Որքանով է նվազել Հայաստանի բնակչությունը մեկ տարում, և որքան է երկրում գտնվող մարդկանց իրական թիվն այս պահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին երեք տարիներին Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը աստիճանաբար նվազում է: Բացի այդ` պաշտոնապես նվազել է ծնվածների թիվը, որը վերջին տարիներին ամենափոքրն է:

ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 969.9 հազար մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 981.5 հազար էր: Այսինքն` 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 11 հազար 600-ով է պակասել, տարեսկզբի համեմատ՝ մոտ 3 հազարով:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեկ տարվա ընթացքում ՀՀ բոլոր մարզերից բնակիչների թվաքանակը պակասել է: Հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ իշխանությունների կողմից խոստացած մարզերի համաչափ զարգացման ծրագիրը ձախողվել է, ինչի հետեւանքով տարեցտարի մարզերի բնակիչների մեծ մասը տեղափոխվում են Երեւան, որտեղ եւ բնակություն են հաստատում: Օրինակ` միայն Լոռու մարզում այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ բնակիչները պակասել են 3500-ով:

Համաձայնեք, որ մեկ տարվա ընթացքում մեկ մարզից 3500 բնակչի նվազելը խիստ մտահոգիչ է: Իսկ ՀՀ կառավարությունը մարզերը համաչափ զարգացնելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկում: Անգամ Երեւանի բեռնաթափման ծրագիրը գործադիրի կողմից իրականություն չի դառնում: Մինչդեռ կառավարությունը պետական, կրթական, մշակութային ու տնտեսական առանձին գործառույթներ պետք է իրականացներ հանրապետության մյուս տարածքներում` բարձրացնելով այլ քաղաքների դերակատարությունը հանրային գործընթացներում: Փոխարենը Երեւանը մեծ զարգացում է ապրում տնտեսության, ծառայությունների, սպասարկման եւ այլ առումներով, իսկ մարզերը` ոչ:

Բացի մշտական բնակչության թվաքանակի պակասելուց` նվազել է նաեւ ծնվածների թիվը: Եթե 2016 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում ծնվածների թիվը կազմել է 9 հազար 125, 2017-ի նույն ժամանակահատվածում` 8 հազար 536, իսկ 2018-ին` 8 հազար 225: Այսինքն` այս տարվա հունվար-մարտին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում ծնվածների թիվը 311-ով պակասել է: Իսկ ահա 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` այն պակասել է 900-ով: Նշենք, որ այս տարվա ծնելիության ցուցանիշները վերջին տասը տարիների մեջ ամենացածրն են:

Փոխարենը նվազել է մահացածների թիվը. այս տարվա հունվար-մարտ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համամետ, մահացածների թիվը պակասել է 805-ով: Մյուս կարեւոր, բայց դրական նորությունը` ամուսնությունների թիվն է աճել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2016 թվականին ՀՀ-ում գրանցվել է 3826 ամուսնություն, 2017-ին դրանց թիվը նվազել է` հասնելով 3544-ի: Իսկ ահա այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է 3580 ամուսնություն, որն անցած տարվա նույն ժամանակահատվածից 36-ով ավելի է: Բայց մյուս կողմից ավելացել են ամուսնալուծությունները:

Պաշտոնապես 2018թ. հունվար-մարտին ամուսնալուծությունների թիվը կազմել է 1021, 49-ով անցած տարվա նույն ժամանակահատվածից ավելի: Հայաստանում ամուսնալուծությունների թիվը, ինչպես վիճակագրությունն է փաստում, տարիների կտրվածքով աճի միտում է ցուցաբերում: Ըստ ԱՎԾ-ի` ամուսնալուծությունների թիվը վերջին երեք տարիներին աստիճանաբար ավելանում է: Հայաստանում դեռեւս առանձին ուսումնասիրություններ չեն անցկացվել` պարզելու, թե ո՞ր պատճառներն են առավելապես ընկած ամուսնալուծությունների հիմքում: Բազմաթիվ են այն հայ ընտանիքները, որոնց հասարակական կարծիքը ամուսնալուծությունից այլեւս հետ չի պահում: Բայց աշխատանք չունենալը եւ բնակարանային խնդիրները առաջին հերթին խանգարում են հայ երիտասարդներին ընտանիք կազմել:

Այս բոլոր տվյալներն արձանագրվել են մի կառավարության օրոք, որն, ընդհակառակը, միանգամայն հակառակ ցուցանիշներ էր խոստանում: Մեջբերենք փոքր հատված ՀՀ կառավարության ծրագրից. «Ժողովրդագրական վիճակի բարելավման նպատակով անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված արտագաղթի դադարեցմանը, ծնելիության բարձրացմանը, կյանքի տեւողության երկարացմանը, մահացությունների մակարդակի կրճատմանը, ամուսնությունների թվի ավելացմանը, ինչպես նաեւ հայրենադարձության նախապայմանների ստեղծմանը, արտաքին միգրացիայի բացասական մնացորդի կրճատմանը եւ աղետներից զոհերի թվի էական նվազեցմանը»: Տեսնում ենք՝ ՀՀ-ում ինչպես է բարելավվում ժողովրդագրական վիճակը, բարձրանում ծնելիությունը եւ այսպես շարունակ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս