Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվել է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի առանձնազրույցը. մինչ այդ Ելք խմբակցության անդամները հանդիպել են ՌԴ Պետդումայի պատգամավորների հետ:
Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց, թե կարևորը համերաշխության մթնոլորտի կայացումն է: «Կանխատրամադրվածությունն այնպիսին է, որ մայիսի 1-ին ընտրվի վարչապետ: Ինձ հետ հանդիպում պետք է լինի, որից հետո նրանք որոշում կկայացնեն», – նշեց Փաշինյանը:
Նրա խոսքով, որպես վարչապետի թեկնածու պետք է հանդիպի բոլոր խմբակցությունների հետ:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին խորհրդարանը վարչապետ կընտրի. միակ թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը: ՀՅԴ-ն և «Ծառուկյան» խմբակցությունն արդեն հայտնել են, որ քվեարկելու են ժողովրդի թեկնածուի օգտին: Նրան վարչապետ ընտրվելու համար 53 ձայն է հարկավոր: