«Մոտ ժամանակներում Գարիկ Պապոյանը կվերադառնա եթեր։ Նրա առողջական վիճակը կայունանում է, ոչ մի խնդիր չկա, հուսով ենք՝ գալիք շաբաթ արդեն եթերում կլինի»,-«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց նրա գործընկեր, երգիչ, հաղորդավար Արամ MP3-ն։ Այնպես որ, շուտով «Լավ երեկոյի» հետեւորդները կկարողանան էկրաններին տեսնել տեւական ժամանակ բացակայած Գարիկին, ով վերջերս ենթարկվել էր ողնաշարի վիրահատության։
Հարցին, թե ստեղծագործական ինչ պլաններ ունի, Արամը պատասխանեց, որ այսօր ոչ ոքի չի հաջողվում ներքին քաղաքական պրոցեսներից անմասն մնալ՝ սկսած իրենից, վերջացրած հանդիսատեսով. «Այնպես որ, հիմա ոչ ոք համերգների, տեսահոլովակների հավես չունի։ Մեր երկրում ամեն ինչ խառնվել է։ Հուսով եմ՝ ամեն բան շուտ եւ լավ կավարտվի։ Ի դեպ, ապրիլի 26-ին համերգ էի նշանակել, հետաձգեցի»,-նշեց մեր զրուցակիցը։
Նա տեղեկացրեց, որ մասնակցում է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժմանը, ցույցերին. «Միակ բանը, որ չեմ անում՝ ամբիոնից խոսելն է։ Դա իմը չէ։ Բայց միանշանակ հետաքրքրված եմ այս պրոցեսներով։ Ժողովուրդը հոգնել է երկրում տիրող վիճակից։ Ինչպես ասում են՝ ժողովուրդը միշտ ճիշտ է»,-մեկնաբանեց Արամը։
Նա նաեւ խոստովանեց, որ այս օրերին ցանկացել է քաղաքական պրոցեսների վերաբերյալ գրառում անել, բայց հետո հետ է կանգնել այդ քայլից. «Հասկացա, որ դա անիմաստ է, քանի որ ով հասկանում է՝ ինչ է կատարվում, նա դրա կարիքը չունի, ով չի հասկանում՝ իմաստ չունի որեւէ բան ասելը։ Իհարկե, ամեն մեկս մեր ձեւով ենք արտահայտում մեր մտահոգությունը, եւ ես դեռ չեմ հանդիպել մեկին, ով անտարբեր կլինի երկրում տիրող իրավիճակի նկատմամբ»,-ասաց երգիչը։
Արամը պատմեց, որ երբեմն վիրավորական հաղորդագրություններ է ստանում, որտեղ իրեն հարցնում են, թե որտեղ է ինքը, ինչ է անում ժողովրդի համար եւ այլն. «Ես էլ պատասխանում եմ՝ իսկ դու՞ ինչ ես անում, ի՞նչ իրավունք ունես ինձ քննադատելու, դու ի՞նչ գիտես՝ ես որտեղ եմ կամ ինչով եմ զբաղված։ Շատ դեպքերում այդպիսի հաղորդագրություններ գրողները համակարգչի կողքից այն կողմ չեն գնում։ Ինչեւէ, բոլորիս համբերություն»,-եզրափակեց նա։
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ