ՀՀԿ-ն վերջին ճիգերն է անում` իր ձեռքում պահպանելու իշխանությունը` այդ ճանապարհին օգտագործելով ամենաքստմնելի մեթոդները: Երեկ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության անդամները հանդիպեցին վարչապետի միակ թեկնածու, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ, ընդ որում, հանդիպումը հենց ՀՀԿ-ականների նախաձեռնությամբ անցկացվեց բաց եւ հեռարձակվեց ուղիղ եթերով ոչ միայն համացանցով, այլեւ Հանրային հեռուստաընկերության եթերում: Իսկ ՀՀԿ-ականներն այս քայլին գնացել էին, որովհետեւ նախապես փորձել էին պատրաստվել. ուսումնասիրել էին Նիկոլ Փաշինյանի նախորդ տարիների ելույթները, իրենց համար «շպարգալկաներ» կազմել եւ դրանցից մեջբերում էին Փաշինյանի ելույթներից հատվածներ` փորձելով այսօրվա եւ նախկինում հնչեցրած խոսքերի մեջ հակասություններ տեսնել, ըստ այդմ՝ անհարմար դրության մեջ դնել: Եթե անկեղծ՝ չստացվեց. Փաշինյանն առավել քան հավասարակշռված էր պատասխանում ՀՀԿ-ականների սադրանքներին: Միակ բանը որ ՀՀԿ-ականներին հաջողվեց՝ ապացուցելը, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո ընդդիմության տեղը թափուր չի մնա. իրենք կարող են այդ խնդիրն իրականացնել ու քննադատել:
ՀՀԿ-ականները նույնիսկ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից «Նաիրիտ»-ի վերագործարկման ժամկետ էին պահանջում, եւ տպավորություն էր, թե ՀՀ-ում վերջին 20 տարիներին իշխանության ղեկին եղել են հայաստանյան բոլոր քաղաքական կուսակցությունները` բացի ՀՀԿ-ից, եւ իրենք միայն երեկ են լուսնից իջել ու ծանոթանում իրականությանը: Տպավորություն էր, թե ժամանակին «Նաիրիտ»-ի տնօրենը (ում օրոք փոշիացվեց գործարանը) ամենեւին էլ ՀՀԿ-ական նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը չէր եղել, այլ, ասենք, «Կույս կանանց միավորում» նախաձեռնության ակտիվիստները:
Նույն ոգով ՀՀԿ-ականները, օրինակ, հետաքրքրվում էին, թե ժողովուրդը երբ է լավ ապրելու, սակայն մոռանում էին, որ Հայաստանում աղքատության մակարդակը խորացավ հենց իրենց իշխանավարման տարիներին: Նիկոլ Փաշինյանը չկորցրեց ինքնատիրապետումը եւ համարժեք պատասխաններ տվեց: ՀՀԿ-ականները որոշել էին Նիկոլ Փաշինյանին հիշեցնել նախկին հայտարարությունները` նրա ներկա քայլերում հակասություններ փնտրելով։ Հիմնական մեխն էլ ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին անդամակցությունը դադարեցնելուն էր վերաբերում, որտեղ ՀՀԿ-ականները հիշեցնեում էին Փաշինյանի՝ ժամանակին «դեմ» քվեարկելը: Հասկանալի է` այսպես փորձում էին սադրել, բայց չստացվեց:
Սակայն երբ Սերժ Սարգսյանն ուղիղ 14 օր առաջ ԱԺ-ում ծրագիր էր ներկայացնում, նույն ՀՀԿ-ականները հարցեր ուղղելու փոխարեն, բոցաշունչ ելույթներով հիմնավորում էին, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է:
Դավադրության նախապատրաստվելիս
Սակայն սխալված չենք լինի, եթե ասենք, որ Նիկոլ Փաշինյանի համար բոլոր խնդիրները դեռ նոր են սկսվում: Բանն այն է, որ ՀՀԿ-ն այնքան էլ հակված չէ գնալու խորհրդարանական արտահերթ ընտրությունների: Դրա պատճառները բավականին խորքային են: Մի կողմից` ՀՀԿ-ն չի ուզում կորցնել իշխանությունը եւ փորձելով պահել լծակները` հույս ունի ինչ-որ պահի հեղաշրջում իրականացնել (այս հարցում նրանք լավ փորձ ունեն՝ 1998թ. սկսած): Մյուս կողմից` ինչպես տեղեկացրել էր «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում, ընտրությունները մեծ գումարներ են պահանջում, իսկ կուսակցությունները մեկ տարի առաջ են ահռելի միջոցներ ծախսել:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի չորս պահանջներից մեկն էլ վարչապետի ընտրությունից հետո ժամանակավոր կառավարության ձեւավորումն է, ապա քաղաքական պայմանավորվածության համաձայն` կառավարության ծրագիրը մերժելուց հետո արտահերթ ընտրությունների հասնելը: Սահմանադրության համաձայն` խորհրդարանը պետք է մերժի կառավարության ծրագիրը, որից հետո իրավունքի ուժով կլուծարվի ԱԺ-ն, եւ կնշանակվեն ընտրություններ օրենսդիր մարմնի լուծարումից ոչ ուշ, քան 45 օր հետո:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները` ՀՀԿ-ականները տարբեր սցենարներ են մտմտում: Չի բացառվում, որ նրանք ոչ միայն որոշեն կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը, այլեւ որոշեն խաղ խաղալ՝ հավանության արժանացնելով նրա ներկայացրած կառավարության ծրագիրը: Եւ այդ դեպքում արդեն ԱԺ արտահերթ ընտրություններ չեն լինի: Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն առնվազն մեկ տարի պետք է վարչապետ աշխատի, քանի որ ըստ Սահմանադրության` վարչապետին անվստահություն կարող են հայտնել նրա ընտրվելուց մեկ տարի անց միայն: Եւ մեկ տարի անց արդեն ՀՀԿ-ն փորձի նրան անվստահություն հայտնելու գործընթաց ծավալել: Երեկ Հանրապետական խմբակցության տարբեր պատգամավորներ մասնավոր զրույցներում հենց այդ թեզն էին առաջ տանում, թե թողնելու են Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս վարչապետ մնա:
Սակայն այս դեպքում Նիկոլ Փաշինյանի համար այնքան էլ լավ չի լինի, քանի որ նա մեկ տարի ստիպված է լինելու վարչապետ` առանց ԱԺ-ում ունենալու խորհրդարանական մեծամասնություն: Մեծամասնությունը մնալու է ՀՀԿ ձեռքին: Իսկ սա նշանակում է, որ իշխանության երկու ճյուղերի միջեւ լուրջ առճակատում է ընթանալու. ԱԺ-ում ՀՀԿ-ականները չեն ընդունի կառավարության ներկայացրած օրենքները եւ փոխարենը իրենց օրենսդրական տարբերակներն են առաջ տանելու: Եւ նոր վարչապետին կմնա միայն կառավարություն կազմել, նախարարներ նշանակել. նշանակման հրամանագիրն էլ, ինչպես հայտնի է, ստորագրելու է նախագահ Արմեն Սարգսյանը:
Իհարկե, այս ամենը շատ լավ հասկանում են թե՛ Փաշինյանը, թե՛ նրա թիմը եւ փորձելու են հակաքայլեր մշակել: Մասնավորապես, նրանք հակված են կառավարության ծրագրում այնպիսի կետեր ամրագրել, որպեսզի ՀՀԿ-ականները ստիպված մերժեն այն: Սակայն չպետք է մոռանալ, որ կառավարության ծրագրում առկա կետերի իրագործման համար օրենսդրական դաշտ է հարկավոր, եւ ՀՀԿ-ականները կարող են հանգիստ անցկացնել ծրագիրը, եթե անգամ այնտեղ գրված լինի Հանրապետական կուսակցության դադարեցումը որպես երկրի զարգացման գրավական, սակայն դրա հիմք հանդիսացող օրենքներն արդեն մերժել, թե Փաշինյանը չի աշխատում: Նրանց հակափաստարկը մեկն է՝ Փաշինյանը վարչապետի պաշտոնն էր ուզում, տալիս են, թող աշխատի:
Բայց մեկ հիշեցում մեր կողմից. վարչապետի պաշտոնից բացի` նա նաեւ հայտարարել է ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման, ըստ այդմ, լիարժեք իշխանափոխության մասին: Ու եթե ՀՀԿ-ն որոշի գնալ կառավարության հետ առճակատումների ճանապարհով` տորպեդահարելով վարչապետի գործունեությունը, իրավիճակը ոչ միայն սահմանադրական ճգնաժամի կհանգեցնի, այլեւ ՀՀԿ-ին քաղաքական դաշտից դուրս կդնի` վերածելով այս կուսակցությանը քաղաքական դիակի: Սակայն այս սցենարը կլինի միայն այն դեպքում, եթե այսօր ՀՀԿ-ն կողմ քվեարկի, և Փաշինյանն ընտրվի վարչապետ:
Հ.Գ. Ի դեպ, ժամանակին ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն էր հայտարարել, թե «մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»: Հիմա, փաստորեն, ՀՀԿ-ն որոշել է երկիրը վերածել կրկեսի՝ իր մանկամիտ կամակորություններով:
Նաիրա Հովհաննիսյան
Արման Գալոյան