էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը թերացել է. հանքերից բյուջե գումար չեն հավաքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ընդերքի եւ օգտակար հանածոների օգտագործման համար տրված արտոնագրերի, թույլտվությունների դիմաց վճարները թերի է հավաքագրել:

Հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների իրացման շրջանառությունը վերջին տարիներին նվազել է: Օրինակ` 2014 թվականի տարեկան 618.8 մլրդ դրամ իրացման շրջանառության համեմատությամբ` 2016 թվականին այն նվազել է 46.9 մլրդ դրամով եւ կազմել 569.9 մլրդ դրամ: Շարունակական անկում է արձանագրվել նաեւ ոլորտի ընկերությունների կողմից պետական բյուջե վճարված հարկերի մասով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2016 թվականին պետական սեփականություն հանդիսացող ընդերքի եւ օգտակար հանածոների օգտագործման համար տրված արտոնագրերի, թույլտվությունների դիմաց 749 մլն 500 հազար դրամի պետական տուրք է պետբյուջեում նախատեսվել: Այն, ի դեպ, պետք է գանձեր ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությունից պարզեց, որ 2016 թվականին նախարարության կողմից հավաքագրումը տվյալ եկամտատեսակով կազմել է 527 մլն 130 հազար դրամ: Ասել է, թե նախարարությունը նախատեսվածից քիչ է հավաքագրել:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ պետական տուրքի մասով պարտավորություններ ունեն «Կեյ Էֆ Պրոդաքշն» ընկերությունը` 163 մլն 290 հազար դրամի չափով, «Վայոց Ձոր Ֆրուկտ»-ը` 145.5 մլն դրամ եւ «Նաիրիտ գործարան»-ն` 138.8 մլն դրամ: Իսկ ահա անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ պարտավորությունները պետական տուրքի մասով աճել են 320 մլն 287 հազար դրամով: Բայց անցած տարվա ընթացքում առանձին ընկերություններ սնանկ են ճանաչվել եւ լուծարվել են, ինչի արդյունքում դրանց պարտավորությունները չեն արտացոլվել: Ռեկուլտիվացիոն աշխատանքներ իրականացնելու նպատակով կատարվում են բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի վճարներ:

Ընդերքօգտագործողների կողմից դրամագլխին փոխանցումները կատարվում են համապատասխան պայմանագիրը ստորագրելուց հետո` մեկ ամսվա ընթացքում եւ չպետք է պակաս լինի ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշիվային արժեքի 15 տոկոսից: Բայց վերջին տարվա համար ընթացիկ հատկացումներ չեն կատարվել: Եւ ամենակարեւորը` ոչ մի ընդերքօգտագործման տեղամասում, այդ թվում` փակված հանքավայրերում, չեն իրականացվել բնապահպանական ռեկուլտիվացիոն միջոցառումներ:

Ոչ մետաղական հանքավայրերի մասով ընդերքօգտագործողների կողմից անցած տարվա հունիսի 1-ի դրությամբ դրամագլխին նախատեսվել է վճարել մոտ 471.7 մլն դրամ, փաստացի վճարվել է 241.1 մլն դրամ: Այսինքն` պարտավորությունը կազմել է 230.5 մլն դրամ, թվով 398 ոչ մետաղական օգտակար հանածո արդյունահանող տնտեսվարողներից շուրջ 3/4-ը: Այդ ընկերությունները 2012 թվականի ընթացքում ընդերքօգտագործման իրավունքը վերաձեւակերպել են, կնքել են ընդերքօգտագործման նոր պայմանագրեր: Մինչդեռ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը կարող էր դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը, ինչը չի արվել: Արդյունքում չի ապահովվել «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքի պահանջը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ 96 օգտակար հանածո արդյունահանող կազմակերպությունների ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է: Դրանցից 4 դեպքում տնտեսվարողը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել, իսկ 92 ընդերքօգտագործման իրավունքի մասով պարտավորությունը կազմել է 121 մլն 184 հազար դրամ: Նշենք, որ թվով 40 դեպքում ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվել է «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքի 80-րդ հոդվածի 7-րդ կետի հիմքով, որը ենթադրում է այս օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո` 12 ամսվա ընթացքում, այն է` 2012 թվականին ընդերքօգտագործման իրավունքի վերաձեւակերպում, ինչը չի կատարվել:

«ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն` ընդերքօգտագործողը, որը ցանկանում է հրաժարվել ընդերքի տեղամասի կամ նրա մի հատվածի նկատմամբ իրավունքից, համապատասխան դիմում է ներկայացնում լիազոր մարմին, այդ թվում` ֆինանսական պարտավորությունների կատարումը հավաստող փաստաթուղթ: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հրաժարման հավաստագրերը տրամադրվել են առանց ֆինանսական պարտավորությունները հավաստող փաստաթղթերի: Արդյունքում խախտվել են «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքի ՀՀ կառավարության որոշումների պահանջները:

Տեղեկացնենք, որ 19 դեպքում ընդերքօգտագործման, մինչեւ իրավունքի վերաձեւակերպումը, կնքված պայմանագրերը բացակայել են: Իսկ ահա 6 դեպքում բացակայել են ինչպես նախկին, այնպես էլ վերաձեւակերպումից հետո կնքված պայմանագրերը: Թվով 91 դեպքում ընդերքօգտագործման իրավունքի վերաձեւակերպման կամ նոր տրված իրավունքի ժամանակ կնքված պայմանագրերում չի նշվել դրամագլխին վճարման ենթակա գումարի չափը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս