Դպրոցի տնօրենին կվերահսկեն. ստուգումներ են սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական կառույցներում աշխատակիցների հաստիքներն ավելացնելու եւ այդ ճանապարհով պետական միջոցները վատնելու առթիվ հարուցված քրեական գործով դատավճիռը հրապարակվեց:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2017 թվականին մի շարք մարզպետներ դպրոցներում ստուգումներ են սկսել, քանի որ ահազանգ ունեն, որ արհեստական գրանցված անձինք կան, որոնք աշխատանքի չեն ներկայանում, իսկ նրանց աշխատավարձերը ստանում են դպրոցի տնօրենները: Ստուգումների արդյունքում բացահայտվել էր, որ 2009-2015 թվականը Երեւանի թիվ 64 հիմնական դպրոցի տնօրեն Անաիդա Շահնազարյանը, լինելով դպրոցի տնօրեն, տարբեր ազատ հաստիքներում գրանցել է 12 քաղաքացիների, որոնք չեն ներկայացել աշխատանքի, ու դպրոցի տնօրեն Անաիդա Շահնազարյանը նրանց անուններով ստացած գումարը յուրացրել է:

Նշենք, որ 2009 թվականից մինչեւ 2015 թվականը 12 քաղաքացիների անունից ստացած եւ յուրացված գումարի չափը կազմում է մոտ 12 միլիոն դրամ: Անաիդա Շահնազարյանից բացի` ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաեւ դպրոցի պահակ Քնարիկ Մալխասյանը: Դատելով մեղադրական եզրակացությունից` դպրոցի տնօրենն ու պահակը համատեղ են գումարներ յուրացրել:

Պարզել էինք, որ Երեւանի թիվ 64 հիմնական դպրոցի պահակ Քնարիկ Մալխասյանը բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է եղել դպրոցի տնօրենի հետ: Նա դիմել է դպրոցի տնօրեն Անաիդա Շահնազարյանին` խնդրելով, որ դպրոցի ազատ հաստիքներում գրանցի իր մտերիմներին, մասնավորապես որդուն` Դ. Մալխասյանին, եղբորը` Ս. Մալխասյանին, եւ եղբորորդուն` Ա. Մալխասյանին: Եվ ահա դպրոցի տնօրեն Շահնազարյանն էլ «բարի կամք է դրսեւորել» եւ որոշել է օգնել դպրոցի պահակ Քնարիկ Մալխասյանին: Արդյունքում` նա պահակ Քնարիկի մտերիմներին գրանցել է դպրոցում որպես տեխնիկական աշխատակիցներ:

Տպավորությունն այնպիսին էր, որ Քնարիկ Մալխասյանը իր մտերիմների ստացած աշխատավարձը պետք է կիսեր դպրոցի տնօրենի հետ, սակայն դպրոցի պահակ Քնարիկ Մալխասյանը անձամբ է ստացել իր բարեկամների աշխատավարձը եւ օգտագործել իր կարիքների համար: Իսկ նրա կողմից ստացած աշխատավարձը կազմել է մոտ 4 միլիոն դրամ: Եվ ահա այս տարվա մարտի 5-ին հրապարակվել է գործով վճիռը, էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը հրապարակել էր վճիռը:

Անաիդա Շահնազարյանին ճանաչել են մեղավոր, դատապարտել ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, սակայն ավելի ուշ որոշվել էր պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան` 3 տարի ժամկետով` նրա վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնելով ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների իրականացման համապատասխան ծառայության վրա, ավելին` Անաիդա Շահնազարյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 12 միլիոն դրամ գումար, որպես հանցագործության հետեւանքով պետությանը պատճառած գույքային վնասի հատուցում:

Քնար Մանուկյան




Լրահոս