ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Լոռու մարզի քաղաքային ու գյուղական համայնքների մի շարք ճանապարհներ անանցանելի են: Այս պահին փակ է Սպիտակ-Երևան միջպետական նշանակություն ունեցող մայրուղին, Սպիտակ-Վանաձոր, Սպիտակ-Երևան միջքաղաքային տրանսպորտը չի գործում:
«Իմ քայլը» նախաձեռնության ցուցարարները Վանաձորի կենտրոնական ճանապարհներն ու խաչմերուկները վաղ առավոտից շարունակում են շրջափակած պահել: Այստեղ շարժմանն են կրկին միացել «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները, տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ, որոնք գործադուլ են հայտարարել:
Նույն իրավիճակն է տիրում նաև Սպիտակ քաղաքում: Տեղի ճանապարհները շրջափակած ցուցարարները գնացել են քաղաքապետարան, աշխատակիցներին կոչ արել միանալ իրենց ու համընդհանուր գործադուլին, ինչը ապարդյուն է եղել: Քաղաքապետ Գագիկ Սահակյանը հանդիպել է ցուցարարներին և պարզաբանել, որ քաղաքացիները տարաբնույթ հարցերով իրենց են դիմում, ուստի չեն կարող դադարեցնել բնականոն աշխատանքը:
Սպիտակի այն դպրոցների աշխատակիցները, որոնք մինչ այս անհաղորդ էին մնում քաղաքացիական խաղաղ անհնազանդությանը, այսօր ցուցարաների համառության շնորհիվ միացել են շարժմանը: Ավագ ու հիմնական դպրոցների տասնյակ ուսուցիչներ ևս միացել են, նրանցից մի քանիսն էլ հրաժարվել է ՀՀԿ անդամակցությունից: Ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Հայկանուշ Ռստակյանն էլ հայտարարել է, որ ինքը կուսակցական չի, բայց երկրապահի հուշամեդալ ունի և այսուհետ հրաժարվում է դրանից:
Այս պահին կենտրոնական հրապարակում ուրախ տրամադրություն է տիրում, հավաքվածները շուրջպար ու քոչարի են պարում, հնչում են ազգային երգեր ու շարժման հիթ դաձած կատարումներ:
Մարջան Չոբանյան
Լոռի