Փաշինյանը կարծես «Եդինայա Ռոսիայի» հետ էր հանդիպել. Եղիշե Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տիրող ներքին քաղաքական կյանքի, թավշյա հեղափոխությանը հաջորդած իրադարձությունների, մեր հետագա անելիքների եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երաժիշտ, երգահան, «Հոգեւոր Հայաստան» նախաձեռնության անդամ Եղիշե Պետրոսյանի հետ: Նա նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ճիշտ ուղու վրա է, քանի որ իր քայլերը կառուցում է համերաշխության մթնոլորտում:

-Պարո՛ն Պետրոսյան, ապրիլի 30-ին Նիկոլ Փաշինյանը, ով «Ելք» դաշինքի կողմից առաջադրվելու է վարչապետի պաշտոնում, հանդիպում ունեցավ հանրապետական խմբակցության պատգամավորների հետ: Ի՞նչ տպավորություն ունեք տեղի ունեցած հարցուպատասխանից:

-Տպավորությունս այնպիսին էր, ոնց որ Նիկոլը գնացել էր աղջիկ ուզելու, իրենք էլ հարցուփորձ էին անում, թե աշխատանք, ժառանգություն ունի՞: Դա շատ անդուր էր: Կարծես վերջին անգամ ուզում էին ասել, որ իրենք շատ կարեւոր են:

-Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց, օրինակ, «Նաիրիտի» վերագործարկման ժամկետների մասին: Ի՞նչ կասեք:

-Հիմար հարց էր, որովհետեւ «Նաիրիտի» թեման բավական երկար ժամանակ է՝ բերվում է օրակարգ, պարզ է, որ սարսափելի մեծ թալան է արվել, եւ այդ խնդրին չի կարող միանգամից լուծում տրվել: Մարդը դեռ վարչապետի թեկնածու է, նրանից ժամկետներ են ուզում: Հիմա ես եմ հակադարձում՝ դուք, որ իշխանություն էիք, ամեն ինչ օդում էիք խոսում, հիմա, դեռ վարչապետ չդարձած՝ մարդուց ի՞նչ ժամկետներ եք ուզում: Ինձ դուր չեկավ նաեւ այն հանգամանքը, որ հանրապետական պատգամավորները մեկը մյուսի ետեւից անընդհատ ռուսների հետ հարաբերությունների թեման էին բացում: Ուզում եմ հարցնել՝ ուրիշ մտածելու բան չունե՞ք: Նիկոլ Փաշինյանը հարյուր անգամ մամուլի առաջ ասել էր, որ ինքը ոչ ռուսամետ է, ոչ ամերիկամետ, ինքը հայամետ է: Տպավորությունս այնպիսին էր, որ Փաշինյանը ԱԺ-ում հանդիպել էր «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամների հետ:

-Ըստ Ձեզ՝ հիմա Նիկոլ Փաշինյանի հիմնական անելիքը ո՞րը պետք է լինի:

-Կարծում եմ՝ նա շատ ճիշտ ճանապարհի վրա է, ուզում է ամեն ինչ համերաշխության մթնոլորտում, պոզիտիվի վրա կառուցել: Շատ կարեւոր բան է դա, որպեսզի սաբոտաժ չլինի: Հիմա պետք է կայացնել պետական ինստիտուտները՝ արդարադատության, ոստիկանության, էկոնոմիկայի եւ այլ ոլորտները: Ամեն ինչ պետք է անել՝ մեր անվտանգության հարցը առաջին պլանում պահելու համար:

-Վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ում քննարկվելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Այդ օրը պետք է դրվեն այն կարեւորագույն մեխերը, որոնք կհանդիսանան պետականության սյուները: Մենք պետք է արժանավայել ընտրություններ ունենանք: Դրա համար հարկավոր է նախօրոք փոխել ընտրական օրենսգիրքը, այսինքն՝ բոլոր այն թակարդները, որոնցից միշտ օգտվել է իշխող կուսակցությունը, պետք է մաքրել, գոնե մի անգամ արդար ընտրություն անցկացնել Ազգային ժողովում, ընտրյալներից էլ պահանջել այն ամենը, ինչ պետք է: Պետականության կառուցման գործում պետք է անպայման ներգրավել համայն հայության ինտելեկտուալ, ֆինանսական ներուժը, այն, ինչ հնարավոր է: Այդ ամենի արդյունքում կունենանք հրաշալի թռիչք, բայց դրան պետք է գնալ դանդաղ:

-Հիմա ժողովուրդն ի՞նչ պետք է անի:

-Պետք է շարունակի սատարել իր թեկնածուին, իր ողջ պոտենցիալը պետք է ներդնի դրա համար, շարունակի պահել խաղաղ մթնոլորտը, չդավաճանի իր խղճին: Այս ամենի արդյունքը արդար ընտրությունների միջոցով Ազգային Ժողով ձեւավորելը պետք է լինի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս