամենաժողովրդականը դատավորներն են, առաջին ժողովրդականը դատավորներն են, երբ ցանկացած մարդ դահլիճից դուրս է գալիս եւ շնորհակալություն է հայտնում: Մեր համակարգն է, որ մի քիչ թարմանա, փոխվի, հասարակության կարծիքն էլ կփոխվի:

-Հիմա դատական համակարգում սպասում են, որ քաղաքական այս պրոցեսները հանդարտվեն եւ բուլետին ներկայացրած դատավորների հետ հասկանան, թե ինչպես պետք է վարվեն, մտավախություն չունե՞ք:

-Բացարձակ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս