ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՍԵՐ ՉՔԱՂԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքներին ոստիկանությունը մի քանի օր շարունակ փորձում էր չմիջամտել, անգամ այն բանից հետո, երբ ցուցարարները փակել էին մայրաքաղաքի հիմնական փողոցները` կաթվածահար անելով երթեւկությունը: Բայց երեկ այն բանից հետո, երբ ցուցարարները ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՔՊ անդամ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ական պատգամավորների հետ փորձեցին բարձրանալ դեպի ԱԺ, ոստիկանները ոչ միայն փակեցին ճանապարհը, այլեւ կարճ ժամանակ անց տեղի ունեցան բախումներ: Ավելին` ոստիկանները հավաքված բազմահազարանոց բազմության վրա ձայնային նռնակներ կիրառեցին` մարմնական վնասվածքներ հասցնելով 46 հոգու, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, լրագրողների, անգամ իրենց գործընկեր ոստիկանների /ընդ որում, ոստիկանը ոստիկանին մարմնական վնասվածք հասցրեց իրենց մասնագիտական տոնի օրը/: Ու պետք է արձանագրենք, որ իշխանությունների համար այդպես էլ դաս չեղավ տասը տարի առաջ Երեւանի կենտրոնում մարտի 1-ի սպանդը, երբ ոստիկանների կիրառած հատուկ միջոցներից՝ «Չերյոմուխա 7»-ից, զոհվեցին մարդիկ: Երեկ նրանք կիրառում էին նույն հատուկ միջոցները եւ մարմնական վնասվածք հասցնում մարդկանց: Ու հիմա ՀՀ գլխավոր դատախազությունը ընդդիմադիրների գործողությունների կապակցությամբ քրեական գործ հարուցելու փոխարեն ճիշտ կաներ` նախ եւ առաջ քննության առարկա դարձներ ոստիկանների արարքը, նրանց օգտագործած հատուկ միջոցների իրավաչափությունն ու գործածման եղանակը:
Մեկ փաստ էլ. չնայած մայրաքաղաքում արդեն մի քանի օր է՝ շուրջօրյա ցույցեր են, իսկ երեկ եղան բախումներ, սակայն համառ լռություն է պահպանում ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը: Նա որեւէ կերպ չի անդրադարձել այս ամենին, մինչդեռ ոչ վաղ անցյալում Արմեն Սարգսյանը հայտարարել էր. «Փորձելու եմ լինել ոչ միայն խորհրդարանի, այլեւ Հայաստանի քաղաքացիների նախագահը»: Բայց պարզվում է` նա չդիմացավ առաջին իսկ փորձությանը` իրեն դրսեւորելով որպես իշխող մեծամասնության նախագահ:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վերահսկիչ պալատը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում անցկացված ստուգումների արդյունքում այնպիսի ահռելի չարաշահումներ է հայտնաբերել, որ ստիպված է եղել նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն: Երեկվա դրությամբ դատախազությունը ՎՊ բացահայտումների վերաբերյալ որեւէ դիրքորոշում չէր ներկայացրել, ու պարզ չէ բացահայտված, առեւերույթ հանցագործություն պարունակող փաստերի ճակատագիրը: Փոխարենը, ինչպես հայնտի է, դատախազությունը հանձնարարել է քրեական գործ հարուցել այս օրերին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույց անող ընդդիմադիրների դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՊՈԱԿ-ն, օրինակ, տնկիներ ձեռք բերելու պայմանագրեր է կազմել, սակայն դրանք ձեռք չի բերել: Ընդ որում, պայմանագրերը կնքել են հենց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն Վահե Գուլանյանի հետ փոխկապակցված անձի ընկերության հետ: ՊՈԱԿ տնօրենը պարտավորվել է ներդրումներ անել, այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից մի քանի հարյուր միլիոն դրամ ստացել, սակայն ընդամենը մեկ հատ պարիսպ է կառուցել եւ այսպես շարունակ: Համաձայնեք` մեր պետական համակարգում կորեյկոների, բենդերների եւ պանիկովսկիների պակաս չկա:

 

 

 

Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձ նախապատրաստելու առթիվ քրեական գործով, որն, ի դեպ, արդեն ուղարկվել է դատարան, լուրջ բացահայտումներ են եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԱԾ իրականացված հեռախոսային գաղտնալսումներով պարզ է դարձել, որ Դոն Պիպոյի դեմ մահափորձ ծրագրելու համար ձերբակալված անձանց պլանների մեջ եղել է նաեւ օրենքով գող Անդրանիկ Սողոյանի` Զապի դեմ հարձակում կազմակերպելը, ավելին՝ այդ նպատակով արտերկրից հատուկ մարդ են հրավիրել: Հիշեցնենք, որ այս քրեական գործով կալանավորվել են Արկադի Քոչինյանը, Արտակ Զաքարյանը եւ ոմն Ղազախեցյանը, որոշ ժամանակ անց խմբին օժանդակելու համար կալանավորվել են նաեւ Զոհրաբ Ղումաշյանը, ինչպես նաեւ` Արտակ Այվազյանը: Ի դեպ, մեր տեղեկություններով` այս բոլոր գաղտնալսումները հրապարակվելու են նաեւ դատարանում, սակայն հիմա իրավապահ համակարգում քննարկում են դատական նիստերը դռնբաց, թե դռնփակ անցկացնելու նպատակահարմարությունը, որպեսզի քրեական աշխարհում այդ գաղտնալսումները հրապարակելով` ավելորդ անգամ չսրեն իրավիճակը: Ի վերջո, մահափորձի պատվիրատուների շարքում նշվում է օրենքով գող Արտյոմ Կանեւսկոյի՝ Արտյոմ Հարությունյանի անունը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեռ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ական Նաիրա Նահապետյանին՝ ՀԷԿ-երի Նառային, խոստացել էր նշանակել փոխքաղաքապետ: Անգամ ասել է, թե այդ որոշումը «գեղեցիկ կնայվի գենդերային հավասարության տեսանկյունից, քանի որ ԱԺ-ում էլ երկար ժամանակ փոխնախագահներից մեկը միշտ կին է եղել: Սակայն Մարգարյանն այդպես էլ իր խոստումը չի կտարել` փոխարենը Նահապետյանին որպես փոխհատուցում տալով ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմել է Նաիրա Նահապետյանին, սակայն նա հայտնեց, թե ժնեւում է եւ չի կարող խոսել .«Դու ռոմինգ ես հիմա զանգել, ես գործարար համաժողովի եմ»: Երբ մեր թղթակիցը կրկնել է հարցը, ահռելի հարստության տեր, բազմաթիվ ՀԷԿ-երի սեփականատեր Նահապետյանը ասել է. «Չեմ կարող, չեմ կարող փողերը գնացին, լավ մերսի, ցտեսություն», եւ արագ անջատել հեռախոսը:

 

 

 

ՄԵՐԺՎԱԾԸ ՀԱՎԱԿՆԵՑ
Սերժ Սարգսյանը դեռ մինչեւ վերջերս հավաստիացնում էր, թե չի հավակնում վարչապետի պաշտոնին: Հիշում եք այս տարվա մարտի 19-ի հայտարարությունը, երբ ըստ էության կրկնեց 2014թ. հայտնի խոսքերը երկրի առաջին դեմքին պաշտոնին չհավակնելու մասին, բայց իրականում տողատակում բացահայտ հասկացնելով, որ ոչ միայն հավակնում է, այլեւ իր վարչապետությանն այլընտրանք չկա: Այսքան երկար «չհավակնելուց» հետո Սերժ Սարգսյանը վերջապես համաձայնել է դառնալ վարչապետ: Բայց պաշտոնական «այո»-ն հնչեցրել է ռուսական մամուլի էջերում: Մասնավորապես նա հարցազրույց է տվել «Իզվեստիա» թերթին` ասելով. «Ես պատրաստ եմ ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել»: Այնուհետեւ նա ասել է. «Բայց ոչինչ հավերժ չէ: Այդ պատճառով, եթե, իհարկե, իմ թեկնածությունը հաստատվի խորհրդարանում, իմ մյուս պարտականություններին զուգահեռ ես պատրաստվում եմ շատ մեծ ժամանակ հատկացնել փորձի փոխանակմանը, որ կուտակել եմ տարբեր պաշտոններում այս տարիների ընթացքում: Դա շատ կարեւոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք կան ե՛ւ ՀՀԿ շարքերում, ե՛ւ կուսակցությունից դուրս»:
Սկսենք նրանից, որ վարչապետ դառնալու պատրաստակամության մասին օտարերկրյա լրատվամիջոցի էջերից հայտարարելը վայել չէ ինքնիշխան պետության ներկայացուցչին: Չնայած, եթե նկատի ունենանք փաստը, որ Հայաստանում հասարակության մեծամասնությունը մերժում է Սերժ Սարգսյանին եւ դեմ է նրա հետագա պաշտոնավարմանը, նման քայլը կարելի է «արդարացված» համարել: Եւ իր այս քայլով Ս. Սարգսյանն ընդունեց, որ ինքն օտարված ու մերժված է հայ հասարակությունից: Մյուս կողմից տարակուսանք են հարուցում նրա հայտարարությունները, թե վարչապետ դառնալուց հետո մտածելու է երիտասարդ գործիչների, ասել է, թե իրեն իրավահաջորդ պատրաստելու մասին: Հետաքրքիր է՝ իսկ ինչո՞ւ այս ամենը Սերժ Սարգսյանը չարեց ավելի վաղ՝ պաշտոնավարման տասը տարիների ընթացքում, ի՞նչն էր նրան խանգարում: Թե՞, այնուամենայնիվ, դժվար է իշխանությունից հեռանալը եւ որոշել է պաշտոնավարել «մինչեւ վերջ» /Գալուստ Սահակյանի ականջը կանչի. ասում էր՝ Սերժ Սարգսյանը պետք է լինի մինչեւ վերջ/:
Մեկ փաստ էլ. 1998թ. պետական հեղաշրջմամբ իշխանության եկած, հոկտեմբերի 27-ի արյունահեղությունից հետո իշխանությունն ամրապնդած եւ մարտի 1-ի ոճրագործությամբ հեռացած Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ, իր մեջ ուժ գտավ իշխանությունը Ս. Սարգսյանին` որպես իր իրավահաջորդի, փոխանցելու հարցում: Բայց Ս. Սարգսյանը չի կարող նույնկերպ վարվել` հավանաբար, աչքի առաջ ունենալով իր օրինակը, թե ինչպես վարվեց Քոչարյանի հետ:




Լրահոս