«ՈՉ ԹԵ ԿՈՂՄ ԼԻԴԵՐԻՆ, ԱՅԼ ԴԵՄ՝ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրականացնելու է թավշյա հեղափոխություն՝ Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու նպատակով: Նրան հասցրել են իրենց աջակցությունը հայտնել մի շարք արվեստագետներ եւ մտավորականներ: Ցույցերին իր ներկայությամբ աչքի է ընկել նաեւ դերասանուհի Ելենա Բորիսենկոն: Նա «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է իր սպասումների մասին, գնահատել է իրավիճակը՝ խոստովանելով, որ ինքը դուրս է եկել փողոց, ոչ թե որովհետեւ վստահում է լիդերներին, այլ որովհետեւ իր պարտքն է համարում իր քայլն անել եւ ցույց տալ, որ դեմ է Հայաստանում տիրող իրավիճակին:

-Ելենա՛, ի՞նչ սպասումներ ունեք Նիկոլ Փաշինյանի առաջնորդած պայքարից: Որքանո՞վ են պայքարի մասնակիցների շեշտադրումները տեղին, նրանք շանս ունե՞ն, արդյոք, իրենց նպատակին հասնելու համար:
-Գիտեք՝ ես ոչ ոքի չեմ հավատում, բայց ոչինչ չանել, հնազանդվել եւ համակերպվել չեմ կարող, սխալ եմ համարում դա: Միեւնույն ժամանակ չեմ կարող ոչ ոքի ասել՝ դու քո դիրքորոշման մեջ սխալ ես, դու՝ ճիշտ: Ամեն մարդ ինքն է որոշում իր ուղին: Միայն մի բան եմ ուզում, որ չկատարվի ամենավատը՝ մենք մեզ օգտագործված չզգանք: Ես միշտ ազատ-անկախ Հայաստանի ցուցարարներից եմ եղել եւ ասեմ, որ իմ ընտրած նախագահը երբեք չի ընտրվել: Այդ է պատճառը, որ վստահությունս կորցրել եմ: Եվ իմ նմանները, պատկերացրեք, շատ են:
-Չեք կարծու՞մ, որ Ձեր ասածի մեջ հակասություն կա: Մի կողմից՝ կորցրել եք վստահությունը, մյուս կողմից՝ դուրս եք եկել փողոց:
-Ես չեմ կարող տանը նստել եւ նայել, թե ինչ է կատարվում: Ես դուրս եմ գալիս նախ՝ որպեսզի տեղյակ լինեմ իրադարձություններից, երկրորդ՝ որ այս պետության ղեկավարներն իմանան, որ ես դեմ եմ իրենց վարած քաղաքականությանը: Ոչ թե ես ինչ-որ մեկի կողմից եմ, այլ դեմ եմ իրենց գործելաոճին: Ի դեպ, ասեմ, որ շատերն են դեմ դրան, բայց դուրս չեն գալիս, որովհետեւ, ինչպես նշեցի, վստահություն չունեն. դա է խնդիրը: Այս պարագայում լիդերի խնդիր չէ դրված, այլ համակարգին դեմ լինելու:
-Պայքարի գործում իրենց մեծ դերն ունեն երիտասարդները: Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ուսանողներին ներգրավել պայքարում: Սրա մասին ի՞նչ կասեք:
-Ես տեսնում եմ երիտասարդություն, որը ոգեւորող է, ինչպես «Էլեկտրիկ Երեւան» շարժման երիտասարդությունը: Բայց այն ժամանակ ես ինձ վերջում օգտագործված զգացի: Եվ չէի ուզի, որ այս դեպքում էլ այդպես լիներ: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մարդկանց մոտ հավատը նվազել է, բայց ես հասկանում եմ, որ առանց հավատ ապրելն անազնիվ է:
-Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր նստած են տանը եւ հեռվից ինչ-որ դատողություններ են անում:
-Ես խորհուրդ տալ չեմ սիրում եւ չեմ ուզում: Չեմ մեղադրում նրանց, ովքեր տանն են նստում: Ամեն մարդ ինքն է որոշում ինչ անել:
-Շատերն ասում են, որ երբ շոուբիզնեսցիները, արվեստի մարդիկ միանում են նման ցույցերին, դա փիար քայլ է: Դուք ի՞նչ կպատասխանեք նրանց:
-Դրանք հիմար խոսակցություններ են: Այսօր, օրինակ, Նիկոլ Փաշինյանի կողմից շատ քիչ շոուբիզնեսցիներ կան, ի տարբերություն «Էլեկտրիկ Երեւանի», որի ժամանակ այդ դեմքերը ավելի ակտիվ էին, քանի որ պայքարը քաղաքական բնույթ չէր կրում, այլ սոցիալական: Այս օրերին ես պայքարողների մեջ տեսա նաեւ իմ գործընկերներից մի քանիսին եւ ուրախացա: Նրանք թեեւ գործադուլ չեն արել, բայց փորձում են միանալ ցուցարարներին, հասկանալ՝ ինչ է կատարվում:
-Ելենա՛, եւ վերջին հարցը՝ անտարբեր զանգվածը որքանո՞վ է վտանգավոր: Դանթե Ալիգիերին ասել է, որ դժոխքում ամենասարսափելի տեղերը նախատեսված են նրանց համար, ովքեր բարոյական ճգնաժամի ժամանակ չեզոք են մնացել:
-Մարդիկ անտարբեր են, որովհետեւ չեն հավատում դրական տեղաշարժին: Բայց ես իմ շրջապատում մեկին չեմ ճանաչում, որ ասի՝ ես գործող համակարգին կողմ եմ: Եթե նույնիսկ նրանք լռում են, բոլորը դեմ են այս ղեկավարությանը, նույնիսկ իշխանությունների մանկլավիկներն են նրանց դեմ: Շատ ուզում եմ հավատալ, որ ինչ-որ բան կփոխվի:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՆԱՅՈՒՄ ԵՆ ՍԵՐԻԱԼ ՈՒ ԴԵՂ ԸՆԴՈՒՆՈՂԻ ՆՄԱՆ ԱՆՋԱՏՎՈՒՄ

«Լիալուսին», «Անծանոթը», «Դժբախտ երջանկություն», «Անցյալի ստվերները», «Փոխնակ մայրը» եւ մի շարք այլ հեռուստասերիալներից հայտնի դերասան Սարգիս Նիկողոսյանը տեւական ժամանակ է՝ չի նկարահանվում հեռուստանախագծերում եւ չի երեւում էկրաններին: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ եթե նախկինում ֆիլմերում նկարահանվելու ձգտում ուներ, ապա հիմա սերիալներից ստացված հրավերները չի ընդունում:

«Հիմա իմ առաքելությունն այլ է: Ես «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի նախագահն եմ, եւ իմ գործն այս պարագայում ավելի կարեւոր է, ինձ բավական պարտավորված եմ զգում»,-ասաց Սարգիսը:
Նա նկատեց՝ բացի այն, որ սերիալների որակն անկում է ապրել, դրանք դարձել են նաեւ միանման եւ մոնոտոն. «Ես սերիալ նայողին նմանեցնում եմ դեղ ընդունող մարդուն, որը ստանում է իր չափաբաժինն ու մեկ ժամով անջատվում իրականությունից: Հետո, սակայն, այդ սերիալը բացասական հետեւանքներ է ունենում: Կարծում եմ՝ լավ կլիներ, եթե այսօրվա հեռուստանախագծերը դաստիարակչական բնույթ կրեին»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Մենք հետաքրքրվեցինք՝ ինչով է զբաղվում «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիան. «Ասոցիացիան զբաղվում է մանկապատանեկան թատերական փառատոնի կազմակերպմամբ, որը կոչվում է «Նռան հատիկ»: Փառատոնին միացել են թատերախմբեր ոչ միայն Հայաստանից, այլեւ սփյուռքից: Նպատակը հայ մանուկներին եւ պատանիներին թատերական ճիշտ կրթություն տալն է, բեմական կուլտուրային ծանոթացնելը: Հույս ունենք, որ փառատոնը մեր մանուկների եւ պատանիների համար տրամպլին կհանդիսանա դեպի մեծ բեմեր»,-պատասխանեց Սարգիսը:
Նա հավելեց, որ իրենք մշտապես ունեն աջակցության կարիք: Մշակույթի նախարարությունը փառատոնին ֆինանսավորում է երկու տարին մեկ անգամ. «Դահլիճների վարձերի, կազմակերպչական ծախսերի հետ կապված աջակցության կարիք շատ ենք ունենում, բայց եթե նույնիսկ չհայտնվեն ֆինանսավորողներ, մենք մեր նվիրյալներով պատրաստ ենք իրագործել մեր նպատակները»,-եզրափակեց Սարգիսը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԵՏ
«ԾՈՑփ ՁԹ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը պատմել է, թե ինչպես է ծանոթացել ու ընկերացել Լոնդոնի «Արսենալ»-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
«2012 թվականի դեկտեմբերին ես Դոնեցկում էի «Շախտյոր»-«Յուվենտուս» խաղի համար: Խաղից հետո գնացի այն հյուրանոցը, որտեղ հանգրվանել էր «Յուվենտուս»-ը: Տեսնում եմ, որ աստիճաններով գալիս է Մխիթարյանը: Մոտեցա եւ ծանոթացա: Նա ասաց, որ լսել է իմ մասին: Այդ ժամանակվանից նորմալ հաղորդակցվում ենք: Չեմ կարող ասել, որ մենք անմիջական ընկերներ ենք, սակայն մենք մտերիմ ենք: Երբ ես մեկնում էի Դորտմունդ կամ Մանչեսթեր, նա միշտ շատ հյուրընկալ էր գտնվում: Նա պատմում էր, որ շատերը չէին հավատում իրեն, սակայն նա «Մետալուրգով» ու «Շախտյորով» հասավ եվրոպական առաջատար ակումբներ: Ես հաստատ գիտեմ, որ երբ Հենրիխը խաղում էր «Շախտյորում», շատերը նրան ցանկանում էին բերել Ռուսաստան, սակայն նա չգնաց դրան: Չնայած հույս ունեմ, որ վաղ թե ուշ նա խաղալու է Ռուսաստանում»,- պատմել է հայ մեկնաբանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջնամասում Նոբել Առուստամյանն ու «ԾՈՑփ ՁԹ»-ի ֆուտբոլային մեկնաբան Միխայիլ Մոսակովսկին վավերագրական ֆիլմ էին նկարահանել Հենրիխ Մխիթարյանի մասին: Այդ ժամանակ 29-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է ՎԱՃԱՌԵԼ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատրաստ է ամռանը տրանսֆերի հանել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային: Պորտուգալացի մասնագետի եւ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի հարաբերությունները վատացել են, այդ պատճառով Մոուրինյուն ցանկանում է նրա հեռանալը:
Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն, որի ներկայացուցիչներն արդեն բանակցել են ֆուտբոլիստի հետ: Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 22 խաղում Պոգբան խփել է 5 գնդակ եւ կատարել 9 արդյունավետ փոխանցում:




Լրահոս