ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԸ՝ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՍՏԱՆԱԼՈՒ ՄԻՋՈՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ՎՊ անցկացրած ստուգումների արդյունքում լրջագույն խախտումներ են բացահայտվել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի` ՎՊ բացահայտումների մասով նյութեր են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն` իրավական ընթացք տալու համար:

Օրինակ` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը «Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերությունից ձեռք է բերել 800 հատ պատրաստի միկրոբիոլոգիական միջավայրեր` ընդհանուր 1 մլն դրամ արժեքով: Սակայն ՎՊ-ն ՊԵԿ-ից պարզել է, որ ընկերության կողմից նշված ապրանքների ձեռք բերում տվյալ ժամանակահատվածում չի եղել:
Բացի այս` ՎՊ ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ անտառտնկման աշխատանքների շրջանակներում առկա ծառերի մեծ մասը գտնվել են չորացած վիճակում կամ ընդհանրապես բացակայել են: Նշենք, որ «Բիոպրոյեկտ» ընկերության հետ 2016 թվականին կնքվել է «անտառտնկման աշխատանքների պայմանագիր»` 9 մլն դրամ արժեքով, ըստ որի` պետք է պարկի Սեւան մասնաճյուղի Ախթամար (2 հա) եւ Մարտունու մասնաճյուղի Երանոս (5 հա) տեղամասի տարածքում իրականացվերին 7 հա անտառտնկման աշխատանքներ: Բացի այս` արդեն իսկ առկա տնկարանի համար պետական բյուջեից հատկացվել է տնկարանի ստեղծման գումար:
Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերության հիմնադիրը եւ տնօրենը Ազգային պարկի տնօրենի հետ անմիջական փոխկապակցվածություն ունեցող անձինք են: «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը «Նաիրի-Նունե» ընկերության հետ 2017 թվականին կնքել է 15 մլն դրամի պայմանագիր, այդ թվում` ծառատունկ` 10 մլն 517 հազար դրամի եւ կոճղաշիվերի հատում` 4 մլն 482 հազար 800 դրամի: Նախատեսվել է 13 հազար 630 հատ տնկիների ձեռքբերում եւ տնկում: Սակայն ՎՊ-ն բացահայտել է, որ ընկերությունը այդ ժամանակահատվածում տնկիների ձեռք բերում չի ունեցել:
Ըստ ՎՊ-ի` 18 հատ կառուցված զուգարաններ գտնվում են թիվ 1, 2 եւ 3 հանրային լողափերում, իսկ 12 հատ բիոզուգարաններ եղել են ազգային պարկի պահեստում: Սակայն պահեստում եղել են 12 հատ ոչ թե ամբողջական զուգարաններ, այլ միայն զուգարանակոնքեր` առանց հիմնակմախքի: Հատկանշական է, որ Ազգային պարկի գլխամասի տարածքում եղել են 12 հատ ամբողջական բիոզուգարաններ, որոնք, սակայն, պարզվել է, որ ազգային պարկի տնօրենի՝ Վահե Գուլանյանի անձնական գույքն են եղել: Բացի այս` ուշագրավ է, որ Ազգային պարկի տնօրեն Գուլանյանին փոխկապակցված անձին պատկանող ընկերությունը իրականացրել է նաեւ բիոզուգարանների վարձակալության տրամադրման գործունեություն:
ՀՀ կառավարության որոշման համաձայն` երկրորդ ենթագոտու տարածքում կառուցապատման նպատակով պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կարող են տրամադրվել մինչեւ 25 տարի ժամկետով: Իսկ եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 150 մլն եւ ավելի դրամ, ապա հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերը դրանց գործողության ընթացքում կարող են երկարաձգվել մինչեւ 2060 թվականի վերջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված պայմանով կնքվել է 51 պայմանագիր, եւ 2017 թվականին պետք է կատարված լիներ 250 մլն դրամի ներդրում: Բայց ՎՊ-ն բացահայտել է, որ չկա կատարված ներդրում: Ավելին` բիզնես-ծրագրերը հիմնականում կրել են ձեւական բնույթ: Մեկ այլ դեպքում ընկերության ներկայացրած բիզնես ծրագրում նախատեսվել է 150 մլն դրամի ներդրում, որից 30 մլն դրամը պետք է արդեն կատարված լիներ, սակայն նշված հողօգտագործողի տարածքում ՎՊ ստուգումների ընթացքում եղել է միայն մեկ փայտե տնակ: Իսկ ահա մեկ այլ դեպքում ընկերության ներկայացրած բիզնես ծրագրի համաձայն` պետք է կատարված լիներ 160 մլն դրամի ներդրում, սակայն հողամասում եղել է միայն քարե պարիսպ:
2016-2017 թվականներին Ազգային պարկի կողմից ջրածածկ տարածքների մաքրման նպատակով 7 ֆիզիկական անձանց հետ կնքվել է թվով 10 պայմանագիր, որի համաձայն` պետք է մաքրվեր ընդհանուր 27.1 հա տարածք: Բայց թվով երեք պայմանագրերի մասով բացակայել են քաղաքացիների դիմումները: ՎՊ ստուգմամբ պարզվել է, որ անտառհատումից առաջացած շինափայտը, վառելափայտը որոշ դեպքերում վաճառվել է Ազգային պարկի` Մարտունի մասնաճյուղի տնօրենին, աշխատակիցներին, ազգակիցներին. 2016-2017 թվականներին կատարվել են ընդամենը 18 անտառհատման աշխատանքներ, որից 15-ի դեպքում է կազմվել անտառհատման տոմս: Երեք դեպքի համար բացակայել են անտառհատման տոմսերը, միայն երկու դեպքում են եղել բնապահպանության նախարարին ուղղված գրությունները, մեկում բացակայել են քանակները: Կարճ ասած` անտառհատումից առաջացած շինափայտի, վառելափայտի վաճառքը իրականացվել է ոչ մրցակցային պայմաններում եւ թերություններով:
Սակայն ըստ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանի` ՊՈԱԿ-ի նոր կառավարման պլանի կազմման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսը կազմում է 73.6 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերությունը 2009 թվականին հիմնադրվել է ՊՈԱԿ-ի ներկայիս տնօրեն Վահե Գուլանյանի կողմից: Բայց 2010 թվականին ընկերության բոլոր բաժնեմասերը փոխանցվել են մեկ այլ անձի, հետեւաբար ՊՈԱԿ-ի կողմից 2016 թվականի համար հայտարարված գնման ընթացակարգերին ընկերության մասնակցությունը չի հակասել:
Հ.Գ. Հետաքրքիր է՝ հայաստանյան իրավապահ կառույցները կհամարձակվե՞ն Գուլանյանի նկատմամբ քրեական գործ հարուցել եւ պատասխանատվության ենթարկել կատարվածի համար, թե՞ ամեն ինչ կանեն՝ նրան եւս ջրից չոր դուրս բերելու համար, ինչպես վարվել են նախկինում, երբ մի շարք ոլորտներում ՎՊ սկանդալային բացահայտումներից հետո օրինախախտներից որեւէ մեկն այդպես էլ չհայտնվեց ամբաստանյալի աթոռին, ուր մնաց՝ հայտնվեր կալանավայրում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԴԺՎԱՐԱՆՈՒՄ Է ԿԱՐԾԻՔ ՀԱՅՏՆԵԼ
Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը, անդրադառնալով Երեւանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ծավալվող իրադարձություններին, ասել է. «Դժվար է ասել, թե ինչ արդյունք կտան երեւանյան զարգացումները, քանի որ ընթացքից է շատ բան կախված»: Նա նշել է, որ մոտիկից չի հետեւում իրադարձություններին, ավելին` միջազգային մամուլում այդ իրադարձություններն ակտիվորեն չեն լուսաբանվում: Սակայն, ըստ նրա, նման ակցիաներն ու քայլերը խոսում են երկրում առկա խնդիրների, ինստիտուցիոնալ պայքարի գործիքների անարդյունավետության մասին: «Այնուամենայնիվ, փողոցային պայքարը, այն էլ` քաղաքի կյանքի ապակայունացումը` գործադուլը, դասադուլը, տրանսպորտի գործունեության խոչընդոտումը, ծայրահեղ միջոց է միշտ, որից պետք է հնարավորինս խուսափել: Այնուամենայնիվ, կարծում եմ` վարչապետը կընտրվի եւ կլինի նախորդ նախագահը, որից հետո գուցե այս տրամադրությունները մեղմվեն»,- ասել է նա:

 

 

ՎԱՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանի եւ Արեմուտքի հարաբերություններն այժմ ավելի վատ են, քան սառը պատերազմի ժամանակ, քանի որ ավելի վաղ կապուղիներ էին աշխատում կողմերի միջեւ: «Ես կարծում եմ, որ դրանք (Ռուսաստանի եւ Արեւմուտքի երկրների հարաբերությունները) ավելի վատ են: Որովհետեւ սառը պատերազմի ժամանակ գոյություն ունեին կապուղիներ: Եվ չկար ռուսոֆոբիայի այս մոլագարությունը, որը նման Է պատժամիջոցների միջոցով ցեղասպանության փորձի»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Նա նաեւ այն բանի հույս է հայտնել, որ Արեւմուտքում մարդիկ, ներառյալ նրանք, ովքեր գտնվում են իշխանության գլուխ, հասկանում են այդ իրադրության վտանգավորությունը:

 

 

ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ
Ապրիլի 17-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ուշ երեկոյան, 20-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 17-19-ը կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում` 8-10 աստիճանով, 20-ի ցերեկը, 21-ին կնվազի 5-7 աստիճանով: Երեւանում ապրիլի 17-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ուշ երեկոյան, 20-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:

 

 

ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ
Ադրբեջանի ընդդիմադիր ուժերին միջավորող «Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը» քննադատում է միջազգային հանրությանը` Իլհամ Ալիեւին նախագահ վերընտրվելու կապակցությամբ հղած շնորհավորանքների համար: Նրանք մատնանշել են Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդին:
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիեւի վերընտրության հաջորդ իսկ օրը ԵԱՀԿ դիտորդները հայտարարություն էին տարածել, թե Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները կայացել են սահմանափակումներով աչքի ընկնող քաղաքական միջավայրում եւ այնպիսի օրենքների առկայության պայմաններում, որոնք կրճատում են մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները: Ադրբեջանական ընդդիմությունը, որն ի սկզբանե բոյկոտել էր նախագահական ընտրություններն ու դրանց չմասնակցելու կարգախոսով հանրահավաքներ էր անցկացնում Բաքվում, նշում է, որ չորրորդ անգամ անընդմեջ նախագահ վերընտրված Ալիեւին ուղղված այդ շնորհավորանքներն իրենք գնահատում են որպես Ադրբեջանում ազատ ընտրություններ ունենալու իրավունքի ոտնահարման վրա աչք փակելու ցանկություն:

 

 

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՉ` ՄԱԿ-ԻՆ
ՀԱՊԿ մշտական խորհուրդը, որի անդամ է նաեւ Հայաստանը, դատապարտել է Միացյալ Նահանգների ու դաշնակիցների` Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի հարվածները Սիրիայի դեմ: «Այդօրինակ քայլերը ստեղծում են մի իրավիճակ, որը հակասում է Սիրիայում ահաբեկչական վտանգը շուտափույթ մեկուսացնելու եւ ներքաղաքական ճգնաժամը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ջանքերին»,-հայտարարել է ռազմական դաշինքն ու պնդել:
Ռուսաստանի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում կազմակերպության մշտական խորհուրդը միաժամանակ վերահաստատել է աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությանը, միասնականությանն ու տարածքային ամբողջականությանը` կոչ անելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին շարունակել ջանքերը խաղաղություն ու անվտանգություն հաստատելու ուղղությամբ:




Լրահոս