Երեւանի հասարակական տրանսպորտն արդեն մի քանի օր է՝ դարձել է ոստիկանների փոխադրամիջոցը: Ավտոբուսները «գծից դուրս են բերվում» եւ հատուկ ռեժիմով պահպանվող պետական գերատեսչությունների շենքերի մոտ ոստիկանների տեղափոխում, իհարկե, համարանիշները հանած: Այդ ավտոբուսները վարում են ոստիկանները /շատ դեպքերում չունենալով դրա համար պահանջվող վարորդական վկայական/, քանի որ ավտոբուսների վարորդներից շատերն այս օրերին հրաժարվել են նրանց ծառայություն մատուցելուց:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «գծից հանված» ավտոբուսները հաշվարկած են «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաշվեկշռում: Ըստ որոշ տեղեկությունների` ոստիկաններին քաղաքային ավտոբուսներով տեղափոխման հրահանգը տվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարն անջատված էր: Ի դեպ, վերջին օրերին քաղաքապետարանի պաշտոնյաները կարծես թե ընդհատակ են անցել: