Ներքաղաքական զարգացումները կհանգեցնեն կոռուպցիոն սկանդալների բացահայտման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերն են համոզված, որ ներքաղաքական վերջին զարգացումները անխուսափելիորեն բերելու են մի շարք կոռուպցիոն սկանդալների բացահայտման: Այդ առումով դժվար չէ կռահել, որ լուրջ փաստեր կարող են ի հայտ գալ եւ Երեւանի քաղաքապետարանում:

Օրինակ` Երեւանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանն ու «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ոչ վաղ անցյալում հայտարարել էին, որ դիմելու են դատարան` Երեւանի քաղաքապետարանի ստեղծած «Երեւան» հիմնադրամի միջոցները հրապարակայնեցնելու պահանջով: Նրանք դատարանում վիճարկելու են «Երեւան» հիմնադրամի գործողությունները: Բանն այն է, որ նրանք նախ դիմել են «Երեւան» հիմնադրամին եւ փորձել էին պարզել այն նվիրատուների անունները, որոնք ավելի քան 100 հազար դրամ են վճարել հիմնադրամին: Սակայն հիմնադրամը չի տրամադրել այդ տվյալները` հղում անելով տվյալների գաղտնիությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ անգամներ անդրադարձել է «Երեւան» հիմնադրամի գործունեությանը, ավելի ճիշտ հիմնադրամի ֆինանսական ծախսերի վերաբերյալ տվյալները գաղտնի պահելուն: Նկատենք, որ հիմնադրամի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը տեղադրված է azdarar.am կայքում: Բայց իրականում կայքում տեղադրված է ընդհանուր բնույթի հաշվետվություն, որտեղ նշված է միայն, թե տվյալ տարում որքան մուտք է եղել հիմնադրամում, եւ որքանն է ծախսվել կանոնադրական նպատակների համար: Մինչդեռ այն տեղեկությունը, թե կոնկրետ որ ծրագրի վրա հիմնադրամը որքան գումար է ծախսել, չկա: Իսկ ինչպես ասում են` հենց այդ ծախսերից են երեւում «ատկատներն» ու կոռուպցիոն ռիսկերը: Սակայն թաքցվում են: Նկատենք, որ այս հիմնադրամի եկամուտներն ու ծախսերը շատ ավելի «խնամքով» են գաղտնի պահվում, քան ԶՈՒ սպառազինության մասին գաղտնիք պարունակող փաստերը:

Բանն այն է, որ «Երեւան» հիմնադրամի միջոցով պարզապես օրինականացվում է «կաշառքը», որը դառնում է «կամավոր նվիրատվություն» /գումարն էլ կախված է գործարքի բովանդակությունից ու արժեքից/, իսկ հավաքագրված գումարներն էլ ծախսվում են տարբեր նպատակներով` քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումների համար: Այսկերպ գործելու նպատակը պարզ է` եթե քաղաքապետարանն իր միջոցներից անի ահռելի ծախսեր, անմիջապես աղմուկ կբարձրանա: Սա հատկապես մի երկրում, որտեղ պաշտոնական տվյալներով` յուրաքանչյուր տասը բնակչից երեքն աղքատ է, ուստի նման շռայլությունները տեղին չեն:

Որպեսզի պարզ լինի, թե ինչ ահռելի գումարների մասին է խոսքը, ներկայացնենք «Երեւան» հիմնադրամի ընդհանրական հաշվետվությունները: Եւ այսպես` 2015 թվականին քաղաքային բյուջեից հիմնադրամը ֆինանսավորվել է 1 մլրդ 652 մլն 640 հազար դրամ, Վիեննայից` մոտ 3 մլն դրամ` մայիսի 15-ին միջազգային կոնֆերենասի կազմակերպման համար: Կազմակերպություններից եւ անհատներից հիմնադրամին նվիրվել է 463 մլն 825 հազար դրամ` կանոնադրական գործունեության իրականացման համար: Այդ գումարները ծախսվել են հետեւյալ կերպ. 2015 թվականին քաղաքի բարեկարգման, կանաչապատման, հուշարձանների պահպանման եւ կառուցապատման համար ծախսվել է 468 մլն 269 հազար դրամ: Իսկ ահա հովանավորության կարիք ունեցող կրթական մշակութային, մարզական, գիտական կազմակերպություններին, ինչպես նաեւ մարզական միջոցառումների համար ծախսվել է 1 մլրդ 280 մլն 642 հազար դրամ:

Հիմնադրամի` 2016 թվականի գործունեության մասին հաշվետվության մեջ նշված է, որ ֆինանսավորման աղբյուրներն են` Երեւան համայնքի բյուջեն` 1 մլրդ 387 մլն 460 հազար 270 դրամի չափով, ՀՀ պետական բյուջեն` 59 մլն 617 հազար դրամ, անհատներից, կազմակերպություններից եւ այլ մուտքեր կազմել են 350 մլն 369 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնադրամը 2016 թվականին գույք էլ է նվեր ստացել. փողոցների տոնական, լուսային զարդեր` 104 մլն 255 հազար դրամ արժեքի, 18 մլն 146 հազար դրամի լուսային շատրվաններ, փողոցային լուսարձակ, լուսատուներ, լամպեր` 303 մլն 236 հազար դրամի, երկու ավտոմեքենա` 9.5 մլն դրամի, թվային, ձայնային համակարգ` 8 մլն 576 հազար դրամի: 2016 թվականին օգտագործված միջոցները կազմել են 1 մլրդ 796 մլն 386 հազար դրամ, իսկ կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը` 1 մլրդ 767 մլն 825 հազար դրամ:

Անցած տարում հիմնադրամի ֆինանսավորման աղբյուրներից Երեւանի քաղաքապետարանը քաղաքային բյուջեից հատկացրել է 550 մլն 744 հազար 427 դրամ` բարեկարգման, կանաչապատման համար: ՀՀ պետական բյուջեից հիմնադրամին հատկացվել է 20 մլն դրամ` Նորաշեն 16-րդ թաղամասի 5 բազմահարկ շենքերի գազաֆիկացման համար: Նշենք, որ անհատներից, կազմակերպություններից եւ այլ մուտքերը կազմել են 1 մլրդ 370 մլն 811 հազար դրամ` դարձյալ բարեկարգման, հուշարձանների կառուցապատման, տոնական, մշակութային սոցիալական, կրթական միջոցառումների կազմակերպման եւ անապահով խավերի օժանդակության համար:

Անցած տարում հիմնադրամի ներդրումը 5 մլն 376 հազար դրամի խաչքարերն են, 1 մլն 760 հազար դրամի հաշմանդամի կամրջակն է, 509 հազար դրամի չափով համակարգիչ` իր լրակազմով, 85 հազար դրամի օֆիսային բազկաթոռն է: Անցած տարում օգտագործված միջոցների չափը կազմում է մոտ 1.3 մլրդ դրամ, նույնքանն էլ կազմել են ծախսերը: Ի դեպ, նկատենք, որ վերջին տարիներին հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնում է մեկ ընկերություն` «Բեյքեր Թիլլի Արմենիա»-ն: Համաձայնեք` փաստաթղթերի տրցակ` լի ամենատարբեր բացահայտումներով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս