ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի 28-ամյա քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին չի ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը: Չկա անգամ քաղաքապետի տիկնոջ` Մերի Փարվանյանի հայտարարագիրը: Բայց չնայած սրան` երիտասարդ քաղաքապետը զգալի ունեցվածք ունի: Շահվերդյանի դրամական միջոցները կազմում են 9 հազար դոլար եւ 12 մլն դրամ: Իսկ աշխատավարձը, որը հայտարարագրել է որպես եկամուտ, ամսական կազմում է 90 հազար 560 դրամ: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` տուն չունի, ունի ընդամենը «Vokswagen Touareg 3.6» մակնիշի մեկ ավտոմեքենա:
Մինչդեռ Թովմաս Շահվերդյանն անձամբ եւ նրա հայրը Աշտարակում մի քանի բիզնեսներ ունեն: Քանի որ քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու ժամանակ նա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրել է ունեցվածքի հայտարարագիր: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Շահվերդյանը ունի շենք եւ հողամաս` վարձակալության իրավունքով: Նրան է պատկանում նաեւ «Ավգոռ» ընկերությունը: Իսկ իրեն պատկանող շենքն ու հողամասը մի ամբողջ համալիր են, որտեղ եւ գտնվում է նշված ընկերությունը, Աշտարակի շուկան, «Աշտարակ» սուպերմարկետը եւ հացի գործարանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ «Ավգոռ» ընկերությունը նշված տարածքները վարձակալել է Սարգիս Շահվերդյանից: Իսկ վերջինս, ով գործարար է, Աշտարակի երիտասարդ քաղաքապետի հայրն է: Նա Քասախի կիրճում գործող «Արեւիկ» հանգստյան տան սեփականատերն է եւ տնօրենը: