Արծվիկ Մինասյանն ապրիլի 27-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում մեկնարկած շրջակա միջավայրի՝ որպես մեկ ամբողջություն միասնական կառավարման համակարգի ստեղծման գործընթացը հաջողությամբ ավարտին կհասցվի։
«Շնորհակալ եմ այն համախմբվածության, նվիրվածության համար, որ ցուցաբերեցիք ոլորտի աշխատանքի արդյունավետությունը մի նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Ուզում եմ հավաստիացնել Ձեզ, որ անկախ նրանից, թե որտեղ կգտնվեմ, դուք ունեք բարեկամ-գաղափարակից անձնավորություն, ով բնապահպանության ոլորտի համար սրտացավ վերաբերմունք է ունենալու և անհրաժեշտության դեպքում թե՛ քաղաքական, թե՛ այլ դաշտերում պաշտպանելու է բնապահպանական առաջնահերթությունները»,- նշել է Արծվիկ Մինասյանը և շնորհակալություն հայտնել բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող բոլոր պետական, հասարակական, միջազգային կազմակերպություններին և քաղաքացիներին՝ փոխգործակցության համար։
ՀՀ բնապահպանության նախկին նախարարը շրջել է գերատեսչության աշխատասենյակներով, հրաժեշտ տվել աշխատակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք։