Նիկոլ Փաշինյանը հանրության ընկալումներում ամրապնդեց քաղաքական գործչի իր կերպարը. Ժակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀԿ-ականների՝ Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկելը դեմ էր հենց մեր ազգային անվտանգությանը, որի կարեւորության մասին այդքան խոսում էին հանրապետականները, քանի որ հանրապետությունում այս լարված մթնոլորտը պահելը չի բխում ազգային անվտանգության շահերից, ինչպե՞ս կարելի էր այսքան սառնասրտորեն դեմ գնալ ժողովրդի պահանջին»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց ռադիո եւ հեռուստահաղորդավար Ժակը (Հակոբ Պապիկյան)՝ անդրադառնալով այն փաստին, որ երեկ իրավունքի ուժով գումարված հատուկ նիստին Ազգային ժողովը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետի թեկնածու՝ 45 կողմ, 55 դեմ քվեարկությամբ:

Ժակի համոզմամբ՝ հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարողացավ դիմակայել, իր որակմամբ, բոլոր այն ճնշումներին, որոնք արհեստական էին եւ ոչ տեղին, որոշ դեպքերում անգամ՝ զավեշտալի. «Նիկոլ Փաշինյանը հանրության ընկալումներում ամրապնդեց քաղաքական գործչի իր կերպարը, հետագա քայլերն արդեն կկանխորոշի հենց ինքը՝ շարժման առաջնորդը»,-ասաց մեր զրուցակիցը:
Նա բնական համարեց այն հանգամանքը, որ հանրապետականները չեն ուզում հրաժարվել իրենց պաշտոններից. «Զավեշտալի է, որ նրանք Փաշինյանին այնպիսի հարցադրումներ են անում, որոնք արժանանում են հումորային մեկնաբանությունների, քիչ է մնում հարցնեն՝ ինչու է աղմկում գետը»,-նկատեց Ժակը:

Նրա խոսքով՝ իշխող կուսակցությունը պետք է հաշվի նստի այն բազմության հետ, որը դեմ է իրեն. «Շուրջ 100 հազար հոգի փողոց է դուրս եկել (ի դեպ, ՀՀԿ-ականները փորձում են պակաս ներկայացնել այդ թիվը-Ժակ), շատ ավելի մեծ թվով մարդիկ էլ դուրս չեն եկել, բայց համակարծիք են ցուցարարների հետ»,-շեշտեց հաղորդավարը:
Նա ընդգծեց՝ եթե Աստված չանի՝ ժողովուրդը հուսահատվի, մենք անորոշ ժամանակով ետ կմղենք մեր երկրի զարգացումը. «Թվում էր, թե ապատիա է համակել մեր ժողովրդին, բայց ոչ, մեր մեջ վերածնված կայծն իսկապես ապշեցնող էր: Հիմա ամենավատն այն կլինի, եթե այդ կայծը փորձեն մարել»,-եզրափակեց Ժակը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս