Ես դուրս եմ եկել ռեժիմի դեմ պայքարելու․ Տաթև Հովակիմյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմից հայտնի դարձած դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը, ով աշխատում է Հ. Թումանյանի անվան Երեւանի պետական տիկնիկային թատրոնում, մշտապես կանգնած է Սերժ Սարգսյանի, ապա նաեւ Հանրապետական կուսակցության դեմ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժման մասնակիցների կողքին։ Նա մեզ հետ զրուցել է անհատների դեմ պայքարից համակարգի դեմ պայքարի անցնելու, մշակութային հեղափոխության եւ որպես քաղաքացի իր հստակ դիրքորոշումն ունենալու մասին։

-Տաթե՛ւ, Դուք շարժման հենց սկզբից ցուցարարների թվում եք, հիմա բողոքի ակցիան, ըստ Ձեզ, ի՞նչ ընթացք է ստացել, ի՞նչ փուլ է թեւակոխել։

-Չհաշված այն անշնորհքություններն ու անկարգությունները, որոնք կապ չունեն պայքարի հետ, ամեն բան իր նորմալ հունով ընթանում է։ Ես պայքարում եմ նաեւ հենց այդ անօրինականությունների դեմ, օրինակ՝ փակ համարանիշներով ավտոմեքենաների։ Մենք պետք է ռեժիմի դեմ քաղաքակիրթ պայքար մղենք, ինչպես որ դա արեցինք Սերժ Սարգսյանի դեպքում, եւ, ինչպես տեսաք, հաղթեցինք։ Հիմա հանրապետականների ռեժիմի դեմ պայքարում կհաղթենք այն ժամանակ, երբ այդ խուլիգանությունները չլինեն։

-Ըստ Ձեզ` մարդկանց գիտակցությունում արմատներ գցե՞ց այն գաղափարը, որ պայքարը ոչ թե անհատների, այլ համակարգի դեմ է։

-Այո, ես ինքս էլ ասում եմ, որ, օրինակ, Նիկոլ Փաշինյանի համար չեմ փողոց դուրս եկել, ես դուրս եմ եկել ռեժիմի դեմ պայքարելու։ Բայց Փաշինյանն ապացուցում է, որ վաղը կարող է լինել իմ վարչապետը։ Մարդը կարողացավ քայլերթով սկսել շարժում եւ իրականացնել հեղափոխություն, ուրեմն պետք է փորձենք հավատալ նրան։ Տասը տարի ապրեցինք Հանրապետական կուսակցության կլանի ու վայրագությունների մեջ, մեկը եկավ ու տասը օրում իրավիճակ փոխեց։ Նրան չհավատալը ծիծաղելի է։ Հիմա ես իմ պարտքն եմ համարում լինել ժողովրդի մի մասը ու ոչ թե որպես դերասանուհի, այլ պարզապես որպես քաղաքացի։

-Սա նաեւ մշակութային հեղափոխություն է, որը ենթադրում է մարդկանց կենսակերպի փոփոխություն, համաձա՞յն եք։

-Այո, դա նշանակում է, որ մարդիկ պետք է հասկանան, որ փողոցում արեւածաղիկ չրթել չի կարելի, որ մեկ տարեկան երեխան, որի ապագայի համար ես պայքարում եմ, չպետք է անկարգության արդյունքում զոհվի։

-Տաթե՛ւ, որպես դերասանուհի, Ձեր քաղաքական հայացքների համար երբեւէ տուժե՞լ եք։ Եղե՞լ են ճնշումներ։

-Ինչպես գիտեք, աշխատում եմ Տիկնիկային թատրոնում, որի ղեկավար Ռուբեն Բաբայանը բավական ազատամիտ մարդ է եւ կանգնած է երիտասարդների կողքին, այնպես որ, թատրոնում նման խնդիր չկա։ Ես նկարահանվելու եմ ֆիլմում եւ չգիտեմ՝ նկարահանողները հանրապետականի գաղափարակիցն են, թե իմ, բայց, միեւնույն է, բոլոր դեպքերում ես չեմ վախենում, որովհետեւ ի սկզբանե իմացել եմ, որ կարող են նմանատիպ խոչընդոտներ լինել։ Միեւնույն ժամանակ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաներն այնքան զարգացած են, հանրությունն այնքան ինֆորմացված է, որ խոչընդոտների ստեղծումը ավելի ու ավելի դժվար է դառնում։

-Կան մարդիկ, որոնք արդեն իրենց մաշկի վրա զգում են փոփոխություններ, մտածողության փոփոխություն։ Դուք ի՞նչ կասեք։

-Գիտեք, Սարգսյան-Փաշինյան բանակցություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը սպառնաց մարտի 1-ով, ես կյանքումս առաջին անգամ մտածեցի երկրից գնալու մասին եւ արտահայտվեցի այդ մասին։ Բայց հետո իրավիճակ փոխվեց։ Եվ այդ փոփոխությունը չնկատել հնարավոր չէ։ Ամեն դեպքում, ես ասում եմ՝ եթե վաղը Նիկոլ Փաշինյանն ասի կամ անի այնպիսի բան, որի հետ ես համաձայն չլինեմ, ես կրկին բարձրացնելու եմ բողոքի իմ ձայնը։ Նույնը կոչ եմ անում իմ կոլեգաներին։

Աննա Բաբաջանյան




Լրահոս