Մահաթմա Գանդին երկնքից նայել է Հայաստանի կողմը, ասել է՝ հալալա տղերք ջան, հալալա․ Հայկ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի առաջնորդած թավշյա հեղափոխությանը ներգրավված էին նաեւ մի շարք արվեստագետներ եւ շոուբիզնեսցիներ։ Եվ եթե չլինեին նրանց կոչերը, գուցե հեղափոխությունը հաջողությամբ չպսակվեր։ Վերջիններիս թվում էին Հայկ Մարությանը, Հովհաննես Ազոյանը, Ալինա Մարտիրոսյանը, Զառա Սահակյանը, Հովհաննես Դավթյանը, Հայկ Պետրոսյանը եւ այլն։ «Ժողովուրդ» օրաթերթը հեղափոխության արդյունքների, դրան հաջորդած անսպասելի իրադարձությունների, ժողովրդի հետագա անելիքների մասին զրուցել է դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանի հետ (նա Վարդան Պետրոսյանի որդին է)։ Նա շեշտել է՝ հանրապետականները պետք է հասկանան, որ իրենց ժամանակն անցավ, որ պետք է գա նոր, լավ, պինդ համակարգ, իշխանությունը պետք է փոխանցվի ժողովրդին։

-Հա՛յկ, թավշյա հեղափոխոթյունից ի՞նչ տպավորություններ ունեք։ Արդյոք ստացվե՞ց ժողովրդի մեջ սերմանել այն մտայնությունը, որ պայքարը ոչ միայն անհատների, այլեւ մի ամբողջ համակարգի դեմ է։

-Ինչպես բոլորը, ես էլ ապրեցի հիացմունքի, հպարտության պատմական պահեր։ Աշխարհում այսպիսի բան չէր եղել։ Մահաթմա Գանդին երկնքից նայել է Հայաստանի կողմը, ասել է՝ հալալա տղերք ջան, հալալա (ծիծաղում է)։ Հիմա մենք մեր ուրախությունը պետք է դնենք մի կողմ, ամենակարեւորը շարունակենք ծավալել խաղաղ, ես կասեի՝ ավելի խաղաղ պայքար՝ արդեն երկրորդ փուլով։ Լինենք համարձակ եւ զգոն։ Այսպիսի շարժումների ժամանակ արտաքին ուժերը, օլիգարխները սովորաբար փորձում են խառնվել եւ իրենցով անել ինչ-որ բաներ։ Այդ իմաստով պետք է շատ զգույշ լինենք։ Հիմա այնպիսի վիճակ է, որ ժողովուրդն ինտուիցիայով Նապոլեոն է դարձել։ Ամեն ինչ շատ լավ զգում եւ հասկանում ենք։ Սա տարիների կուտակվածի կուլմինացիան է։ Այստեղ հարցը միայն այս կամ այն գործչին մերժելը չէ։ Սա երկրորդ փուլն է՝ շատ բարդ ու յուրահատուկ։ Պետք է զինվել համբերությամբ, շտապողականությունը մեզ չպետք է խանգարի։ Աստված տա, այն սոլիդարությունը, որ ցուցարարների շրջանում եղել է պայքարի հենց սկզբից, պահպանվի։

-Հանրապետականները վստահ հայտարարություններով են հանդես գալիս, ասում են, որ իրենք են ընտրելու իրենց վարչապետին։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին։

-Դե, ինչ ասեմ, անցյալի մնացուկներ են. ես երբեք իրենց լուրջ չեմ վերաբերվել։ Ինձ համար նրանք տանող-բերող քաղաքական գործիչներ են, կշիռ չունեն։ Թող աչքերը լայն բացեն ու տեսնեն՝ փողոցներում ինչ է կատարվում։ Իրենք պետք է հասկանան, որ իրենց ժամանակն անցավ, որ պետք է գա նոր, լավ, պինդ համակարգ, իշխանությունը պետք է փոխանցվի ժողովրդին։ Հեղափոխության արդյունքում երկրի հիմքը, ֆունդամենտը լավ է դրված, մնում է` տան պատերը ծուռ չշարենք։ Ամեն դեպքում, ես արդեն տեսնում եմ մտածողության, ներքին որակների փոփոխություն։ Ապրիլի 24-ին, երբ Ծիծեռնակաբերդում էինք, հսկայական հերթ էր գոյացել։ Ոմանք խախտում էին այն, իսկ մյուսները սաստում էին կարգը չպահպանելու համար։ Սա արդեն իսկ փոփոխություն է։ Ուրեմն սթափ լինենք, ինչպես ժամանակին ասել է մեր ոստիկանապետերից ամենաքրիստոնյան։ Ժամանակն է՝ այդ կոչին հետեւենք։

-Եվ վերջին հարցը՝ հիմա ժողովուրդն ի՞նչ պետք է անի։ Ո՞րը պետք է լինի նրա հաջորդ քայլը։

-Ես կոնկրետ քայլերով քաղաքական լուծում առաջարկել չեմ կարող։ Փոխարենը հետեւում եմ քաղաքագետների տեսակետներին, օրինակ՝ Արա Պապյանի, Լեւոն Շիրինյանի։ Բայց մի բան հստակ է՝ պետք է կյանքի կոչվի Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած օրակարգը, ընդ որում, այդ պրոցեսը պետք է անցնենք հանգիստ, առանց էմոցիաների տրվելու։ Դեռեւս այսքանն անենք, իսկ թե որոնք կլինեն հետագա անելիքները, ցույց կտա ժամանակը։

Աննա Բաբաջանյան




Լրահոս