Ովքեր էին ցուցարարների մատը կտրել սպառնացող երիտասարդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 23-ին, մինչ Սերժ Սարգսյանը հրաժարական կտար, իշխող ՀՀԿ կողմնակիցները Շենգավիթ վարչական շրջանում բողոքի ակցիայի մասնակից վարորդների վրա «մատ թափ տալով» սպառնում էին կտրել նրանց մատները, եթե շարունակեն «սիգնալ տալ» եւ առհասարակ գնալ, մասնակցել ցույցին: Մեզ հասած լուրերի համաձայն` քաղաքացիների ճանապարհը փակած, սպառնալիքներ հնչեցնողները եղել են Երեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները:

Ինչպես հայտնի է` ապրիլի 23-ին Երեւան քաղաքում իրավիճակը թեժ էր: Բանն այն է, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում ձերբակալվեցին ԱԺ պատգամավորներ` «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը: Առաջնորդների ձերբակալումը հասարակությանը պայքարի նոր ալիք հաղորդեց, եւ ապրիլի 23-ին ՀՀ բոլոր մարզերից, տարբեր վարչական շրջաններից քաղաքացիները շտապում էին Հանրապետության հարպարակ` պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաեւ անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, ինչպես նաեւ այս օրերին «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ակցիայի շրջանակներում ձերբակալված մյուս քաղաքացիներին:

Ու մինչ իշխանությունները եւ իրավապահ համակարգը խառնված էին իրար` հասկանալու համար, թե ինչպես ստեղծված իրավիճակից դուրս գալ, Ավան վարչական շրջանից Կենտրոն վարչական շրջան շտապող քաղաքացիները հայտնվել էին խնդրի առաջ: Նրանց ճանապարհը փակել էին մի խումբ տղաներ եւ հակառակ ցուցարարներին` բղավում էին. «Քայլ արեք, միացեք Սերժին»:

Երբ «Ազատության» լրագրողը հետաքրքվում է, թե ինչու են փակում մարդկանց ճանապարհը, հավաքված տղաները նշում են, թե շառ ես անում եւ մոտենալով վարորդներին` հայհոյում են` բարձրաձայն ասելով. «Սիգնալ չտաս, մատներդ կկտրեմ»: Նրանցից մեկն ակնոց եւ գլխարկ էր դրել, որպեսզի իրեն չճանաչեին: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ անձնավորությունը Սեւան Խաչատրյանն է, որը աշխատում է Երեւանի քաղաքապետարանում որպես քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության բաժնի պետ: Ի դեպ, երբ լրագրողը նրանից հետաքրքրվում է, թե ո՞վ է նա, կներկայանա, վերջինս նշում է, թե շարքային Գեղամն է:

Քաղաքացիների «մատը կտրել» սպառնացող մյուս երիտասարդն էլ Երեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակիցներից է (տես լուսանկարը): Ասել է, թե Տարոն Մարգարյանն իր թիմի թափթփուկներին ոտքի էր հանել՝ ժողովրդի վրա «քսի տալու համար»: Սա, իհարկե, հասկանալի է, քանի որ իշխանափոխությունից հետո քաղաքապետարանի` այս տարիների գործունեությունն ուսումնասիրելու դեպքում աներեւակայելի չափերի հասնող կոռուպցիոն դրսեւորումների մասին բացահայտումներ կարող են լինել: Ուստի պարոն Տարոն Մարգարյանը որոշել էր իշխանափոխության դեմն առնել իր աշխատակազմի փողոցային խուժանի միջոցով: Միայն թե, նրան չհաջողվեց:

«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք քաղաքապետն է հրահանգել նրանց դուրս գալ փողոց, ի՞նչ է արել Երեւանի քաղաքապետը խոլիգանություն թույլ տված անձանց նկատմամբ, ի պատասխան` Արթուր Գեւորգյանն ասաց. «Ձեր կողմից նախանշված դեպքը, եթե վերաբերում է կոնկերտ իրավախախտման, մեր երկրում իրավախախտումներով զբաղվում են իրավապահ մարմինները, հորդորում եմ դիմել իրավապահ մարմիններին»:

Այս ընթացքում, սակայն, իրավապահ մարմինները փորձում են անտեսել տեղի ունեցածը` քար լռություն պահպանելով: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն` հասկանալու համար, թե ինչ ընթացք են տվել դեպքին, սակայն մեզ հորդորեցին հարցերն ուղարկել գրավոր:

Այսպիսով` կպատժվե՞ն վերոնշյալ անձինք, դժվար չէ կանխատեսել, սակայն այս իրավիճակում չմոռանանք Նիկոլ Փաշինյանի զգուշացումը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բանն այն է, որ ահազանգ էր հասել «Իմ քայլը» նախաձեռնության անդամներին, որ բռնություն է կիրառվել այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ցանկանում են մասնակցել ցույցերին, ի պատասխան` Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակից հայտարարել էր. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, դու ի՞նչ է` ուզում ես` այլեւս Ձեր տնից դուրս չկարողանա՞ս դուրս գալ: Ես քեզ զգուշացնում եմ, Տարո՛ն, թափթփուկներին հավաքի, թե չէ մի ամիս տնից դուրս չես գա, պատուհանից էլ չես նայի»: Փաշինյանի նախազգուշացումից հետո Տարոն Մարգարյանը ոչ միայն չէր հավաքել «թափթփուկներին», այլեւ ընդհակառակը՝ նրանց նոր թափով էր «քսի տվել» մարդկանց վրա: Ասում են՝ փոշմանել է, բայց արդեն ուշ է:

Քնար Մանուկյան




Լրահոս