Ստեփանավանի հավերժ քաղաքապետը դոլարի տեսքով նվերներ է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Ստեփանավանի հավերժ քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի դրամական միջոցները մեկ տարում զգալի ավելացել են: Ավելին` պարզվում է, որ անցած տարում Ղարաքեշիշյանները դոլարի տեսքով «նվերներ» են ստացել:
Ղարաքեշիշյանի` պաշտոնը ստանձնելու հայտարարագրում դրամական միջոցները կազմել են 9 մլն դրամ, 55 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է, որ ստացել է 10 հազար դոլար «նվեր»: Նշված է նաեւ, որ ունի մեկ բնակարան, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի մեկ տարածք, անհատական բնակելի մեկ տուն, հասարակական եւ արտադրական նշանակության մեկական շինություն, 4 հատ հողամաս, Լեքսուս եւ Մոսկվիչ ավտոմեքենա:

Սակայն քաղաքապետի տարեկան հայտարարագրում ե՛ւ դրամական միջոցներն են զգալի ավելացել, ե՛ւ ստացած «նվերը»: Այսպես` քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի ներկայացրած տարեկան հայտարարագրում նշված է, որ ունի 9 մլն 850 հազար դրամի եւ 85 հազար դոլարի չափ դրամական միջոց: Նա անցած տարում որպես նվիրատվություն ստացել է 30 հազար դոլար: Նույն տարում քաղաքապետը որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատավարձը եւ վարձակալության դիմաց ստացած 138 հազար դրամը: Ղարաքեշիշյանի տիկինը` Լարիսա Լավրենովան, ամուսնուց հարուստ է:

Նրա դրամական միջոցները կազմում են 17 մլն 247 հազար դրամ, 70 հազար դոլար եւ 9.2 մլն ռուսական ռուբլի: Քաղաքապետի տիկինը որպես եկամուտ հայտարարագրել է մեկ ընկերությունից ստացած 9 մլն 646 հազար դրամի շահաբաժինը: Խոսքը «Ալբերտ Ղարաքեշիշյան» ընկերության մասին է: Այն պատկանում է քաղաքապետի որդուն` Ալբերտ Ղարաքեշիշյանին: Ի դեպ, տեղեկացնենք, որ քաղաքապետի մյուս` 23-ամյա որդին` Արտյոմ Ղարաքեշիշյանը, անցած տարում եւս «նվեր» է ստացել 12 մլն 752 հազար դրամի չափով: Թե ինչ նվերների մասին է խոսքը, պաշտոնական փաստաթղթում նշված չէ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս