Ռուսաստանի Պետական դումայի մի քանի պատգամավորներ երեկ` վաղ առավոտյան, ժամանել են Հայաստան: Նրանք բացի իշխող ՀՀԿ-ի անդամների հետ հանդիպելուց` դեմ չեն հանդիպել նաեւ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Եթե Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել, մենք սիրով կհանդիպենք նրա հետ: Որքան մեզ հայտնի է` նա Երեւանում չէ, սակայն եթե նա ցանկություն ունենա, մենք բացարձակապես չենք պատրաստվում հրաժարվել հանդիպումից»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Հայաստան ժամանողներն էլ հենց այս պատվիրակության անդամներն են, ովքեր ժամանել են հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ:
Եվ հետաքրքիրն այն է, որ այս այցը նախապես ծրագրված չի եղել, եւ նրանք որոշել են ժամանել Երեւան՝ այստեղի գործընթացների հետ կապված: Ուշագրավ է, որ այցից ընդամենը մեկ օր առաջ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր հեռախոսազրույց ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Վերջին օրերին ՌԴ-ի ակտիվությունը սպասելի է, ի վերջո, նրանք կցանկանան ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնել հենց Կարեն Կարապետյանին: Այս եւ այլ հարցերի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Կոնստանտին Զատուլինի հետ:
-Պարո՛ն Զատուլին, ինչո՞ւ որոշեցիք ժամանել Հայաստան եւ հանդիպել Նիկոլ Փաշինյանին:
-ՀՀ խորհրդարանում տարբեր խմբակցություններ կան, եւ բնականաբար «Ելք» խմբակցության ղեկավարության հետ եւս պետք է հանդիպումներ լինեն: Եթե կոնկրետ հարցը հնչեցնում եք, թե պատրա՞ստ ենք հանդիպել նաեւ Փաշինյանի հետ, եթե նա ցանկանա հանդիպել, ապա մենք չհամաձայնելու պատճառ չունենք, խնդրեմ, մեծ սիրով:
-Ձեր հանձնաժողովի անդամների այցը Հայաստան վաղո՞ւց է ծրագրված եղել, թե՞ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն են Ձեզ Հայաստան բերել:
-Ոչ, դա պայմանավորված է այն դեպքերով, որ եղան Հայաստանում: Մենք` որպես Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հարցերով հանձնաժողովի անդամներ, բնականաբար, հետեւում ենք Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, գիտենք, թե այստեղ ինչ է կատարում: Եվ մենք ցանկանում ենք հենց տեղում հասկանալ, վերլուծել իրավիճակը, հանդիպել, շփվել պատգամավորների հետ, որպեսզի պատկերացնենք ընդհանուր իրավիճակը: Մեզ համար միեւնույն չէ, թե ինչ է կատարվում Հայաստանում, քանի որ միայն լավն ենք ցանկանում հայ ազգին եւ հենց այդ պատճառով էլ մենք այժմ մի քանի օրով այստեղ ենք, որպեսզի հանդիպումներ անցկացնենք:
-Նշեցիք` հետեւում եք Հայաստանում ընթացող գործընթացներին: Ըստ Ձեզ` Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխությո՞ւն է:
-Հետեւելով գործընթացներին` մենք տեսանք, որ ժողովրդի ցույցերի արդյունքում վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը հրաժավական տվեց, սակայն դա ըստ էության չբավարարեց հավաքվածների եւ պայքարողների գոնե մի մասին, եւ պայքարը շարունակվում է, պահանջներն էլ` մեծանում: Ահա թե մենք ինչ գիտենք այստեղ տեղի ունեցող գործընթացների մասին: Անձամբ Նիկոլ Փաշինյանն այս ամենն անվանում է թավշյա հեղափոխություն, դա այս պահին նրա առաջարկն ու մեկնաբանությունն է այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Իհարկե, մենք հետեւում ենք այս ամենին եւ ցանկանում ենք, որ այս ամենը շուտ ավարտվի, եւ Հայաստանը ներքին իրադարձությունների արդյունքում չթուլանա եւ շարունակի մնալ Ռուսաստանի գործընկեր, դաշնակից:
-Այսինքն` անկախ հնարավոր իշխանափոխությունից` ՌԴ-ն կշարունակի՞ նույն տեմպերով համագործակցել: Որքանո՞վ է Փաշինյանն ընդունելի ՌԴ-ի համար:
-Մենք առհասարակ չենք փորձում որեւէ ազդեցություն ունենալ որոշման վրա, թե ով պետք է Հայաստանում վարչապետ լինի: Միակ բանը, որ մեզ անհանգստացնում է, եւ մենք բացահայտ ասում ենք, այն է, որ Հայաստանում տեղի ունեցող եւ ունենալիք իրադարձությունները պետք է լինեն օրենքին համապատասխան: Մինչ այս պահը համենայնդեպս ամեն ինչ այդպես է եղել, մենք հույս ունենք, որ հետագայում էլ այդպես կլինի:
-Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է հեռախոսազրույց ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ, հիմա էլ պատգամավորներից կազմված խումբ է փաստորեն եկել Հայաստան: Սա չի՞ նշանակում, որ ՌԴ-ն ամեն դեպքում փորձում է միջամտել եւ խառնվել այստեղ տեղի ունեցող իրադարձություններին` ընդհուպ որպես շահ ունենալով Կարապետյանին վարչպետ դարձնելու հեռանկարը:
-Ես կարծում եմ` այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, հայտնի է բոլորին: Ես չեմ հասկանում, թե ինչու է մեր այցն այստեղ ինչ-որ մարդկանց զարմացրել: Իսկ ի՞նչ եք կարծում, մենք պե՞տք է միայն կողքից հետեւեինք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ ոչ մի կերպ չխառնվեի՞նք եւ անձամբ չտեղեկանայի՞նք, թե իրականում ինչ է կատարվում: Ես կարծում եմ, թե դա սխալ է: Ընդ որում, ես ոչ մի բառով չասացի կամ իմ խոսքերից չստացվեց, թե ես պարոն Փաշինյանին դեմ կամ կողմ եմ հանդես գալիս: ՌԴ նախագահն իսկապես խոսել է Կարապետյանի հետ, իսկ մինչ այդ գործող նախագահ Արմեն Սարգսյանի հետ էր հանդիպել, եւ դա շատ բնական է երկու երկրների ղեկավարների համար: Հայաստանն ընդհանրապես մեզ համար օտար երկիր չէ:
Հ.Գ. Երեկ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը եւս հայտարարել է, թե դեմ չէ հանդիպելու ռուս պատգամավորների հետ:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ