«Ես ո՛չ քաղաքական գործիչ եմ, ո՛չ պատերազմի մասնակից, բայց իմ որդու բանակ գնալու օրվանից առ այսօր ես մտել եմ բանակի կյանքի մեջ: Իմ պարզ մտածելակերպով այդպես է, երբ զինվորը զոհվում է սահմանին, երբ զոհվում է թշնամու գնդակից, երբ զինվորը գնում է գիտակցաբար մահվան, ապա նա դառնում է հերոս: Անկախ այն բանից՝ դա ապրիլյան է, հունիսյան է, թե հուլիսյան: Ես ոչ մի էական նշանակություն չեմ տեսնում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է մարտական գործողությունների ժամանակ զոհված Արամայիս Ոսկանյանի մայրը՝ Անուշ Հակոբյանը:
Արամայիս Ոսկանյանը զոհվել է ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից՝ հրազենային վիրավորում ստանալով: Հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության համար» եւ «Արիության» մեդալներով:
«2016 թվականի առաջին զոհն է եղել իմ որդին,-շարունակում է տիկին Անուշը,-ուրբաթ օր էր… հունվարի 8-ին որդիս բարձրացավ դիրքեր, հունվարի 9-ին զոհվեց: Ժամը 18:00-ից մինչեւ 22:00-ը նա պետք է կանգներ պոստի գետնատնակի մոտ: Մինչեւ 21:30 կանգնել էր, մնացել էր ընդամենը կես ժամ, որ պոստը հանձներ ու գնար հանգստանալու չորս ժամ: Այդ ժամանակ հատուկենտ դիրքեր մի սարք էին ստացել, ջերմադիտակ է կոչվում: Այդ սարքը հակառակորդի կողմից ամեն շարժ ցույց է տալիս: Այն միայն դիրքի ավագի մոտ պետք է մնար, ուրիշ ոչ մեկի: Դիրքում Արամայիսն ու դիրքի ավագը զրուցել են, ապա ավագին զանգ է եկել գետնատնակից, ավագը գնացել է հեռախոսազանգին պատասխանելու, այդ ժամանակ էլ ներքեւից աղմուկ է լսվել: Որդիս անմիջապես վերցրել է ջերմադիտակը ու իջել դիտարկում անելու՝ որտեղի՞ց, ո՞ր դիվերսիոն խումբն է հարձակվել: Երբ Արամայիսը փորձել է դիտարկում անել եւ հայտնել իրավիճակի մասին, այդ ժամանակ էլ իրեն խփել են: Այ, այդպես գիտակցաբար է իմ որդին գնացել մահին ընդառաջ, եթե չցանկանար՝ չէր գնա: Այստեղ զինվորի մեջ առաջին հերթին հայրենասիրությունն է խոսում, ապա համարձակությունն ու քաջությունը»:
Ըստ տիկին Անուշի` ՀՀ-ում անգամ սկսել են տարանջատել հերոսներին ու տարբերություն դնել անգամ նրանց մեջ. «Ես շատ եմ կարդում, ուսումնասիրում եմ բոլոր հերոսների պատմությունները: Պատկերացրեք, որ անգամ հերոսների մեջ են շերտավորում ու տարանջատում մտցրել: Հարուստների, աղքատների, տեղեկացված լինել-չլինելու: Ընտանիքներ կան՝ ընդհանրապես անտեսված են, ինչի՞ համար, չէ՞ որ որդի են կորցրել: Էրեխեք կան ծայրամասային գյուղերից, որոնց անունը չի էլ հիշատակվում: Իմ ցանկությունը մեկն է, որ մեր հերոսները հավասար համարվեն, հավասար լուսաբանվեն: Ովքեր որ զոհվել են սահմանին թշնամու կրակոցից, նրանք բոլորն ինքնըստինքյան հերոսներ են: Ինձ բազմիցս տարբեր բնույթի օժանդակություններ են առաջարկել, բայց ես հրաժարվել եմ: Ինձ որեւէ դրամական օգնություն պետք չէ, ինձ համար առաջնայինը այն է, որ իմ երեխայի սովորած դպրոցը՝ Գավառի համար հինգ հիմնական դպրոցը, անվանակոչվի իր անունով, որովհետեւ իմ որդին Գավառի մերօրյա միակ հերոս է: 1994-ից հետո Արամայիսը միակն է, որ Գավառից է զոհվել: Դպրոցում բացվել է ռազմագիտության դասարան որդուս անունով, բայց ես շատ եմ ցանկանում, որ դպրոցն անվանակոչվի: Ես ուրիշ ոչինչ չեմ ուզում, իմ որդին արժանի է դրան»:
Դպրոցում տիկին Անուշին ասել են, թե իրենք չեն կարող անվանակոչել, դրան ժամանակ է պետք: «Աբովյանի Կեչառիս գյուղի հերոս Ազատ Սիմոնյանի սովորած դպրոցը արդեն պատրաստվում են կոչել Ազատի անունով: Այդ մասին հայտարարել է իրենց մարզպետը: Ռոբերտ Աբաջյանի զոհվելուց ընդամենը երեք ամիս անց ե՛ւ Արցախի մի դպրոց կոչվեց իր անունով, ե՛ւ Երեւանում իր սովորած թիվ 147 դպրոցը: Այս մի բանը անեմ ու նոր մեռնեմ»,-ասում է Անուշ Հակոբյանը` չկարողանալով զսպել արցունքները:
ԼՅՈՒՍԻ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱԱԾ-Ն ԱՎԱՐՏԵՑ
Ազգային անվտանգության ծառայությունը ավարտել է պրոբացիայի պետական ծառայության տարածքային մարմնի` Երեւանի 1-ին բաժնի պետի կողմից կաշառք վերցնելու գործով նախաքննությունը: Ինչպես հայտնի է` Աշոտ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության տարածքային մարմնի` Երեւանի 1-ին բաժնի պետ եւ ի պաշտոնե մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի, ինչպես նաեւ կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ, իր լիազորությունների շրջանակում Մարիամ Քոչարյանի օգտին ՀՀ իրավական ակտերով սահմանված գործողություններ չկատարելու համար նրանից պահանջել ու անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք` 400,000 ՀՀ դրամ:
ԿԱԼԱՆԱՎՈՐԻ ՓԱԽՈՒՍՏԸ
Կալանավորի փախուստի գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձինք: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Թելման Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առողջական խնդիրների կապակցությամբ բժշկական զննություն անցնելու համար տեղափոխվել է Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց եւ հատուկ հսկողության տակ է պահվել թիվ 12 հիվանդասենյակում: Բայց վերջինս` տեսնելով, որ ՔԿՀ պաշտոնատար անձինք` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի գլխավոր մասնագետ Արտակ Միքայելյանը եւ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Հմայակ Շիրակյանը, իրենց ծառայության նկատմամբ անփույթ են, խնդրել է թույլ տալ իրեն մտնել նշված հիվանդասենյակի սանհանգույց: ՔԿՀ պաշտոնյաները թույլ են տվել, ինչից հետո Թելման Ալավերդյանը կարողացել է փոխուստի դիմել:
Այս արարքի համար ամբաստանյալի աթոռին են հայտնվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ հերթապահ խմբի գլխավոր մասնագետ Արտակ Միքայելյանը եւ «Նուբարաշեն» ՔԿՀ պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Հմայակ Շիրակյանը: Նշենք, որ ավելի ուշ իրավապահներին հաջողվել է գտնել փոխուստի դիմած կալանավորին:
ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱՎՈՐՆ ՈՒ ԵՄ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԸ
ԵՄ դրամաշնորհների յուրացման գործով մեղադրյալի աթոռին հայտնված 14 անձանց գործը կքննի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավոր Հարություն Մանուկյանը: Հիշեցնենք, որ Հարություն Մանուկյանը ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Ելենա Սողոմոնյանի որդին է, ով անցավ թոշակի, որից հետո որդին նշանակվեց Երեւան քաղաքի դատավոր: Նշենք, որ մեղադրյալի աթոռին հայտնվածները տարբեր հասարակական կազմակերպությունների ղեկավարներն են, իսկ ահա ընդհանուր յուրացված գումարի չափը կազմում է 907 մլն դրամ:
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ
Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ընթացքում մի խումբ ցուցարարների` ապրիլի 14-ին Հանրային ռադիոյի շենք մուտք գործելու փաստով հարուցված քրգործի շրջանակում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել են զանգվածային անկարգություններին եւ անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած Ա. Գ.-ն ու Ս. Լ.-ն: Պարզվել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իր կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցների հետ, խախտելով «Հայաստանի հանրային ռադիո»-ի շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք են գործել, ապա հարձակվել ու հաղթահարել են շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների դիմադրությունը: Այնուհետեւ անօրինական հավաքի մասնակիցները, շարունակելով չենթարկվել ոստիկանության ծառայողների եւ հանրային ռադիոյի աշխատակիցների օրինական պահանջներին, կոտրել են եթերային ստուդիա տանող մուտքի դուռը, մտել ուղիղ եթերի տաղավար` պահանջելով ուղիղ եթերի տրամադրում:
ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, բերման ենթարկվածների թվում է: Երեկ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկվել 29 քաղաքացիներ: Բերման ենթարկվածները կասկածվում են վարչական իրավախախտումների մեջ: Ոստիկանությունից չեն հաստատում լուրը, որ Աշոտ Փաշինյանը բերման է ենթարկվել. պնդում են, որ նա ոստիկանության բաժնում չէ: Այնինչ` Աշոտ Փաշինյանը հայտնել է, որ իրեն բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա երեք ժամ անց ազատ արձակել:
ՈՂՋՈՒՆԵԼ Է
Ազատամարտիկների դաշինքը ողջունում է վերջին օրերին տեղի ունեցող ժողովրդի, հատկապես երիտասարդության կողմից կազմակերպվող խաղաղ ցույցերը: Ազատամարտիկների դաշինքի տարածած հայտարարության մեջ նշված է. «Միաժամանակ ողջունելի է նաեւ ոստիկանության գործողությունների համարժեքությունը: Սակայն նկատվում է ոստիկանների կողմից ուժի անիրավաչափ կիրառման միտումներ, որոնք կարող են բերել անկանխատեսելի զարգացումների: Ելնելով այս մտավախությունից` կոչ ենք անում օրվա իշխանություններին զերծ մնալ ուժի կիրառումից: Մեր զորակցությունն ենք հայտնում իր արժանապատիվ ապագայի եւ իրապես ժողովրդավար, ինքնիշխան պետություն ունենալու համար պայքարող մեր երիտասարդությանը»:
ԽՈՍՆԱԿԸ ՀԵՐՔԵԼ Է
Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանի` Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն մի խումբ անձանց ներխուժման լուրը չի համապատասխանում իրականությանը: «Լուրն, իհարկե, չի համապատասխանում իրականությանը, նման բան չկա»,-նշել է Բալայանը: Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն մի խումբ հայեր են ներխուժել:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՑՈՒՑԱԲԵՐԻ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Նկատի ունենալով հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը եւ քաղաքացիներին առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը` ՀՀ փաստաբանների պալատը քաղաքացիներին օժանդակելու նպատակով ձեռնամուխ է լինում բերման ենթարկված քաղաքացիներին անվճար առաջին իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած փաստաբանների խումբ ձեւավորել»: