«Մեկ ամիս, նույնիսկ տասը օր առաջ նման զարգացումներ ակնկալել չէի կարող, բայց վերջին օրերին արդեն վստահ էի, որ եթե մեկս մյուսիս ձեռքը բռնենք, ամեն ինչ ավելի լավ է լինելու, քան մենք կարող ենք պատկերացնել»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասանուհի Էվա Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժմանը:
Նրա խոսքով՝ եղել են մարդիկ, որոնք խորհուրդ են տվել իրեն հեռու մնալ ընդդիմադիր դիրքորոշում արտահայտելուց, բայց դա դերասանուհուն չի վախեցրել. «Ամեն դեպքում, հպարտ եմ, որ Կամերային պետական թատրոնում, որտեղ աշխատում եմ, որեւէ կերպ ճնշումներ չեն լինում, ես ժողովրդի մի մասնիկն եմ եւ չէի կարող չլինել նրա կողքին: Կարծում եմ՝ յուրաքանչյուրը, ով ստեղծագործում է ժողովրդի համար, ով առանց այդ ժողովրդի գոյություն չունի, պարտավոր է լինել նրա կողքին: Ցավում եմ, երբ տեսնում եմ, որ մեր ոլորտից շատերն անտարբեր են երկրում տիրող իրադարձությունների հանդեպ: Ինձ հաճախ հարցնում են՝ չե՞ս վախենում, որ գուցե բան չփոխվի, ու դու տուժես դրանից: Ես էլ ասում եմ, որ վախկոտ մարդը ամենաչստացված մարդն է. եթե չընդվզես, ոչնչի չես հասնի»,-մեկնաբանեց դերասանուհին:
Նրա համոզմամբ՝ հնարավոր չէ վճռորոշ պահերին, երբ ողջ հայ ժողովուրդը, այդ թվում՝ սփյուռքն է ոտքի կանգնել, լռել ու հետ քաշվել. «Ուղղակի սիրտդ կպայթի: Զարմանում եմ՝ ինչպես են շատերը լռել ու ընդհատակ անցել: Ոմանք էլ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո միայն սկսեցին շնորհավորել ժողովրդին՝ մոռանալով, որ իրենք այդ ժողովրդի կողքին չեն կանգնել»,-շեշտեց Էվան:
Նա վստահ է՝ վարչապետի պաշտոնում միակ արժանի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է. «Այդ պահին չեմ տեսնում քաղաքական որեւէ այլ ուժ, որեւէ այլ գործիչ, որը կարող էր ազգի համար նման քայլերի գնալ: Այդ մարդու մեջ հոգու ուժ կա, որը երբեք որեւէ այլ քաղաքական գործչի մեջ չեմ տեսել: Հասարակությունից դուրս եկող էներգետիկան ցրեց այն ամպերը, որոնք կուտակվել էին տարիներ շարունակ: Ես վստահ եմ, որ վաղն էլ ոտքի ենք կանգնելու, քանի որ յուրաքանչյուրս պարտավոր ենք պայքարել մեր ապագայի համար»,-եզրափակեց Էվան:
Աննա Բաբաջանյան