ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ ԹՎՈՒՄ Է` ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Բաղրամյան պողոտայում «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, մի քանի քաղաքացիներ, այդ թվում` ոստիկաններ, հանրահավաքի ընթացքում տարբեր վնասվածքներ են ստացել ձայնային նռնակների հետեւանքով: ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարմնական վնասվածքներով բժշկական հաստատություններ են տեղափոխվել 46 քաղաքացի, որից 6-ը՝ ոստիկան: Ինչպես հիշում ենք` 2008 թվականի մարտի 1-ին ցուցարարների նկատմամբ եւս նման հատուկ միջոցներ էին կիրառել, մասնավորապես «Չերյոմուխա 7», եւ դրա հետեւանքով եղան զոհեր, ընդ որում՝ նաեւ ոստիկանության աշխատակից էր սպանվել: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ժամանակին Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության նպատակով ստեղծված փաստահավաք խմբի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանի հետ:

-Պարո՛ն Քոչարյան, կարելի՞ է զուգահեռ անցկացնել «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ցույցերի եւ մարտի 1-ի դեպքերի միջեւ: Եվ ի՞նչ կարող ենք արձանագրել այս պարագայում:
-Սա մարտի 1-ից շատ հեռու է այն առումով, որ մարտի 1-ին բազմաթիվ ուժային կառույցներ են մասնակցել: Իսկ հիմա ոստիկանական ներքին զորքերի ուժերն են, որոնց տրամադրության տակ են հատուկ միջոցներ: Ես որքան հասկացա` ձայնային նռնակ է օգտագործվել: Եվ վիրավորների մեջ կա նաեւ ոստիկան, այսինքն` կիրառելուց իրենք նույնիսկ չեն հասկացել, որ դրանք շատ վտանգավոր են, եւ հաշվի չեն առել, որ մոտ տարածության մեջ են նաեւ ոստիկաններ, եւ վիրավորվել են նաեւ նրանք: Այսինքն` կիրառման հետ կապված ոստիկանությունը հստակ չի տիրապետում` որը որտեղ եւ ինչպես պետք է օգտագործի: Կարծում եմ` ցածր պրոֆեսիոնալիզմի պայմաններում մենք ունեցանք հիմա մի քանի վիրավորներ: Նույն մարտի 1-ին բազմաթիվ բեկորային վնասվածքներ էին ստացել ոստիկանները: Եվ այդպես էլ չեն կարողանում հիմնավորել, թե ում կիրառման արդյունքում է դա. Ցուցարարներ են փնտրում, բայց ցուցարարները կապ չունեն, որովհետեւ դրանք ներքին զորքերի հատուկ միջոցների պայթյունի արդյունքում է: Այստեղ էլ նույն բանը տեսնում ենք, էլի կիրառեցին, էլի վիրավորներ: Պարզապես պետք է այս մարդիկ մի օր հասկանան` դրանք վտանգավոր են, եւ իրենք վիրավորում են ոչ միայն ցուցարարներին, այլեւ իրենց ներքին զորքերի ծառայողներին:
-Այսինքն` իրենք չէի՞ն պատկերացնում, թե ում են վնասվածք հասցնում, թե՞ պարզապես ամեն գնով ցանկանում էին սաստել ցուցարարներին:
-Կարծում եմ` մարտի 1-ից դեռ դասեր չեն քաղել, թե ինչ կարելի է կիրառել, ինչպիսի վայրերում: Իրենց պարզապես թվում է, թե իրենք ռազմական գործողությունների են մասնակցում, եւ այնտեղ ինչ ընկավ ձեռքները, պետք է օգտագործեն: Ժամանակն է, որ այս բոլոր հարցերով մի օր հստակություն մտնի:
-Մարդիկ, չնայած այս դեպքերին, շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում: Ի՞նչ կարող է լինել արդյունքում` հաշվի առնելով նաեւ նախկինում եղած հանրահավաքների փորձը:
-Այնպես չի, որ մարդիկ եկել են ու հիմա պետք է գնան: Իրենք պահանջներ ունեն եւ շատ խաղաղ ցույցեր են իրականացնում այս պահին: Եվ խաղաղ ցույցերի ժամանակ կիրառել նման ոչ համաչափ ուժ, դա արդյունք է այն բանի, որ, այնուամենայնիվ, մարտի 1-ից դասեր քաղված չեն:
-Այս դեպքում չի՞ բացառվում, որ կարող է է՛լ ավելի սրվել իրավիճակը: Ի վերջո, մարտի 1-ին եղան տասը զոհեր:
-Ամեն ինչ հնարավոր է: Ուժային կառույցներն այդպես էլ կայացնում են այդ որոշումները` առանց որեւէ բան հաշվի առնելու: Առանց հաշվի առնելու, որ դիմացը կանգնած է երիտասարդ ուսանողությունը: Գոնե այս անգամ պետք է դա տեսնել, նաեւ կարող է` նրանց մեջ իրենց երեխաներն են: Որոշում կայացնող անձինք պետք է հաշվի առնեն, որ իրենց որոշման արդյունքում ունենում ենք վիրավորներ: Եվ շարունակությունը… անհամաչափ ուժի կիրառման արդյունքում պետք է զոհեր ունենանք: Ես ուզում եմ, որպեսզի ամեն ինչ լինի խաղաղ պայմաններում, այսինքն` իշխանությունը թող իր որոշումները կայացնի օրենքի սահմաններում, իսկ ցուցարարների պահանջները բոլորիս աչքի առաջ են. նրանք բաց ձեռքերով, խաղաղ, առանց որեւէ բանի իրենց պահանջներն են ներկայացնում: Ուժի կիրառումը, ես կարծում եմ, որեւէ լավ բանի մեզ չի տանելու: Պետք է ուժի կիրառումից հնարավորինս հեռու մնալ, մինչեւ հստակություն մտնի, թե ինչ զարգացումներ տեղի կունենան:
-Իսկ իշխանությունը քաղաքական կամք կունենա՞, որպեսզի այլեւս սաստող քայլերի չդիմի:
-Քաղաքական կամք եթե ունենան… ինչ կամքի մասին է խոսքը: Իրենք իրենց որոշումները կայացնում են` առանց հաշվի առնելու, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ: Կարծում եմ, որ հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ: Ոչ մի լավ բանի սա չի բերելու, հենց առաջին հերթին իշխանությունների համար:
-Եթե շարունակությունը խաղաղ չլինի, ի՞նչ կունենանք արդյունքում:
-Կլինի շատ խորը հիասթափություն, օտարում: Հասարակությունն առանց այդ էլ ունի խորը վիրավորվածություն գործող իշխանություններից եւ նրա վարած քաղաքականությունից: Հիմա դա ավելի կխորանա: Եվ հասարակության ու իշխանության այս օտարումը պատերազմող երկրի համար պատկերացրեք` ինչպիսի վատթարագույն հետեւանքների կարող է բերել:
-Ինչո՞ւ, ըստ Ձեզ, իշխանությունը դասեր չի քաղում մարտի 1-ի դեպքերից:
-Դասեր չի քաղում, որովհետեւ մենք ունենք օրենքի կիրառման խնդիր` անօրինական որոշումներ կայացրած մարդկանց նկատմամբ: Օրենքը բացակայում է:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԻ ԿՏՈՒԺԻ, ՔԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Արդեն մի քանի օր է՝ ռուսական ռուբլին կտրուկ արժեզրկվել է: Պատճառը ՌԴ նկատմամբ Արեւմուտքի հերթական պատժամիջոցներն են, որ նախորդ շաբաթ ավելի սաստկացան: Թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ ռուսական ռուբլու գահավիժումը Հայաստանի տնտեսության համար, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանից:

-Պարո՛ն Խաչատրյան, ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ռուսական ռուբլու` այս օրերի արժեզրկումը Հայաստանի տնտեսության վրա:
-Արդեն կա ազդեցությունը. այստեղից արտահանվող ապրանքների մրցունակության վրա դա ազդեց: Եվ եթե սա շարունակվի, կլինի այն, ինչին 2015թ. եղանք ականատես, երբ արտահանման ծավալները կրճատվեցին: Դա հատկապես խմիչքի շուկայում, քանի որ, օրինակ, կոնյակը մարդիկ եղած գնից ավելի չեն կարող վճարել: Բոլոր դեպքերում ռուսական տնտեսությունն իր արտադրությունը դրսի ապրանքներով փոխարինելու հնարավորություն ունի: Հայաստանը եթե փորձի ի հակակշիռ ռուսական արժույթի` հայկական արժույթն էլ արժեզրկել, մենք խնդիր կունենանք մեր ներքին շուկայում գների բարձրացման առումով: Այս հանգամանքները հաշվի առնելով` ռուսական ռուբլու արժեզրկումը լուրջ խնդիրներ է մեզ համար առաջացնելու, հատկապես եթե նայում ենք, որ անցյալ տարվա արտահանման ծավալները բավական աճել էին, հատկապես դեպի ՌԴ: Բայց եթե այս խնդիրն ավելի սրվի, պետք է մտածենք` ռուսական շուկայում ինչպես պետք է կարողանանք մեր տեղը գտնել: Երկրորդ հանգամանքը` ռուսական շուկան լավ իմաստով ագրեսիվ արտահանման քաղաքականություն կարող է իրականացնել, եւ արդեն մեր տեղական արտադրանքի խնդիրը կարող է առաջանալ:
-Իսկ կարելի՞ է արդեն կանխատեսել, թե այս միտումներն ուր են տանում. արդյո՞ք երկար կշարունակվի ներկայիս իրավիճակը:
-Կարծում եմ` երկար կշարունակվի: Սա կապված է ընդհանուր ռուսաստանյան քաղաքական վիճակի հետ, քանի որ քաղաքական գործընթացների հետեւանքով է սա եղել, ոչ թե տնտեսական: Եթե մեծ տերություններն են իրար հետ «պատերազմում», տուժող միշտ լինում ենք փոքրերս, քանի որ մենք պաշտպանված չենք եւ չենք կարող պետական, տնտեսական լծակներով դեմն առնել: Ռուսաստանն այդ հնարավորությունն ունի, նույնիսկ ինչ-որ առումով դա ձեռնտու է այդ երկրին: Արժեզրկված արժույթով Ռուսաստանը շատ ավելի մրցունակ է դրսի շուկայում:
-Այսինքն` այս պարագայում Հայաստանն ավելի՞ է տուժում, քան նույն Ռուսաստանը:
-Այո՛, խնդիրը հենց այդ է: Այս դեպքում Ռուսաստանի եւ Հայաստանի շահերը չեն համընկնում: Այս պայմաններում է, որ փոքր տնտեսություններն իրենց մրցունակությունը կորցնում են, իրենց հնարավորությունները սահմանափակ են, եւ էլի օգտվողը լինում է մեծը, այս դեպքում` Ռուսաստանը:

Նյութերը` ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

 

ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՄԻԱՆԱԼ
Բաղրամյան պողոտայում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումներից հետո հանրահավաքի վայր էին շտապել ԱԺ «Ելք» խմբակցության անդամներ Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը, ովքեր այս օրերին իրենց գործընկեր ՔՊ կուսակցության անդամներին միայնակ էին թողել: Նրանք մի փոքր առանձնազրույց ունեցան Փաշինյանի հետ, սակայն այդպես էլ Ֆրանսիայի հրապարակ չեկան եւ չմիացան պայքարին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորների միջեւ շատ չոր եւ սառը զրույց է եղել, վերջիններս նշել են՝ եթե կտրուկ գործողություններ չլինեն, կմիանան Փաշինյանին եւ կպայքարեն: Սակայն բանակցությունները հաջող չեն անցել, եւ կողմերը կրկին բաժանվել են: Ավելին` Մարուքյանն ու Սարգսյանն ամենեւին չեն սպասել, թե Փաշինյանը կարող էր այդքան մարդ հավաքել, եւ տեսնելով այդ ամենը` հասկացել են, որ չմիանալով սխալ են վարվել:

 

 

ՃՈՂՈՊՐԵԼ Է
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ ընդդիմադիրների կողմից մայրաքաղաքի խոշոր փողոցները փակելու հետեւանքով աշխատանքի հասնել չի հաջողվել նաեւ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին: Երբ Կարապետյանը Մոնումենտում գտնվող իր առանձնատնից մեքենայով դուրս է եկել, ճանապարհին հայտնվել է փակուղու մեջ, քանի որ, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող քաղաքացիները երեկ փակել էին մի շարք կենտրոնական փողոցներ: Հերացի փողոցում բախվելով այս փաստին` վարչապետի պաշտոնակատարն իրեն սպասարկող մեքենայով առաջին համալսարանական հիվանդանոցի բակով մի կերպ կարողացել է ճողոպրել եւ ետ վերդառնալ տուն: Այսպիսով` Կարապետյանին չի հաջողվել հասնել աշխատանքի:

 

 

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին ՀՀԿ-ականները, ուժային կառույցների, այլեւ իշխանական տարբեր օղակների ներկայացուցիչները լծվել են ընդդիմության հանրահավաքները խափանելու գործին: Բայց այս ամենը նրանք փորձում են անել մեղմ մեթոդներով: Եւ ահա, մեր աղբյուրների պնդմամբ, նրանք փորձում են «անհատական» աշխատանք տանել իրենց ծանոթ-բարեկամ ընդդիմադիրների հետ` անձամբ համոզելով, հորդորելով հեռու մնալ հանրահավաքներից, հատկապես այսօր` ապրիլի 17-ին նախատեսված միջոցառումներից: Ճիշտ եւ ճիշտ նույն մեթոդը իշխանությունները կիրառում էին նախորդ տարվա ԱԺ ընտրություններում, երբ այդպես անհատական աշխատանքով փորձում էին համոզել վերցնել 10 հազար դրամն ու քվեարկել ՀՀԿ-ական թեկնածուին:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, թե մարդկանց վրա իշխանությունները փորձելու են ազդել հանրահավաքների ժամանակ նկարահանելով, որպեսզի հետագայում «համապատասխան աշխատանքներ տանեն»: Բայց քանի որ ուժային մեթոդը կարող է նաեւ հակազդեցություն ունենալ, նրանք որոշել են գործի դնել ընտրություններում արդարացված տարբերակը:




Լրահոս