ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՓՇԱԼԱՐԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի թեթեւ ձեռքով Հայաստանը գլորվում է բրեժնեւյան ժամանակները: «Այսօր այս ամբիոնին կանգնած է ո՛չ թե անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ո՛չ ՀՀ երրորդ նախագահը: Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու… Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը կազմող ՀՀԿ նախագահը»,- հայտարարեց նա: Հիշում եք` խորհրդային ժամանակներում գենսեկը՝ Կոմկուսի գլխավոր քարտուղարը, ոչ միայն կուսակցության, այլեւ պետության ղեկավարն էր: Հիմա ճիշտ նույն կարգավիճակում Սերժ Սարգսյանն է, որի նախագահության տարիներին, ըստ էության, միաձուլվեց պետությունը, իշխանությունն ու իշխող կուսակցությունը:
Սերժ Սարգսյանի ելույթը լի էր տարատեսակ ստերով, օրինակ` նա համոզում էր, թե ԱԺ ընտրություններում իշխող ՀՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանել: «Ես, իհարկե, համաձայն չեմ այն պնդումների հետ, որ ընտրությունները տեղի են ունեցել համատարած ընտրաձայներ գնելու միջոցով. ինչու, որովհետեւ ե՛ւ իմ, ե՛ւ Ձեր կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել, օբյեկտիվությունը միջազգային կառույցների զեկույցներն են, նրանց եզրակացություններն են»:
Հատուկ Ս. Սարգսյանի համար մի փոքր մեջբերում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցից. «Լայնածավալ ընտրակաշառքի մասին պնդումները եւ ընտրողների նկատմամբ ճնշումներն ու ահաբեկումը բացասաբար են ազդել ընտրարշավի վրա՝ մեծացնելով ընտրական գործընթացի նկատմամբ արդեն իսկ առկա անվստահությունը… Իշխանությունները եւ քաղաքական ուժերը պետք է բոլոր հնարավոր ջանքերը գործադրեն` ընտրությունների ազնվության նկատմամբ հասարակական վստահությունն ամրապնդելու համար, այդ թվում՝ հրապարակավ մերժելով քվեների առքուվաճառքը…»:
Մեկ մեջբերում էլ ԱԺ ընտրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշումից. «ՀՀ հանրային իշխանությունների առաջնային խնդիրն է հաղթահարել այն մտահոգությունները, որոնք հայտնվեցին միջազգային եւ տեղական առաքելությունների կողմից, մասնավորապես քաղաքական կոռուպցիայի դրսեւորումների առնչությամբ։ Ընդհուպ ԵՄ փորձագետների եւ պաշտոնյաների անունից հնչեցվեց, որ քաղաքական կոռուպցիան անհարիր է իրավունքի գերակայության սկզբունքը որդեգրած երկրի ժողովրդավարության զարգացումներին եւ անվտանգության սպառնալիք է։ Դրա արմատախիլ անելը պետական քաղաքականության եւ երկրի իրավական անվտանգության օրակարգային առաջնահերթություն պետք է լինի։ Խնդրի լուծումը համալիր մոտեցում է պահանջում»։

 

 

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության որոշ պատգամավորներ Սերժ Սարգսյանի ընտրությանը մասնակցելու համար ԱԺ եկել են մետրոյով, այն էլ՝ միասին: Ընդ որում, ըստ որոշ տեղեկությունների` կոնկրետ ժամի նրանց համար հատուկ գնացք է աշխատել: Բանն այն է, որ Երեւանում բողոքի ցույցերի պատճառով ոստիկանությունը փակել է Բաղրամյան պողոտան, եւ պատգամավորները որոշել են այսպես հաղթահարել պատնեշը, այլապես մտավախություն է եղել, որ եթե ոստիկաններն իրենց մեքենաների առաջ բացեն ճանապարհը, ցուցարարներն էլ կարող են գրոհել: Մեկ փաստ էլ. ԱԺ մի շարք աշխատակիցներ, մասնավորապես ԱԺ գեներալ պատգամավորների օգնականներից մի քանիսը խորհրդարան են գնացել գիշերը ժամը 4-ի սահմաններում` իրավիճակը ներսից հասկանալու եւ իրենց ղեկավարներին ներկայացնելու համար:

 

 

Դեռ 2016թ. ստեղծված խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը, պարզվում է, ահռելի բեռ է ՀՀ պետական բյուջեի վրա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս կառույցը կառավարության պահուստային ֆոնդի միջոցներով մարդատար ավտոմեքենա է գնել` 15 մլն դրամ արժեքով: Միայն անցած տարում կառավարությունը խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամին հատկացրել է 144 մլն 31 հազար դրամի դրամաշնորհ: Իսկ 2016-2017 թվականների ընթացքում հիմնադրամի հաշվին մուտքագրվել է 348 մլն 21 հազար դրամ: Այս ամենը միգուցե հասկանայինք, եթե չլիներ մեկ կարեւոր հանգամանք. ՀՀ ՎՊ-ն ստուգումներ է անցկացրել այս հիմնադրամում եւ լրջագույն չարաշահումներ հայտնաբերել: Օրինակ` պարզվում է` հիմնադրամի հաստիքացուցակում եղել է 12 հաստիք, որից խաղողագործության բնագավառի մասնագետները երեքն են: Հիմնադրամն իր կանոնադրության 23 գործառույթներից 14-ը չի իրականացրել եւ այսպես շարունակ: Ու հիմա իշխանական կուլիսներում քննարկում են այս հիմնադրամը փակելու տարբերակը:

 

 

Մինչ Սերժ Սարգսյանը տասը տարի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո լուծում էր արդեն որպես վարչապետ նոր Սահմանադրությամբ պետության փաստացի ղեկավար մնալու հարցը, Հայաստանի պետական պարտքը կրկին աճել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ դարձել է 6 մլրդ 887.1 մլն դոլար: Տարեսկզբին, հիշեցնենք, ՀՀ պետական պարտքը 6 մլրդ 774.6 մլն դոլար էր: Իսկ ընդհանրապես, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման այս տասը տարիների ընթացքում ՀՀ պետական պարտքը գրեթե քառապատկվել է. 2008թ. մարտի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմել էր 1 մլրդ 830.2 մլն դոլար: Այլ կերպ ասած` տասը տարվա ընթացքում պետական պարտքը աճել է ավելի քան 5 մլրդ դոլարով: Ընդ որում, իշխանություններն այս գումարը վերցրել են ոչ այնքան ծրագրեր իրականացնելու, որքան բյուջեի պակասուրդը փակելու, այդպես հասարակական դժգոհությունները մեղմելու եւ ժամանակ ձգելու համար: Միայն թե, արի ու տես, որ այդ ամենն արվում է ի հաշիվ ժողովրդի. ի վերջո, այդ պարտքը ՀՀ քաղաքացին է փակելու:

 

 

 

ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Մինչ հայ հասարակության ուշադրությունը սեւեռված է ներքաղաքական իրադարձությունների վրա, բավական ուշագրավ զարգացումներ են սկսվել արտաքին քաղաքական ճակատում: Ինչպես հայտնի է` նախորդ շաբաթ ԱՄՆ-ը իր դաշնակիցների՝ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հետ հարվածներ հասցրեց Սիրիային: Կատարվածին շատ արագ արձագանքեց ՌԴ-ն. պաշտոնական Մոսկվան դատապարտեց կատարվածը, անգամ այդ կապակցությամբ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել: Հիմա Արեւմուտք-ՌԴ կոնֆլիկտը գնալով ավելի է խորանում եւ ընդլայնում «աշխարհագրությունը»` դրանում ներքաշելով նաեւ Հայաստանը:
Սիրիայում Արեւմուտքի գործողությունները դատապարտող հայտարարություն է տարածել ՀԱՊԿ մշտական խորհուրդը, որի անդամ է նաեւ Հայաստանը: Ըստ ՀԱՊԿ-ի` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի քայլերը խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը: Հայտարարության մեջ նաեւ պնդում կա, որ արեւմտյան կոալիցիայի գործողությունները կարող են հանգեցնել լարվածության հետագա աճի ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ողջ աշխարհում: Նկատենք, որ դեռ մինչեւ վերջերս Հայաստանին քիչ թե շատ հաջողվում էր խուսանավել ռուս-արեւմտյան հակասություններում` չպաշտպանելով որեւէ մեկին: Սակայն ՀԱՊԿ հայտարարությունից հետո միանգամայն այլ, ընդ որում, բավական տգեղ իրավիճակ է ստեղծվել: Ստացվում է` Հայաստանը ՀԱՊԿ կազմում, պաշտպանելով Ռուսաստանի դիրքորոշումը, այդպես ներքաշվելով աշխարհաքաղաքական մեծ խաղի մեջ, այսօր բացահայտ հակադրվում է Արեւմուտքին: Ու սա այն դեպքում, երբ նույն Հայաստանը միաժամանակ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ, ակտիվորեն համագործակցում է` այդ ճանապարհին Եվրոպայից ակնկալելով լուրջ ֆինանսական միջոցներ:
Իհարկե, Հայաստանը կարող է արդարանալ, թե ՀԱՊԿ-ը մեծ հաշվով նույն ՌԴ-ն է, եւ որ ինքը դե ֆակտո ազդեցություն չունի այդ կառույցի ներսում, ավելին՝ Հայաստանը` որպես անկախ պետություն, որեւէ դիրքորոշում չի հայտնել: Բայց սա մեծ հաշվով ընդամենը արդարացման փորձեր են, ոչինչ ավելին: Մնում է սպասել Արեւմուտքի, մասնավորապես եվրոպական երկրների արձագանքին: Եւ ամենեւին էլ չենք զարմանա, եթե այդ արձագանքը Հայաստանի համար մի փոքր շատ տհաճ լինի. ի վերջո, ԵՄ-ն քիչ գումարներ չի պատրաստվում ներդնել այստեղ: Նաեւ հասկանում ենք՝ Հայաստանն այլ տարբերակ չուներ, հակառակ դեպքում իր դեմ կհաներ ՌԴ-ին: Իսկ խելամիտ արտաքին քաղաքականություն վարելու դեպքում, համաձայնեք, հեշտությամբ կարելի էր խուսանավել նման տհաճ իրավիճակներից:




Լրահոս