Քաղաքական դաշտում այս պահին հարցերի հարցը վարչապետի թեկնածուի շուրջ է: Այս թեմայով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, ի՞նչն է խնդիրը, որ դեռեւս ՀՀԿ-ի կողմից չի հայտարարվել վարչապետի թեկնածուի անունը: Դժվա՞ր է այս շրջանում արժանի թեկնածու գտնել:
-Ես, ճիշտն ասած, չեմ կարծում` դժվար է գտնել: Կարծում եմ` ՀՀԿ-ում, ինչպես ցանկացած քաղաքական ուժի ներսում, այժմ լուրջ քննարկումներ են գնում` նաեւ ստեղծված իրավիճակից դուրս գալու ռացիոնալ լուծումներ գտնելու համար: Խնդիրը, համաձայնեք, միայն վարչապետի թեկնածուի մեջ չի: Մեզանում ակնհայտ է, որ կա քաղաքական ճգնաժամ, որը նախեւառաջ փաստում է, որ մեր հանրային օրգանիզմն առողջացման կարիք ունի: Մենք պետք է ոչ միայն մտածենք, թե ով պետք է լինի ապագա վարչապետը, այլ նաեւ մտածենք ստեղծված իրավիճակից ավելի առողջացած դուրս գալու մասին: Եվ պետք է մտածենք, թե որոնք են այդ քայլերը, որոնք կարող են վաղը, մյուս օրը երաշխիքներ ստեղծել, որ այդ մեր իրականությունն անընդհատ մաշեցնող հիվանդություններն աստիճանաբար վերանան: Եվ երբ ՀՀԿ-ն առաջարկում է նստել բանակցությունների սեղանի շուրջ նախագահի մոտ, դա ոչ միայն նրա համար է, թե ով պետք է լինի վարչապետ, դա, կարծում եմ, մեր իրականության ամենահրատապ խնդիրը չէ, այլ ինչ ենք մենք անելու, որպեսզի այս ճգնաժամից դուրս գանք առողջացած եւ զարգացման մի նոր, ավելի բարձր գալարի վրա: Հիմա խելամիտ, խելոք կլինենք` մեր ձեռքբերածը կպահպանենք, խելոք չենք լինի` ամեն ինչ կորցնելու ենք: Այս խնդիրն արդեն ներքաղաքական չէ, ցավոք, աշխարհաքաղաքական է: Մենք բերեցինք դրան:
–Կարծիք կա, որ հենց Կ. Կարապետյանը դրան նպաստեց, քանի որ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների եւ այլ անձանց հետ քննարկումներ սկսեց:
-Անիշխանություն, քաոսին մոտիկ իրավիճակ… երկար չի կարող տեւել անհետեւանք: Հետեւանքն աշխարհաքաղաքական է: Խոսքը սրա մասին է: Ուրիշներն էլ են սկսում մտածել, իսկ իրենց ռազմավարական հետաքրքրությունները կարո՞ղ են վտանգվել: Երբ Դուք Ձեր խնդիրները չեք լուծում, ուրիշները սկսում են զբաղվել այդ խնդիրների լուծմամբ` իրենց շահերից ելնելով: Մյուս կողմից` պետք է ընդունել, եւ դրանում կա նաեւ իշխանության բացթողումը, որ, ցավոք, մեր երկրում ընդդիմության դերակատարումն ու մասնակցությունը բավական նվազեցված է, եւ այդ առումով մենք պետք է քայլեր կատարենք:
-Դուք ինքներդ սպասո՞ւմ էիք, որ այդչափ մեծ թվով մարդիկ կհավաքվեն հրապարակում:
-Անկեղծ ասած` որոշ մտահոգություններ ունեի, բայց այս իրողությունն ավելին էր, քան ես կարող էի պատկերացնել:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ