Ինչպես մարզպետները կաշխատեն Նիկոլ Փաշինյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում նախանշված է վարչապետի ընտրությունը: Ինչպես հայտնի է` այդ պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մարզպետներից պարզել, թե արդյո՞ք նրանք պատրաստ են աշխատել Փաշինյանի հետ, եթե վերջինս ընտրվի վարչապետ:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյան

Պարո՛ն Ղահրամանյան, եթե Ն. Փաշինյանն ընտրվի վարչապետ, Դուք պատրա՞ստ եք աշխատել նրա հետ:

-Թող ընտրությունները լինեն, կխոսենք:

-Իսկ ինչո՞ւ էիք Դուք շարժման օրերին հրահանգում գյուղապետերին, որպեսզի չթողնեն` դպրոցներում դասադուլ լինի:

-Երեխաների տեղը դպրոցի դասարանն է: Իսկ մեծերը… քաղաքականությունը թող մեծերն իրականացնեն: 1-ին, 2-րդ, 3-րդ դասարանի երեխան ի՞նչ է հասկանում:

-Բայց միայն ցածր դասարանի աշակերտները չէ, որ ցանկանում էին բողոքի ակցիաներին մասնակցել:

-Դե, 3-րդ, 4-րդ դասարանի երեխաներ կային: Դրա համար կուսակցություններ կան, մեծահասակներ կան, թող նրանք այդ խնդիրները բարձրացնեն եւ լուծումներ տան:

-Ընդհանուր առմամբ` Ն. Փաշինյանի առաջնորդությամբ տարված պայքարն ինչպե՞ս եք գնահատում:

-Տեսեք…որ դժգոհություններ կան, ով չգիտի: Բայց ամենակարեւորը, որ ե՛ւ երկրի նախկին վարչապետը, ե՛ւ Փաշինյանը մարդկանց չտանեն արյունահեղության: Թող կուսակցությունները նստեն, մի ընդհանուր հայտարարի գան, որ աշխարհին էլ ցույց տան, որ մենք ցիվիլ ազգ ենք:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյան

-Պարո՛ն Աբովյան, եթե Ն. Փաշինյանը դառնա վարչապետ, Դուք պատրա՞ստ եք աշխատել նրա հետ:

-Նախ շատ լավ է, որ այս քաղաքացիական շարժումը գնացել է հանգուցալուծման եւ անցել է քաղաքական հարթակ, որն էլ Ազգային ժողովն է: Ու ողջունում եմ բոլոր կուսակցությունների քննարկումները այսօրվա, այսպես ասած, ժողովրդի թեկնածուի հետ: Եվ, բնականաբար, այսօր ՀՀԿ-ն իր դիրքորոշումը կարտահայտի: Եվ հուսով եմ, որ մեր կուսակցության հայտարարությունը, որ չեն խոչընդոտի միասնական թեկնածուի ընտրություններին… դա արդեն հայտարարվել է, եւ ես ողջունում եմ:

-Ձեզ համար ընդունելի՞ թեկնածու է Ն. Փաշինյանը:

-Ես անհատ ղեկավար չեմ: Կուսակցությունն է ինձ առաջադրել, եւ գիտեք` մարզերում ինչպես է հատկացվել, եւ որ մարզը որ կուսակցությանն են տվել: Քաղաքական որոշում կլինի, կաշխատենք, չի լինի, ուրեմն` ոչ: Դա պետք է քաղաքական հանգուցալուծման տանի: Մենք բոլորս դրան սպասում ենք եւ կողջունենք. անցնցում քաղաքական որոշում:

-Դուք Կողբ համայնքի բնակիչ եք եւ հատկանշական է, որ այնտեղի ավագանին միացավ շարժմանը: Ինչպե՞ս ընդունեցիք դա:

-Այո, Կողբի համայնքապետը եւ երկու ավագանիներն էին մասնակցում: Դրանում ինչ-որ արտառոց բան չեմ տեսնում: Մարդիկ դիրքորոշում են հայտնել, որն, անկեղծ ասած, զարմանալի չէ:

-Իսկ Ս. Սարգսյանի հրաժարականի փաստն ինչպե՞ս եք գնահատում: Արդյո՞ք պետք չէր ավելի շուտ այդ քայլին գնալ:

-Շուտ-ուշը հարաբերական է: Միգուցե ավելի շուտ հրաժարվեց, միգուցե ուշ հրաժարվեր: Այսինքն` եկավ մի իրավիճակ, որը բխում էր ՀՀ բնակչության շահերից, եւ այդ պահին կուսակցության ղեկավարը հարկ համարեց հրաժարական տալ:

-Դուք ինքներդ ինչո՞ւ դուրս չեկաք պայքարի. ՀՀԿ-ում խնդիրնե՞ր կունենայիք:

-Ոչ մի խնդիր չի կարող առաջանալ: Այնպես չի, որ մենք մեր ժողովրդի հետ չենք եղել կամ նոր պիտի միանանք մեր ժողովրդին: Մենք միշտ էլ եղել ենք ժողովրդի հետ: Հատկապես որ մարզի սահմանամերձ համայնքներում թե՛ սոցիալական, թե՛ տնտեսության զարգացման առումով մեծ ծրագրեր են կատարվել:

Հ.Գ. Ի դեպ, օրերս, երբ դեռ հայտնի չէր՝ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի, թե ոչ, Լոռու մարզպետ, ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանն ասել էր, թե ինքը չի աշխատի Նիկոլ Փաշինյանի կառավարությունում: Հիմա քաղաքական իրավիճակ է փոխվել: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը Նալբանդյանի հետ փորձեց այս թեմայով զրուցել, սակայն լսելով հարցը` նա անջատեց հեռախոսը:

զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս