Ինչպես է Կարեն Կարապետյանը կարողանում ձախողելուց հետո ծրագրերից խոսել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն իր երեկվա հեռուստահարցազրույցում հայտարարել է. «Ես չեմ բացառում, որ այն համաքաղաքացիները, որոնք դժգոհ են այսօրվա քաղաքականությունից, կարող է` իրենք բոլորն էլ ուզում են, որ հենց ինքը լինի վարչապետ, բայց կարող է եւ ոչ: Կարող է` նրանք դժգոհում են այսօրվա կառավարումից, բայց եթե վարչապետի ընտրություն տաս՝ ո՞ւմ ես ուզում՝ այսինչ մարդուն, այնինչ մարդուն, իր ծրագիրը, իր թիմը, կարող է եւ պայմանական եմ ասում, պարոն Փաշինյանը չլինի: Եկեք ԱԺ ձեր ծրագրով, եւ եթե ունեք այդ քվեն, ստացեք այն եւ դարձեք վարչապետ»:

Կարապետյանի խոսքերն իսկապես զավեշտի ժանրից են: Այս տարիների ընթացքում իշխանությունները միշտ էլ շռնդալից զարգացման խոստումնալից ծրագրեր են ներկայացրել: Բայց դրանք երբեւէ իրականություն չեն դարձել: Նույն Կ. Կարապետյանի կառավարությունը խոստացել էր բարելավել ժողովրդագրական վիճակը, բարձրացնել ծնելիությունը: Երեկ ԱՎԾ-ն հրապարակել է ժողովրդագրական վիճակի մասին առաջին եռամսյակի տվյալները:

Պատկերն իսկապես ողբերգական է: Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ երկրի բնակչության թիվը կազմել է 2 մլն 969.9 հազար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 11 հազար 600-ով պակաս: Ծնելիության ցուցանիշը եւս նվազել է, ընդ որում՝ վերջին տարիների ընթացքում ամենացածրը. այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ-ում ծնվել է 8 հազար 225 երեխա, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 8 հազար 536 էր: Ասել է, թե Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրերը մնացել են թղթի վրա, չիրագործված: Եւ հիմա այս ձախողումից հետո խոսել ծրագրերի մասին, ոչ այլ ինչ է, քան սոփեստություն:

Մեկ փաստ էլ. Կարապետյանն արդեն երկրորդ անգամն է խուսափում ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից, թեեւ ՀՀԿ-ն հենց նրան է լիազորել այս հարցում: Հավանաբար վախենում է, այլապես ուղիղ եթերում բանակցությունները շոուների սիրահար Կարապետյանը չէր մերժի:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս