Հայաստանում քաղաքական վերջին զարգացումները՝ բողոքի ցույցեր, ճանապարհների փակում, պետական համակարգի անգործություն, պաշտոնապես եւ ոչ պաշտոնապես հայտարարված գործադուլները, կարող են ազդել երկրի տնտեսության զարգացման վրա: Բայց մյուս կողմից այդ ոգեշնչված վիճակը որպես կարեւոր երաշխիք ե՛ւ տեղական, ե՛ւ արտասահմանյան ներդրողներին կխթանի: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:
-Պարո՛ն Մակարյան, հանրապետությունում տիրող իրավիճակը ի՞նչ հետեւանքներ կարող է թողնել երկրի տնտեսության զարգացման վրա:
-Կարող է դրական ազդել: Ինչու, որովհետեւ շատ մեծ լավատեսություն, հույսեր առաջացրեց ժողովրդի մեջ: Չնայած վերջին տարիների ռեֆորմներին կամ վերջին կառավարության համեմատաբար ավելի ակտիվ աշխատանքին, այնուամենայնիվ, փոքր, միջին ձեռնարկատիրության ոլորտում բազմաթիվ խնդիրներ են մնացել: Դեռեւս այդ պաշտոնյա-բիզնեսի սերտաճում համակարգը չհաջողվեց լրիվ թեթեւացնել: Կառավարության շատ որոշումներ տարբեր մարդկանց օգտին կայացվեցին: Կարծում եմ` այս անգամ ժողովուրդը չի գնա սխալ եւ կեղծ ընտրությունների: Կարծում եմ, որ նոր պառլամենտի ձեւավորումը այդ փոփոխություններով կլինի արդարացի, ավելի պրոֆեսիոնալ, որը որ հեռանկարային առումով շատ կարեւոր է. ավելի լավ օրենքներ կընդունվեն բիզնես միջավայրին նպաստող եւ քաղաքացիների համար ձեռնտու:
-ՀՀ ներքաղաքական կյանքում ստեղծված վիճակն օտարերկրյա ներդրումների վրա ինչպե՞ս կանդրադառնա:
-Այդ ոգեշնչված վիճակը եւ պառլամենտի թափանցիկությունը որպես կարեւոր երաշխիք ե՛ւ տեղական, ե՛ւ արտասահմանյան ներդրողներին կխթանի, նաեւ կլավացնի դոնորների հետ հարաբերությունները եւ միջազգային ծրագրերը: Մենք գիտենք, որ բազմաթիվ ծրագրեր լիարժեք չեն կատարվել` կա՛մ ատկատներ են եղել, կա՛մ փոշիացվել են ռեսուրսները: Կարճատեւ այս հատվածում, բնականաբար, ճանապարհների փակվելը, ժամանակի կորուստը, մարդկանց աշխատանքի չգնալը եւ այլն, ազդելու են բիզնեսի, տնտեսության վրա:
-Այս օրերին մենք ականատես եղանք նաեւ գործադուլների:
-Մենք, օրինակ, հաշվարկել ենք, որ մոտ աշխատանքային 5 օրը կարող է 2 տոկոսի չափ ՀՆԱ-ի մեջ ազդեցություն ունենալ: Այսինքն` այս տարվա ՀՆԱ-ն 2 տոկոս պակաս կարող է լինել: Բայց հնարավոր է նաեւ սխալվենք: Չէ՞ որ մյուս կողմից հնարավոր է` մարդկանց այս ոգեշնչումը, լավ աշխատանքը լրացնի ՀՆԱ-ի այդ կանխատեսվող պակասը կամ մի բան էլ ավելացնի: Մեր աշխատավորների արտադրողականությունն էլ էր ընկել ոչ միայն իրենց հմտությունների, կրթական գիտելիքների կամ ցածր որակի կրթության պատճառով, այլեւ իրենք հոգեբանորեն ճնշված էին, մտազբաղ էին, հիասթափված, հուսահատված: Բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ սա լավ արդյունք է տալու վերջում, եւ շատ ողջունելի է ժողովրդական շարժումը: Միայն երիտասարդության շրջանում պաշտոնապես գործազրկությունը 35 տոկոս է կազմում: Մենք երիտասարդների մտորումները պետք է հասկանանք, որ նրանք չեն կարողանում ընտանիք կազմել` աշխատանք չունենալու պատճառով, միգրացիայի են դիմում կամ չեն կարողանում իրենց երիտասարդության տարիները ճիշտ վայելել, որովհետեւ փող չունեն` նորմալ հագնվելու, ապրելու, գնումներ կատարելու համար:
-Պարո՛ն Մակարյան, Ձեր կարծիքով` Հայաստանում քաղաքական վերջին զարգացումները ինչպե՞ս կանդրառանան ֆինանսական շուկայի վրա: Քանի որ վերջին օրերին ՀՀ-ում ե՛ւ դոլարի, ե՛ւ եվրոյի փոխարժեքը բարձրանում է:
-Բնականաբար, դա կարող է նաեւ պայմանավորված լինել մի շարք երեւույթներով: Հնարավոր է` ինչ-որ մարդիկ խուսափում են, ուզում են փախչել կամ ինչ-որ կոնվերտացիաներ են անում, կամ ուղղակի դիֆիցիտ է առաջացել դոլարի հետ կապված: Հնարավոր է` արտահանում չի եղել, կամ էլ դրսից քիչ է դոլար երկիր մտել: Բայց դա ժամանակավոր է, դրանք կարող են նաեւ իջնել:
-Հնարավոր համարո՞ւմ եք այս օրերին երկրից կապիտալի արտահոսք:
-Կապիտալի արտահոսք կարող է լինել: Բայց եթե ՀՀ կենտրոնական բանկը խելամիտ լինի եւ փոքր-ինչ զսպված պահի բանկերը, ապա նման բան չի լինի: Քանի որ հետո հարց կառաջանա, թե ինչու են թույլ տվել, որ երկրից կապիտալ արտահոսի: Դա Հայաստանի համար շատ կարեւոր է: Ցանկացած երկրում դա կարող է լինել, մենք չենք կարող իդեալական ձեւով բոլոր ճանապարհները փակել, որ որեւէ մի ուղիով կապիտալի արտահոսք տեղի չունենա:
-ԿԲ-ն առանձնահատուկ գործողություն չի իրականացնում: Կարելի՞ է ենթադրել, որ իրոք խնդիր չկա:
-Կարծես թե ոչ. կա՛մ ԿԲ-ն գործողություն չի կատարել. ուղղակի աչքերն է փակում, կա՛մ էլ իրոք խնդիր չի տեսնում: Այսինքն` էական հոսք չի եղել, որ անհանգստանա:
Զրուցեց Սյունէ Համբարձումյանը