«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է 2017 թվականի սեպտեմբերի 14-ին Վերնիսաժում կրակոցների գործով կալանքի տակ գտնվող Ռաֆայել Խաչատրյանի մասով քրեական գործի նախաքննությունը: Ասել է, թե իրավապահ համակարգը չսպասեց այս գործով հետախուզման մեջ գտնվող եւ Վրաստանում հայտնաբերված մեղադրյալներին Հայաստան տեղափոխելուն եւ Ռաֆիկ Խաչատրյանի մասով քրեական գործը ուղարկեց դատարան:
Հիշեցնենք, որ Վերնիսաժի կրակոցների գործից անցել է 8 ամիս, եւ դեռեւս իրավապահները Վրաստանից Հայաստան չեն տեղափոխել մեղադրյալներին՝ Ալբերտ Բլբուլյանին եւ Արմեն Կարադավիդովին, որոնց կրակոցների արդյունքում սպանվել էր Ալավերդի քաղաքի բնակիչ Գագիկ Մոսիյանը: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն փոփոխել է Ռաֆիկ Խաչատրյանի մեղադրանքը: Սկզբում նրան մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, օժանդակելու, ապօրինի զենք պահելու, կրելու համար, սակայն մեզ հայտնի դարձավ, որ նախաքննություն իրականացնող մարմինը նրան ընդամենը մեղադրանք է առաջադրել ապօրինի զենք տեղափոխելու համար: