ՄԵԿ ՏԱՐԻ ՀԱՆԴՈՒՐԺԵԼՈՒ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում, 77 կողմ, 18 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ վարչապետ ընտրվեց ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, ում թեկնածությունն առաջադրել էին կոալիցիոն ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները:

Սակայն վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը կողմ են քվեարկել ոչ միայն իշխող ՀՀԿ-ն ու կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, այլեւ «Ծառուկյան» խմբակցության որոշ պատգամավորներ: Կողմ քվեարկած պատգամավորներն են Նապոլեոն Ազիզյանը, Արգամ Աբրահամյանը, Արայիկ Աղաբաբյանը, Հրանտ Մադաթյանը, Վանիկ Ասատրյանը, Դավիթ Մանուկյանը, Մելիք Մանուկյանը, Մերուժան Սիմոնյանը, Արթուր Մանուկյանը, Վարդան Բոստանջյանը, Իշխան Զաքարյանը, Կարինե Պողոսյանը: Դեմ են քվեարկել «Ելք» խմբակցությունը եւ «Ծառուկյան» խմբակցության մյուս պատգամավորները:
Ընդգծենք, որ Սերժ Սարգսյանին կողմ քվեարկած պատգամավորներից են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, նրանց բարեկամուհին՝ Կարինե Պողոսյանը, նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը, Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը եւ այլք: Ասել է, թե Սերժ Սարգսյանին կողմ են նրանք, ովքեր բիզնես ունեն եւ ավելի շատ ասոցացվում են իշխանությունների, քան նույն «Ծառուկյան» դաշինքի հետ:
Նկատենք, որ օրեր առաջ տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ապա նաեւ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էին, թե ընդդիմադիր ուժ լինելով` պետք է դեմ քվեարկեն, հակառակ դեպքում կկորցնեն իրենց դեմքը: Եվ իսկապես, Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ քաղխորհրդի մի շարք անդամներ, այդ թվում՝ Վահե Էնֆիաջյանը, Միքայել Մելքումյանը, Իվետա Տոնոյանը եւ այլք դեմ քվեարկեցին, սակայն նույն Սերգեյ Բագրատյանը, ով առաջինն էր այդպիսի հայտարարություն արել, քվեարկության ժամին դահլիճում չէր. շտապել էր անհետանալ` հավանաբար կուսակցությանը չհակառակվելու, մյուս կողմից` իշխանությունների հետ հարաբերությունները չփչացնելու համար: Ընդ որում, Սերգեյ Բագրատյանը «Ծառուկյան» խմբակցությունում միակը չէր, որ առավոտյան գրանցվել էր նիստին, սակայն քվեարկությանը չէր մասնակցել: Չեն քվեարկել նաեւ Վահան Կարապետյանն ու Տիգրան Ստեփանյանը, որոնք եւս կապեր ունեն իշխանությունների հետ: Իսկ ահա խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւ այս խմբակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նիստին առհասարակ ներկա չէին: Այդ խմբակցությունից բացակա էր նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը:
Այն, որ «Ծառուկյան» խմբակցությունը չէր կարող միասնական կերպով դեմ քվեարկել Սերժ Սարգսյանին, ակնհայտ էր: Ի վերջո, այս խմբակցությունում շատ են գործարարները, այս կամ այն պաշտոնյայի հետ փոխկապակցված անձինք, եւ նրանց կողմից դեմ քվեարկելու հանդգնությունը իսկապես կարող էր վատ հետեւանք ունենալ: Սակայն հիշեցնեմ, որ ՀՀԿ-ի կողմից Սերժ Սարգսյանին առաջադրելու մասին պաշտոնապես հայտարարելուց մեկ օր անց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Միքայել Մելքումյանը հայտարարել էր, թե իրենց քվեարկությունը միատեսակ է լինելու: Սակայն պարզվեց՝ իրենց խոսքը գործ չէ:
Բնականաբար ԱԺ հատուկ նիստն անցավ առանց լուրջ միջադեպերի: Միայն կարելի է առանձնացնել «Ելք» խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանի ու Էդմոն Մարուքյանի ելույթները: Հատկապես Էդմոն Մարուքյանը, տեսնելով, որ Նիկոլ Փաշինյանին իրենց չսատարելը չընդունվեց, եւ ինքն ավելի է ասոցացվում իշխանությունների հետ, որոշել էր փրկել դեմքը: Մյուս խմբակցությունների պատգամավորները զբաղված էին գովքով` չխնայելով հայոց լեզվի բառապաշարը, քծնում էին իրենց անփոխարինելի առաջնորդին:
Եվ մինչ խորհրդարանի ներսում ՀՀԿ-ականները շարունակում էին շռայլ խոսքերը Սարգսյանի հասցեին, այդ նույն ընթացքում Երեւանի փողոցներում բազմահազար մարդիկ՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում էին մերժել նրան: Եվ որքան էլ իշխանության ներկայացուցիչները պնդում էին, թե ամենեւին չեն վախենում եւ չեն անհանգստանում «Իմ քայլը» նախաձեռնության քայլերից եւ մասնավորապես ԱԺ մուտքերը փակելու ծրագրից, սակայն այդ ամենը ստիպել էր ՀՀԿ եւ ՀՅԴ պատգամավորներին խորհրդարան գալ մետրոյով: Մեր տեղեկություններով` նրանք միասին նույն ժամին մետրոյով են եկել աշխատանքի: Սա իշխանության խուճապի վառ դրսեւորում է: Ընդ որում, ՀՀԿ-ականներից շատերը եւ հատկապես կոճակ սեղմող պատգամավորներ Աշոտ Արսենյանը, Արտակ Սարգսյանը, Նահապետ Գեւորգյանը, Արայիկ Գրիգորյանը եւ այլք խորհրդարան էին եկել դեռ ժամը 10:00-ին, մինչդեռ քվեարկությունը նախատեսված էր 12:00-ին: Ընդ որում, սա այն դեպքում, երբ վերը նշված պատգամավորները, եւ ոչ միայն նրանք, սովորաբար ընդամենը տասը րոպեով են խորհրդարանի շենք այցելում, եւ շատերը նույնիսկ իրենց աշխատասենյակի տեղը չգիտեն: Դեռ ավելին` ոչ միայն շուտ էին եկել, այլ մի քանի ժամ շարունակ ստիպված էին մնալ ԱԺ դահլիճում եւ լուռումունջ հետեւել տիրող գործընթացներին: Ստիպված էին, որովհետեւ այդ ողջ ընթացքում դահլիճում էր նաեւ Սերժ Սարգսյանը:
Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ շարունակեց գործողությունները: Եվ չնայած այն հանգամանքին, թե շատերը մտածում էին, որ նա կուղեւորվի Բաղրամյան պողոտա, եւ կրկին բախումներ կլինեն, սակայն այդպես չեղավ, այլ հակառակը` Նիկոլ Փաշինյանը փոխեց իր մարտավարությունը, հայտարարեց, թե թավշյա, ժողովրդական հեղափոխություն է սկսել: Դա ենթադրում է պետական գերատեսչությունների շենքերի շրջափակում, ներսում աշխատանքի խափանում: Ընդ որում, որքան էլ նույն հանրապետական խմբակցության պատգամավորները փորձում են մշտապես հայտարարել, թե ժողովուրդը չի պայքարում Սերժ Սարգսյանի դեմ, իրականում այդպես չէ: Այս օրերի բազմահազարանոց ցույցերն էլ դրա վառ ապացույցն են: Երեկ Փաշինյանը որոշեց փոխել երթի ուղին, ու շրջափակեցին ՊԵԿ-ի, գլխավոր դատախազության, ՀՀ կառավարության շենքերը: Այնուհետեւ մեծ հանրահավաք անցկացվեց հենց Հանրապետության հրապարակում: Այն բավական մարդաշատ էր, նաեւ սխալված չենք լինի, եթե ասենք, որ ուժեղ էր հանրահավաքի էներգետիկան:
Չնայած հայտարարվել է թավշյա հեղափոխության մասին, մեկ մեջբերում 2015 թվականին ընդունված Սահմանադրությունից, որի 115-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետից ազատվելու իրավական ճանապարհ առնվազն մի տարի չի լինելու։ «Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո»։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո միակ տարբերակը նրա հրաժարականն է: Հենց դրան էլ փորձում են հասնել այս օրերին պայքարողները:
Հ.Գ. Ի դեպ, երեկ ԱԺ դահլիճի մուտքի մոտ եւս մեկ մետաղորսիչ սարք էր տեղադրված. հավանաբար Սերժ Սարգսյանը չի վստահում պատգամավորներին, եւ որոշվել է նրանց` դահլիճ մտնելուց առաջ եւս զննել՝ անցանկալի իրադարձությունները կանխելու համար:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՊՏԱԿԵԼ Է ՑՈՒՑԱՐԱՐԻՆ
Վաղ առավոտից Գյումրու հանրակրթական դպրոցների աշակերտները դուրս են եկել բողոքի ցույցի: Նրանք նախ հավաքվել են Վարդանանց հրապարակում, այնուհետ շարժվել դեպի Շիրակի մարզպետարան: Այստեղ երթի մասնակիցների հետ խոսել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, որից հետո դպրոցականներն ու ցույցին միացած ուսանողները «Միացեք» եւ այլ կոչերով կրկին հասել են Վարդանանց հրապարակ, որտեղ ցուցարարների հետ հանդիպել է Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը: Վարդանանց հրապարակում ցուցարարների շարքերը համալրվել են: Նրանց միացել են նաեւ տարբեր բուհերի ուսանողներ: «Ազատ, անկախ Հայաստան», «Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկումներով ցուցարարները շարժվել են դեպի Սայաթ-Նովայի փողոց: Նրանք փակել են Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծի, Գարեգին Նժդեհի փողոցներն ու խոչընդոտել երթեւեկությանը: Ցույցի ընթացքում էլ մի շարք միջադեպեր են գրանցվել: Բարձրաստիճան ոստիկաններից մեկը ցույցի ընթացքում ապտակել է դպրոցահասակ տղայի, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել: Գործին խառնվել է Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի մարզային կենտրոնի իրավապաշտպաններից մեկը, ով ներկայացրել է, որ միջադեպը մարդու իրավունքի կոպիտ խախտում է. «Քաղաքացիական հագուստով անչափահաս երիտասարդին ոստիկանը հարվածեց ու քաշքշեց, մենք բոլորս դրա ականատեսն ենք»: Միջադեպեր են գրանցվել նաեւ վարորդների հետ:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի

 

 

ՄՏԱԴԻՐ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ
Վանաձորում վաղ առավոտից շարունակվում էին բողոքի ակցիաները: Ցուցարարները փակել էին Հայքի հրապարակից մինչեւ Տիգրան Մեծ եւ Մյասնիկյան խաչմերուկն ընկած հատվածը` կաթվածահար անելով երթեւեկությունը: Հայքի հրապարակում բողոքի ակցիային հետեւում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ: Քաղաքի կենտրոնական ճանապարհների երթեւեկը կանգնեցնելու ժամանակ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ պարբերաբար տեղի էին ունենում բախումներ: Առժամանակ փակվել էին նաեւ Վանաձորի քաղաքապետարանի դռները: Երբ ցուցարար Միհրան Մելքոնյանը հայտարարում էր հացադուլ իրականացնելու մասին եւ փորձում նստել մարզպետարանի շենքի աստիճաններին, ոստիկանները դիմադրում էին, հորդորում ազատել տարածքը` հիմնավորելով, որ այդպիսով խանգարում են կառույցի աշխատանքին: Օրվա երկրորդ կեսին ցույցի մասնակիցներին միացավ «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ: Վերջինս բանակցությունների մեջ մտավ ոստիկանների հետ` ցուցարարների տեղաշարժը չխոչընդոտելու համար: Բողոքի ակցիայի մասնակիցները որոշել են այսօր` առավոտյան 09:00-ից, կրկին հավաքվել Հայքի հրապարակում: Մտադիր են փակել միջպետական ճանապարհները, ոմանք էլ հայտարարում են հացադուլի մասին:

ՄԱՐՋԱՆ ՉՈԲԱՆՅԱՆ
Վանաձոր

 

 

ՄԻԼԻՈՆՆԵՐ ԿՀԱՏԿԱՑՆԻ
Այս գյուղատնտեսական տարում ՀՀ ոռոգման համակարգում լուրջ ռիսկեր կան: Բանն այն է, որ ջրամբարները այս տարում թերի են լցվել. մոտ 40% պակաս նախորդ տարվանից: Եւ այս խնդիրը մեղմացնելու նպատակով գործադիրը որոշել է շարժական պոմպակայաններ ձեռք բերել: ՀՀ կառավարությունը առաջիկայում ջրային տնտեսության պետական կոմիտեին կհատկացնի մոտ 179.6 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված գումարով ջրպետկոմը պատրաստվում է ձեռք բերել թվով 20 շարժական պոմպ: Մարտի 19-ին կայացած մրցույթի արդյունքում ջրպետկոմը ձեռք է բերել 10 շարժական պոմպ. 3 շարժական պոմպը` 18.6 մլն դրամով, 2-ը` 24 մլն դրամով, 3-ը` 21.6 մլն դրամով, 2-ը` 29.7 մլն դրամով: Իսկ ապրիլի 6-ին կայացած բանակցությունների արդյունքում լրացուցիչ 10 պոմպերի ձեռքբերման համար հաղթող մասնակիցն առաջարկել է 3 շարժական պոմպ` 18,2 մլն դրամով, 2-ը` 19.4 մլն դրամով, 3-ը` 20 մլն դրամով, 2-ը` 27.8 մլն դրամով: Նշենք, որ շարժական պոմպակայաններով լճակներում եւ առուներում կուտակված ջուրը կմղեն դեպի հողատարածքներ: Ի դեպ, ոռոգման ջրի սակավության առումով ամենառիսկայինը ՀՀ Արմավիրի ու Արագածոտնի մարզերի այն գյուղերն են, որոնք սնվում են Ախուրյանի ջրամբարից: Ջրային տնտեսության պետական կոմիտեն ջրամբարին այլընտրանք ընտրել է խորքային հորերի տարբերակը:




Լրահոս